Պորտալ:Հին Հռոմ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գայոս Հուլիոս Կեսար (լատին․՝ Gaius Iulius Caesar) (մ.թ.ա. 102 կամ 100 - մարտի 15, մ.թ.ա. 44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։

Հռոմեական դրամ Հուլիոս Կեսարի պատկերով

Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։