Պիրահա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրահա
Ընդհանուր քանակ

420 (2010 թ.)

Բնակեցում
Ամազոնաս Բրազիլիա Բրազիլիա
Լեզու(ներ)
Պիրահան
Հավատք(ներ)
Անիմիզմ (Նոնթեիզմին բնորոշ գծերով)

Պիրահա[1] (պորտ.՝ pirahã, pirarrãs, ինքնանվանումը՝ Hi’aiti’ihi, որն ի տարբերություն «ծռագլուխներ»-ի, նշանակում է «ուղիղներ»[2]), Բրազիլիայի Ամազոնաս նահանգի Հումայտա և Մանիկորե համայնքներում, Մաիսի գետի ափին բնակվող հնդկացիական փոքրաթիվ ժողովուրդ (2010 թվականի տվյալներով՝ մոտ 420 մարդ[3]): Պատկանում են մուրայական էթնիկ խմբին, զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում մարդաբանությամբ և լեզվաբանությամբ զբաղվող գիտնականների համար։ Խոսում են պիրահան լեզվով, որն հայտնի է իր շատ սահմանափակ բառապաշարով և գիտության կողմից կասկածի տակ է դրված նրանում առկա հնչյունաբանական ռեկուրսիան, ինչպես նաև «այստեղ և հիմա» տեղի ունեցող իրադարձություններից բացի, որևէ այլ բանի մասին խոսելու հնարավորությունը։ Չնայած այդ երկու հատկանիշներն էլ հավակնում են մարդկային լեզվի և կենդանիների հաղորդակցման համակարգի միջև եղած տարբերության չափանիշներին[4]։ Նրանց լեզվից բացակայում են ընդհանուր հասկացությունները, տեղանունները և թվական անունները։

Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական տվյալներով, հնդկացիական մուրա ժողովուրդը Ամազոնիա է եկել ոչ ուշ, քան 10 հազար տարի առաջ։ 1714 թվականին, պորտուգալացիների հետ նրանց առաջին ընդհարումների ժամանակ, պիրահաներն արդեն մեկուսացված խումբ էին։ 1921 թվականին պիրահաներին այցելել է գերմանացի մարդաբան Կուրտ Նիմուենդաջուն և նշել, որ պիրահաների մոտ բացակայում է արևմտյան քաղաքակրթության նկատմամբ հետաքրքրությունը։ 1950-ական թվականների վերջերին պիրահաների մոտ բնակություն են հաստատել Լեզվաբանության ամառային ինստիտուտի (SIL International) միսիոներներ Առլո և Վի Հեյնրիչ ամուսինները, որոնց նպատակն էր պիրահան լեզվով թարգմանել Աստվածաշունչը և տարածել քրիստոնեությունը։ 1960-ական թվականներին նրանց փոխարինել են Սթիվեն և Լինդա Շելդոնները, իսկ 1978 թվականին՝ Դենիել և Քերեն Էվերեթ ամուսինները, ովքեր թարգմանչական տեխնիկայի դասընթաց էին անցել ամերիկյան լեզվաբան և մարդաբան Քեննեթ Լի Փայքի մոտ[5]։

1980-ական թվականներից սկսած, մարդաբանները մշտապես աշխատում են պիրահաների հետ, սակայն նրանց մասին ժամանակակից տվյալների մեծամասնությունը հայտնի են Դենիել Էվերեթի հրապարակումներից, ով պիրահաների մոտ ապրել է շուրջ յոթ տարի և յուրացրել է նրանց լեզուն։ Բացի Դենիելից, պիրահաների լեզվին կարողացել են տիրապետել նաև նրա կինը՝ Քերենը և Սթիվեն Շելդոնը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրահաները բնակվում են մոնոէթնիկ գյուղերում։ Կանադացի լրագրող Ջոն Կոլապինտոն, ով 2006 թվականին այցելել է պիրահաներին, նկարագրել է նրանց գյուղը։ Ըստ Կոլապինտոյի, դա գետափի երկայնքով ձգվող հյուղակների խումբ է, որոնք կառուցված են չորս սյուների վրա և չունեն պատեր ու հատակ, տանիքը ծածկված է արմավենու տերևներով։ Միակ կահույքը փայտամած լաստակի տեսք ունեցող մահճակալն է։ Հյուղակը նախատեսված է 3-4 մարդուց բաղկացած ընտանիքի համար։ Գույքը կազմված է կճուճից, կաթսայից, դանակից և մաչետեից։ Տղամարդիկ հագնում են պատրաստի վերնաշապիկներ, շապիկներ և շորտեր, իսկ կանայք իրենց հագուստը կարում են բամբակե կտորեղենից, կրում են զարդեր խեցիներից, փետուրներից, ատամներից և ուլունքներից։ Սպասքը, հագուստն ու կտորեղենը ձեռք են բերում բրազիլական ընկույզի, փայտանյութի և խեժածամոնի գետային առևտրով զբաղվող վաճառականներից։ Նետերը, աղեղները և պարկերը պատրաստում են իրենք՝ արմավենու տերևներից։ Առևտրային գործարքներով ու որսորդությամբ զբաղվում են տղամարդիկ։ Գյուղի մոտ, կիսավայրի վիճակում աճում է արևադարձային մանիոկա բույսը, որի արմատապտուղներից ստանում են ալյուր։ Պիրահաները սննդի պաշար չեն հավաքում[5], կերակրվում են որսով և հավաքչությամբ։ Նրանց մոտ ընդհանրապես բացակայում է ժամանակի ընկալումը, զուրկ են ամոթի, մեղքի և վիրավորանքի զգացմունքներից։

