Պլովդիվի հռոմեական մարզադաշտ
Պլովդիվի հռոմեական մարզադաշտ | |
---|---|
Տեսակ | ancient stadium? և թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Քաղաք | Պլովդիվ |
Բնակավայր | Պլովդիվ |
կայք | |
Ancient stadium, Plovdiv Վիքիպահեստում |
Պլովդիվի հռոմեական մարզադաշտ (բուլղարերեն՝ Античен стадион (Пловдив)), հին հռոմեական մարզադաշտ, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել է բուլղարական Պլովդիվ (անտիկ ժամանակների Ֆիլիպոպոլիս) քաղաքում։ Հաշվվում է Բալկանյան թերակղզում լավագույնս պահպանված հին հռոմեական կառույցների թվում և ներկայումս համարվում է Պլովդիվի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկը։
Մարզադաշտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է մեր թվականության երկրորդ դարի սկզբներին՝ Ադրիան կայսեր (117-138) օրոք։ Ունեցել է մոտավորապես 240 մետր երկարություն, 50 մետր լայնություն, 30.000 հանդիսական տեղավորելու հնարավորություն։ Վազքուղու երկարությունը եղել է մեկ ստադիոն - 625 հռոմեական կամ 600 հունական ոտնաչափ (քայլ), այսինքն՝ մոտավորապես 180 մետր։
Հանդիսականների նստատեղերը դասավորված են եղել տասնչորս շարքով, պատրաստված են եղել 40 սանտիմետր բարձրությամբ, 75 սանտիմետր լայնությամբ մարմարե բլոկներից, դրանց երեսամասում պատկերված է եղել առյուծի ոճավորված թաթ։ Ամենավերին շարքի նստատեղերը թիկնակներ են ունեցել[1]։
Մեր թվականության չորրորդ դարում այստեղով ակվեդուկ են անցկացրել, որը պահող կամարաձև հենասյուները պահպանվել են։
Հանդիսախաղերի անցկացման նպատակով կառուցված կայսերական մյուս շինությունների պես՝ մարզադաշտում եղել են պատվավոր հանդիսականների համար նախատեսված հատուկ նստատեղեր՝ որոշակի արձանագրություններով։ Պեղումների ընթացքում իսկապես հայտնաբերվել են բարձրաստիճան հանդիսականների համար նախատեսված նստատեղեր՝ հունարեն համապատասխան արձանագրություններով։
Մարզադաշտի հարավային՝ գլխավոր մուտքը ձևավորվել է աղյուսաշար սյուներով՝ զարդարված փորագիր պատկերներ կրող մարմարե տախտակներով։ Սյուների վրա բարձրացված են եղել Հերմես աստծո և առասպելական հերոս Հերակլեսի կիսանդրիները՝ մրցանակային անոթների, արմավենու ճյուղերի, առյուծի մորթու և հատկանշական այլ ատրիբուտների ուղեկցությամբ։ Մուտքի մերձակայքում գրանիտե միջին չափի վեցանկյուն սալերով պատված հրապարակ է հայտնաբերվել։
Խաղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիգրաֆիկ և նումիզմատիկ գտածոները թույլ են տալիս եզրակացնել, որ այս մարզադաշտում անցկացվել են Պիթիական խաղերին համանման մրցումներ։
Խաղերի կազմակերպիչը եղել է հռոմեական Թրակիա մարզի Գլխավոր խորհուրդը։ Անց են կացվել մեծահասակների առանձին և պատանիների առանձին մրցումներ։ Մրցելույթներն սկսվել են գոռում-գոչյուններով ու փողհարություններով։ Մարզական մրցույթներից զատ, անց են կացվել երաժշտության, պոեզիայի և այլ արվեստների մրցույթներ։
Պեղումներն ու վերականգնողական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը հայտնաբերվել է 1923 թվականին։ Առավել հանգամանալի պեղումներ իրականացվել են դրանից մոտավորապես կես հարյուրամյակ անց, հնագետ Լիլիա Բոտուշարովայի գլխավորությամբ[2]։
1995 թվականին Ֆիլիպոպոլսի անտիկ մարզադաշտը ներառվել է համազգային կարևորություն ունեցոող հուշարձանների ցանկի մեջ։
2010-2013 թվականներին մարզադաշտի շրջակայքում նույնպես կարգաբերման աշխատանքներ են իրականացվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարզադաշտն ու առընթեր հրապարակը՝ վերևից
-
Մարզադաշտի մի հատվածը
-
Մարզադաշտ բերող հին անցումներից մեկը
-
Առընթեր Ջումայա հրապարակը
-
Ակվեդուկի հենասյուները և քաղաքային հին պարիսպը
-
Մարզադաշտի նիշված նստատեղերից
-
Նստատեղի դրվագ՝ առյուծաթաթով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պլովդիվի հռոմեական մարզադաշտ կատեգորիայում։ |