Պորտալ:Արևմտյան Հայաստան/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան Հայաստան (նաև Թուրքահայաստան կամ Տաճկահայաստան), 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած բնիկ հայկական տարածքն է: 1555 թվականին Ամասիայի պայանագրով Արևմտյան Հայաստանը ընկել է օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ:

1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը `նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասը ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է էրմանիստան:

Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ: Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920): Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթներից մասեր `դեպի ծով ելք ունենալու պայմանով: Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից` անցկացնել սահմանագծում:

1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն `հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմաբ բոլոր իրավունքներից: Սակայն Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ `ծպտված համաշխարհային հեղափոխոխության առաջամարտիկի դիմակով: