Պլանային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլանաչափությունից)
«Հնգամյա պլանը չորս տարում» հայտնի լոզունգը խորհրդային ագիտացիոն պաստառի վրա

Պլանային տնտեսություն, տնտեսական համակարգ, որի ժամանակ նյութական ռեսուրսները գտնվում են հանրության սեփականության ներքո և բաժանվում են կենտրոնացված, ինչը ստիպում է ֆիզիկական անձանց և ձեռնակատերերին գործել կենտրոնացված տնտեսության պլանավորման համաձայն։ Այսպիսի տնտեսական համակարգ կար, օրինակ՝ Խորհրդային Միությունում։

Հիմնական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանային տնտեսական համակարգի հիմնական հատկանիշներն են՝

  • Մասնավոր սեփականության վերացումը և պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի նկատմամբ։ Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա է համարվում միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը, ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները։
  • Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների բաշխման որոշում, որը կայացվում է կենտրոնական իշխանությունների կողմից։ Որոշվում է, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք է արտադրեն և ինչ քանակությամբ։ Հումքի, նյութերի, սարքավորումների, մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում է նախապես մշակված պլաններին համապատասխան։ Արդյունքի թողարկման, մատակարարման պլանները համարվում են պետական դիրեկտիվ․ դրանց կատարումը պարտադիր է, իսկ չկատարելու դեպքում ձեռնարկության ղեկավարությունը ենթարկվում է պատասխանատվության, անգամ՝ քրեական, որովհետև պլանը համարվում է օրենք, իսկ չկատարումը՝ դրա խախտում։
  • Արդյունքների նկատմամբ սահմանվում է գներ (բացառությամբ գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը համարվում է օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։
  • Սահմանվում է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը։
  • Ստեղծված արդյունքի և դրա դիմաց ստացվելիք եկամտի փոխկապվածությունը թույլ է։ Գործում է արտադրողի, այլ ոչ թե սպառողի գերակայությունը։ Այդ պայմաններում արտադրողը անհրաժեշտ նյութական շահագրգռվածություն չունի արդյունքը որակով արտադրելու համար։
  • Գոյություն չունի մրցակցություն արտադրողների միջև։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սահմանափակ հնարավորություններով՝ այս տնտեսաձևը ապահովում է համեմատաբար բարձր արտադրողականություն, որովհետև պլանային (պարտադիր) հրահանգները չեն տարածվում անձնական օժանդակ տնտեսությունների վրա, և հիմնականում գործում են շուկայական տնտեսության սկզբունքները։ Տնտեսություններում արտադրողների նյութական շահագրգռվածության աստիճանը անհամեմատ բարձր է։ Զարգացած երկրների տնտեսական համակարգը կառուցված է այդ երկուսի արդյունավետ համադրմամբ։ Տնտեսական կյանքը կարգավորվում է շուկայական ազատ մրցակցության սկզբունքների և պետական լծակների (հատկապես հարկաբյուջետային և դրամավարկային) արդյունավետ զուգակցման միջոցով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։