Պոլ Մորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Մորիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Paul Mauriat
Ծնվել էմարտի 4, 1925(1925-03-04)[1][2]
Մարսել
Երկիր Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 3, 2006(2006-11-03)[3][1][2] (81 տարեկան)
Պերպինյան
Ժանրերթեթև երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահար և բենդ-լիդեր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլUniversal Music Group
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Կայքpaul-mauriat.com
 Paul Mauriat Վիքիպահեստում

Պոլ Մորիա (ֆր.՝ Paul Mauriat, մարտի 4, 1925, Մարսել, Ֆրանսիա - նոյեմբերի 3, 2006, Պերպինյան, Ֆրանսիա), ֆրանսիացի կոմպոզիտոր, վերադաշնակող, գործիքավորող և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Մորիան ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ավարտել է Մարսելի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ 17 տարեկանում ստեղծել է իր առաջին նվագախումբը։ 1957 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել Barclay ձայնագրման գործակալությունում ` որպես գործիքավորող։ Տարբեր տարիների աշխատել է Շառլ Ազնավուրի, Դալիդայի, Մորիս Շևալյեի, Լեո Ֆերրեի, Լենի Էսկյուդերոյի և բազմաթիվ այլ էստրադային կատարողների հետ։ Շառլ Ազնավուրի հետ աշխատելու ընթացքում միասին ստեղծել են ավելի քան 120 երգ։

1962 թվականին Պոլ Մորիան ստեղծել է իր առաջին միջազգային հիթը` «Chariot»-ը (անգլ. «I will follow him»)։ Դա նրա համատեղ աշխատանքն էր ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանկ Պուրսելի հետ։ 1964 և 1965 թվականներին ֆրանսիացի մեկ այլ կոմպոզիտորի՝ Ռայմոն Լեֆևրի հետ միասին, նա ստեղծել է «Ժանդարմը Սեն-Տրոպեից» և «Ժանդարմը Նյու-Յորքում» կինոկատակերգությունների երաժշտությունը։

1965 թվականին Պոլ Մորիան ստեղծել է իր նվագախումբը, որի հետ երկար տարիներ ձայնագրել է հանրահայտ երգերի գործիքային տարբերակները և վերամշակել դասական երաժշտություններ։ 1966 թվականին նա Միրեյ Մաթյոի երաժշտական տնօրենն էր։ Բանաստեղծ Անդրե Պասկալի հետ միասին ստեղծել է նրա գլխավոր հիթը՝ «Mon credo»: Միրեյ Մաթյոի հետ մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում նա ստեղծել է մոտ 50 երգ։ 1968 թվականին «L’amour est bleu» («Love is Blue») երգի նվագախմբի տարբերակը շատ երկրներում գլխավորում էր հիթ-շքերթները։

1969 թվականից սկսած, Պոլ Մորիան իր համերգային շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Բրազիլիայում, Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ԽՍՀՄ-ում և այլուր։ ԽՍՀՄ-ում Պոլ Մորիայի նվագախմբի կատարած երաժշտությունը հաճախ հնչում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Այնպիսի հեռուստատեսային հաղորդումներ, ինչպիսիք էին «Կենդանիների աշխարհում» հաղորդումը՝ հնչում էր «Alouette» («Արտույտը») երաժշտական ստեղծագործությունը, իսկ «Կինոհամայնապատկեր» հաղորդման ընթացքում հնչում էր «Pardonne-moi ce caprice d’enfant» («Ներիր ինձ այդ մանկական քմահաճույքի համար») ստեղծագործությունը։ «Ժամանակ» լրատվական հաղորդման վերջում, եղանակի տեսությունը ուղեկցվում էր «Yesterday», «Abrazame», «Toccata», «Un étranger sur la terre» և այլ երաժշտական կատարումներով։ Պոլ Մորիայի որոշ երաժշտական գործեր հնչում էին նաև խորհրդային մուլտֆիլմերում։

Նրա նվագախմբի վերջին ալբոմը՝ «Romantic», ձայնագրվել է 1997 թվականին։ 1998 թվականին Պոլ Մորիան ավարտել է իր ակտիվ համերգային գործունեությունը։ Նվագախմբի նոր դիրիժոր դարձավ տաղանդավոր դաշնակահար Ժիլ Գամբյուսը, ով երկար տարիներ աշխատել էր նվագախմբում։

Պոլ Մորիան մահացել է 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ 81 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող Պերպինյան քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]