Պուտիլովյան գործադուլ (1905)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պուտիլովյան գործադուլ (1905), Ռուսաստանում ստեղծված հեղափոխական իրադրության պայմաններում Պետերբուրգի մետալուրգիական և մեքենաշինական Պուտիլովյան (այժմ՝ Լենինգրադի Կիրովի անվան) գործարանի բանվորների (ավելի քան 12 հազար մարդ) գործադուլը։

Առիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առիթը գործարանից 4 բանվորների հեռացումն էր։ Պուտիլովականները 1904 թ. դեկտեմբերի 29-ին պահանջեցին վերականգնել բանվորներին և աշխատանքից ազատել նրանց հեռացնող վարպետին։ Գործարանի վարչությունը մերժեց բանվորների պահանջը։ 1905 թվականի հունվարի 2-ին պուտիլովյան և այլ գործարանների բանվորները մշակեցին նոր պահանջներ․

  • 8-ժամյա աշխատանքային օր,
  • նվազագույն աշխատավարձի սահմանում և այլն։

Վարչությունը չնդունեց նաև այս պահանջները։ Հունվարի 3-ին սկսվեց գործադուլը։ ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեն միջոցներ ձեռք առավ, որպեսզի պուտիլովականների գործադուլը վերածվի քաղաքի բանվորների համընդհանուր գործադուլի։

Հունվարի 4-ին պուտիլովականներին միացան քաղաքի մի շարք գործարանների ու ֆաբրիկաների բանվորներ։ Հունվարի 7-8-ին գործադուլը դարձավ համընդհանուր՝ ոչ լրիվ տվյալներով ընդգրկելով 456 ձեռնարկության 113 հազար (այլ տվյալներով՝ 150 հազար) բանվորներ։ Այդ օրերին Պետերբուրգում լույս չէին տեսնում թերթեր, արտադրություն և առևտուր կյանքը ջլատվել էր։

Պուտիլովականները մասնակցեցին ցարին ուղղված խնդրագիր կազմելուն և դեպի Ձմեռային պալատ 1905 թ. հունվարի 9-ի խաղաղ երթին։

Երթի գնդակոծումը (45 պուտիլովական սպանվեց, 61-ը՝ ծանր վիրավորվեց) ուժեղացրեց բանվորների հուզումները։ Պուտիլովյան գործարանում աշխատանքները վերականգնվեցին միայն հունվարի 18-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 465 CC-BY-SA-icon-80x15.png