Զարգացող ամնեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պրոգրեսիվ ամնեզիաից)

Զարգացող ամնեզիա կամ պրոգրեսիվ ամնեզիա, ամնեզիայի տեսակ է, որին բնորոշ է հիշողության աստիճանական, անվերադարձ և խորացող կորստով։ Այս խանգարումը բնորոշ է տարբեր թուլամտությունների, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությանը, անոթային թուլամտությանը և այլն։ Այս խանգարման ոչ ախտաբանական դրսևորումներից են ծերունիների մոտ հաճախ դիտվող հիշողության առանձնահատկությունները՝ անցյալը լավ են հիշում, ավելի գունեղ, իսկ ներկան՝ վատ ու մռայլ։ Հիշողության կորուստն ընթանում է ըստ «Ռիբոյի օրինաչափության»։ Ֆրանսիացի գիտնական Ռիբոն հաստատել է, որ սկզբնական շրջանում թուլամտությամբ տառապող մարդկանց հիշողությունը թուլանում է կյանքի վերջին շրջանի դեպքերի հանդեպ։ Ավելի վաղ շրջանի փորձը մոռացվում է ավելի ուշ։ Պրոգրեսիվ ամնեզիան ընթանում է փուլերով։ Առաջին ախտանիշներից է մոռացկոտությունը՝ անէքվորիայի նշաններով։ Հետագայում ի հայտ է գալիս ֆիքսացիոն հիպոմնեզիա, որը միտված է աստիճանական աճի։ Սրա արդյունքում հիշողությունից սկսում են վրիպել ավելի շատ ընթացիկ փաստեր և իրադարձություններ։ Այնուհետև գործընթացը աստիճանաբար տարածվում է նաև անցյալի հիշողությունների վրա, սկզբում ընդգրկելով վերջին շրջանի իրադարձությունները, հետո՝ ավելի ու ավելի վաղ ժամանակահատվածներ։ Առաջին հերթին՝ հիվանդները մոռանում են «ժամանակը», իսկ հետո բովանդակությունը։ Հիշողությունից ամենավերջում ջնջվում է այն, ինչ ձեռք է բերվել կյանքի վաղ շրջանում, ամրացել է և ավտոմատիզացվել։ Կարող է ձևավորվել փաստերի և իրադարձությունների խորը ամնեզիա, սակայն պահպանվել աֆեկտիվ կամ հուզական հիշողությունը։ Աստիճանաբար հիշողությունից ջնջվում է նաև «հուզականը» և մնում է «պարզագույն հմտությունների հիշողությունը», որի խանգարումները արտահայտվում են ապրաքսիայի ձևով[1]։

Պրոգրեսիվ ամնեզիայի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոգրեսիվ ամնեզիան դիտվում է հիմնականում

  • գլխուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ, որոնք ընթանում են թուլամտությամբ, անձի օրգանական խանգարումներով, հետէնցեֆալիկ և հետկոմային համախտանիշներով
  • գիտակցության մթնշաղային խանգարումների ժամանակ
  • ծանր տենդերի և երազանման խանգարումների ժամանակ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուքիասյան Ս. Հ., Մարգարյան Ս. Պ. Հոգեբուժություն. Մաս 1. Երևան 2006