Պորտալ:Միջնադար/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թովմա Աքվինացի (լատ.՝ Thomas Aquinas, իտալ.՝ Tommaso d'Aquino, հունվարի 25, 1225, Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն - մարտի 7, 1274, Ֆասսանովա աբբայություն, Հռոմ, Պապական մարզ), իտալացի աստվածաբան, փիլիսոփա, օրթոդոքսալ (ուղղափառ) սխոլաստիկայի համակարգող, կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, «princeps philosophorum» («փիլիսոփաների արքայազն»), թոմիզմի փիլիսոփայական ուղղության հիմնադիր, դոմինիկյան միաբանության անդամ, 1879 թ-ից ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփա։ Կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Ձևակերպել է Աստծո գոյության հինգ ապացույցները։ Ընդունելով բնական գոյության և մարդկային բանականության համեմատական ինքնուրույնությունը՝ գտնում էր, որ բնությունն ավարտվում է վերին օգնության, բանականությունը՝ հավատի, գոյի զուգադրության վրա հիմնված փիլիսոփայական իմացությունն ու բնական աստվածաբանությունը՝ գերբնական հայտնության մեջ։

Եղել է բնական աստվածաբանության գլխավոր, դասական ջատագովը, թոմիզմի հայրը: Արևմուտքի մտքի վրա նրա ազդեցությունը նկատելի է. արդի փիլիսոփայության զգալի մասը զարգացրել է նրա գաղափարները կամ հակադրվել դրանց՝ հատկապես բարոյագիտության, բնական օրենքի, մետաֆիզիկայի և քաղաքագիտության տեսության բնագավառներում: Ի տարբերություն այն ժամանակներում եկեղեցում տարածում գտած շատ հոսանքների՝ Թովման վերցրեց Արիստոտելի առաջ քաշած մի շարք գաղափարներ և փորձեց դրանք սինթեզել քրիստոնեության սկզբունքների հետ: Նրա ամենահայտնի աշխատություններն են «Disputed Questions on Truth» (1256-59), «Summa contra Gentiles» (1259-1265) և Summa Theologiae (1265-1274): Աքվինացու գրավոր ժառանգության կարևոր մասն են կազմում նաև Սուրբ գրքի և Արիստոտելի աշխատությունների նրա մեկնությունները: Բացի այդ, հորինել է օրհներգություններ, որոնք կաթոլիկ եկեղեցու պատարագի մասն են կազմում առ այսօր  Կաթոլիկ եկեղեցին Թովմա Աքվինացուն պատվում է որպես սուրբի և նրան համարում տիպար ուսուցիչ բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Սուրբ ուսմունքը , փիլիսոփայություն, կաթոլիկ աստվածաբանություն, եկեղեցու պատմություն, պատարագ, կանոնական իրավունք՝ եկեղեցում ծառայության մտնելու նպատակով: