Պորտալ:Կոտայքի մարզ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրազդան, գետ Հայաստանում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ (մանրամասն...)