Jump to content

Պսամետիհ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսամետիհ III
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 525
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունպետական գործիչ
Ծնողներհայր՝ Ամասիս II[1], մայր՝ Tentkheta?
Զբաղեցրած պաշտոններՓարավոն
 Psammetichus III Վիքիպահեստում

Պսամետիհ III, ով հայտնի է նաև որպես Պսամտիկոս III (ամբողջական անունը` Անկխկաենռա Պսամետիհ III) Հին Եգիպտոսի Ուշ թագավորության XXVI արքայատոհմի վերջին փարավոնն է եղել և կառավարել է մ.թ.ա. 526-525 թվականներին։ Նա Աբ Մոսեի (Ամասիս II) որդին էր։

Կառավարում։ Պատերազմ Պարսկաստանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսամետիհ III կառավարման ժամանակ պարսիկները հարձակվեցին Եգիպտոսի վրա։ Իր ուժերը կենտրոնացնելով Պաղեստինում, Պարսից արքա Կամբյուսես II համաձայնության եկավ արաբական քոչվորների հետ, որոնց ձեռքում էր գտնվում Սինայի անապատից դեպի եգիպտական սահմանները ձգվող ուղիները։ Այդ համաձայնության շնորհիվ Կամբյուսեսն իր զորքին ապահովում է խմելու ջրով, որը բերվում էր ուղտերի միջոցով։ Պարսիկները ծովում չունեին իրենց նավատորմը, սակայն նրանք ակտիվորեն կիրառում էին փյունիկական, ինչպես նաև հունական նավերը։

Բացի այդ, եգիպտացիների ծովային ուժերի հրամանատար Ուջախորեսենտը չէր թաքցնում իր դավաճանական կեցվածքը։ Իր նոթերում նա անկեղծորեն նկարագրում է պարսից արքաների բարեգթությունը, ինչպես նաև նրանց կողմից ստացած նվերների և շնորհների մասին, ինչը բավականին կասկածելի է։ Պարսիկների կողմն էր անցել նաև Եգիպտոսում գտնվող հույն վարձկանների հրամանատար Ֆանեսը, ով զավթիչներին անփոխարինելի ծառայություններ է մատուցել։ Սակայն հույն վարձկանները` պահպանելով փարավոնի հանդեպ հավատարմությունը, սպանում են իրենց հրամանատարի որդիներին, ովքեր լիովին անմեղ էին։

Չնայած աննպաստ իրադրությանը, եգիպտական բանակը սահմանային Պելուսիում քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թշնամուն արժանի դիմադրություն է ցույց տալիս։ 70 տարի հետո Հերոդոտոսը մանրակրկտորեն հետազոտում է մարտի դաշտը և հայտնաբերում մեծ թվով սպանվածների մնացորդներ։

Պոլիենուսը նույնիսկ հումորով ասել է.

Պարսիկները տիրացան Պելուսիումին շնորհիվ այն բանի, որ եգիպտացիները խոնարհվում էին իրենց համար սրբություններ հանդիսացող կատուներին, խոյերին և շներին[2]։ Պարսիկներն այդ կենդանիներն տանում էին զորքի դիմացով` որպես կենդանի վահան[3][4], որի պատճառով եգիպտացիները, նրանց չվնասելու համար, չնետահարեցին թշնամու զորքը։

Այդ ճակատամարտում պարսիկներին հաջողվում է կոտրել եգիպտացիների դիմադրությունը, ինչը նրանց հետագա հաջողությունների գլխավոր երաշխիքներից մեկն էր։

Մ.թ.ա. 525 թվականի մայիսին գրավվում է Մեմֆիսը, որտեղ պարսիկները դաժան հաշվեհարդար են տեսնում. 2000 բնակիչ, այդ թվում նաև Պսամետիհի որդին, գլխատվում են, սակայն իրեն` Պսամետիհին խնայում են։ Դրանից հետո Կամբյուսես II թագադրվում է որպես փարավոն` կրելով «Եգիպտոսի արքա, երկրի արքա» տիտղոսը (մ.թ.ա 525 թվականի օգոստոս)։

Նուբիայի դեմ Կամբյուսեսի ձեռնարկած արշավանքի ձախողումից օգտվելով` Պսամետիհը ապստամբում է պարսիկների դեմ։ Մ.թ.ա. 524 թվականին Կամբյուսեսը հաղթանակած վերադառնում է Մեմֆիս, որտեղ գլխատում է Պսամետիհին և մյուս ապստամբենրին։ Եգիպտոսում կառավարիչ է նշանակվում պարսիկ Արիանդոսը։

Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության երրորդ գրքում նկարագրում է Կամբյուսեսի` վերջին եգիպտացի փարավոնի (հաշվի չառնելով պարսկական տիրապետությունից հետո 3 դինաստիաներին) ընտանիքի անդամների հանդեպ իրագործած դաժանությունները։ Պսամետիհի դուստրը ստրկության է վաճառվում, որդին մահվան է դատապարտվում և քառատվում։ Իսկ ապստամբած Պսամետիհը դատապարտվում է խմել ցլի արյուն, ինչի արդյունքում նա վախճանվում է մ.թ.ա. 523 թվականին։ Սեկստոս Աֆրիկացին` վկայակոչելով Մանեթոնին, նշում է, որ Պսամետիհ III (Պսամեհերիտես) կառավարել է 6 ամիս։ Իսկ Եվսեբիոս Կեսարացին ընդհանրապես չի հիշատակում Պսամետիհ III փարավոնին[5]։