Պորտալ:Վայոց ձոր/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում): Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 %-ից ավելի): Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։ (մանրամասն...)