Պորտալ:Արևմտյան Հայաստան/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անի, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ): Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ):