Պսեֆելուս Դեբեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսեֆելուս դեբեդի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Psephellus
Տեսակ Պսեֆելուս դեբեդի (P. debedicus)
Միջազգային անվանում
Psephellus debedicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Պսեֆելուս Դեբեդի (լատին․՝ Psephellus debedicus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որի բարձրությունը հասնում է 70-105 սմ-ի։ Արմատամերձ և ստորին ցողունային տերևներն ունեն 24-42 սմ երկարություն և փետրաձև հատված են, միջինները ամբողջական են կամ 3-5 նեղ-նշտարաձև բլթակներով, վերինները՝ ամբողջական։ Զամբյուղները միայնակ են, գագաթնային, եզրային ծաղիկների հետ միասին 3-4 սմ տրամագծով։ Ծաղիկները վարդագույն են, եզրայինները՝ մեծացած, 5 (7) նեղ-բլթակավոր։ Սպին վերևում 2 բթավուն բլթակներով է, ներքևում՝ լայնացած, կարճ մազիկներով։ Սերմնիկների երկարությունը 4-5 մմ է, լայնությունը՝ 2-2,5 մմ, բաց դարչնագույն են, իսկ պապուսի երկարությունը՝ 1-1,5 մմ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք, Սևանի լեռնանցք, Դեբեդ, Ձորագետ, Դսեղ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի՝ ծովի մակարդակից 900-2000 մ բարձրությունների վրա, տափաստանում, մարգագետնատափաստանում, թփուտների մացառուտներում, անտառի եզրերին և բացատներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հյուսիսային Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.