Պոլիկոնդեսացում
Պոլիկոնդեսացում, պոլիկոնդենսում (< պոլի․․․ և լատ․ կոնդենսացում), բազմաֆունկցիոնալ մոնոմերային միացություններից պոլիմերների ստացման պրոցես, որն ուղեկցվում է ցածրմոլեկուլային կողմնակի միացության առաջացմամբ։ Պոլիկոնդեսացման օրինակ է պոլիէսթերների ստացումը գլիկոլների և երկկարբոնաթթուների փոխազդեցությամբ՝ ։
Եթե պոլիկոնդեսացմանը մասնակցում են հնարավոր նվազագույն թվով մոնոմերներ (հաճախ երկու), ապա այն կոչվում է հոմոպոլիկոնդենսում, որևէ այլ՝ լրացուցիչ մոնոմերի մասնակցության դեպքում՝ համապոլիկոնդենսում։ Երկֆունկցիոնալ մոնոմերների պոլիկոնդեսացիայից առաջանում են գծային պոլիմերներ (գծային պոլիկոնդեսացում), երեք և ավելի ֆունկցիոնալ խմբեր պարունակող մոնոմերներից՝ տարածական՝ եռաչափ պոլիմերներ (եռաչափ պոլիկոնդեսացում)։ Հաճախ պոլիկոնդեսացումը ուղեկցվում է կողմնակի ռեակցիաներով (մակրոմոլեկուլների դեստրուկցիա, ներմոլեկուլային օղակների առաջացում, խառնուրդների փոխազդեցություններ մոնոմերների և օլիգոմերների հետ ևն), այդ դեպքում պոլիմերի ելքը, մոլեկուլային զանգվածը ևն պայմանավորված են պոլիկոնդեսացման և կողմնակի ռեակցիաների արագությունների հարաբերությամբ։ Պոլիկոնդեսացումը բնության մեջ տարածված և արդյունաբերական նշանակություն ունեցող երևույթ է։ Պոլիկոնդեսացման և նման ռեակցիաներն ընկած են սպիտակուցների, նուկլեինաթթուների, թաղանթանյութի և այլ կարևոր կենսապոլիմերների կենսասինթեզի հիմքում։ Արդյունաբերության մեջ պոլիկոնդեսացումը իրականացնում են հալույթում (ստացվող պոլիմերի «հալման» ջերմաստիճանից 10–20°C բարձր ջերմաստիճաններում), լուծույթում (մոնոմերները լուծված են միևնույն հեղուկ ֆազում) և երկու չխառնվող հեղուկների բաժանման մակերևույթում (միջֆազային պոլիկոնդեսացում)։ Մոնոմերների պոլիկոնդեսացմամբ են ստանում պոլիէթիլենտերեֆտալատը, պոլիկարբոնատները, ալկիդային խեժերը, պոլիամիդները, ֆենոլմրջնալդեհիդային, միզանյութ-մրջնալդեհիդային խեժերը, որոշ սիլիցիումօրգանական պոլիմերները ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 355)։ ![]() |