Պիրահաները զուրկ են նաև սոցիալական հիերարխիայից, այդ թվում առաջնորդներից։ Նրանց մոտ ամուսնությունը էնդոգամ է, սակայն չեն արգելվում սեռական հարաբերությունները օտարների հետ, ինչն էլ հանդիսանում է այլասերվածության բացակայության հավանական պատճառներից մեկը։

Պիրահաները երկարատև քունը համարում են վտանգավոր և քնում են օրական չորս անգամ՝ յուրաքանչյուր վեց ժամը մեկ, 30 րոպե տևողությամբ։ Ընդհանրապես բացակայում է օրակարգը։ Նրանց համար երազը իրենց իրական կյանքի մի մասն է և խոսում են երազում կատարված դեպքերի մասին այնպես, կարծես դրանք կատարվել են իրական կյանքում։ Նրանք հավատում են անտառի հոգիներին, սակայն որպես այդպիսին բացակայում են կրոնը և ծեսերը, պատկերացում չունեն Աստծո կամ աստվածությունների մասին։ Մեծանալուն և ծերանալուն զուգընթաց, պիրահաները փոխում են իրենց անունները` միջինը 6-8 տարին մեկ անգամ։ Ըստ նրանց, երբ մարդն զգում է, որ տարիքի հետ ինքն ուրիշ է դարձել, պետք է փոխի իր անունը։

Համաձայն Էվերեթի, պիրահաների գնումների ցանկը հիմնականում ընդգրկում է կաթի փոշին, վառոդը, վիսկին, շաքարը և կանոեն։ Վերջինը պիրահաները տեխնիկապես ունակ են պատրաստել, սակայն չեն ցանկանում։ Բացի ընկույզից, որպես գնավճար, տարածված է սեքսը՝ տեղացի կանանց հետ[6]։

2011 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի արշավախումբը պիրահաների գյուղում հայտնաբերել է արևմտյան քաղաքակրթության ամրակետ՝ բուժկետ, ստացիոնար սանհանգույց՝ կոյուղագծով, էլեկտրաէներգիա՝ բենզինային գեներատորից, հեռուստացույց և դպրոց, որտեղ պիրահա ուսուցիչը դասավանդում է պորտուգալերեն և թվաբանություն՝ պորտուգալերեն լեզվով։ 2009 թվականին, Էվերեթի արշավախմբի ժամանակ այդ ամենը չի եղել։ Այդ երկու արշավներն էլ ներկայացվել են «The Amazon Code‬: The Grammar of Happiness» (2012 թ.) ֆիլմում[7]։

Աշխարհընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրահաները հիմնվում են ներկա պահին՝ զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության վրա, որն Էվերեթն անվանել է «անմիջական փորձի սկզբունք» (immediacy-of-experience principle): Նրա տվյալների համաձայն, պիրահաները զուրկ են դեկորատիվ արվեստից և չեն կարողանում նկարել[8]։ Կոլեկտիվ հիշողությունը երկու սերունդից այն կողմ չի տարածվում։ Համարում են, որ մշտապես աշխարհն եղել է այնպիսին, ինչպիսին այժմ է։ Նրանք պատկերացում չունեն արարչագործության և աստվածների մասին։ Ըստ Էվերեթի, պատկերացումներ ունեն հոգիների մասին և հավատք առ այն, ինչ նրանք տեսնում են մշտապես՝ կենդանիների, բույսերի կամ այլ մարդկանց տեսքով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кронгауз М. Гипотеза лингвистической относительности // ПостНаука. — 2012.
  2. Pullum G.K. The Straight Ones: Dan Everett on the Pirahã // Language Log. — 2004.
  3. «Pirahã». Povos indígenos no Brazil. Վերցված է 2016/01/10-ին.
  4. Кронгауз М. (21 февр. 2017). «Бенджамин Уорф XXI века». Круглый стол о книге Д. Л. Эверетта «Не спи — кругом змеи! Быт и язык индейцев амазонских джунглей».
  5. 5,0 5,1 Colapinto J. The Interpreter // The New Yorker. — 2007.
  6. Everett D.L. Recursion and Human Thought: Why the Pirahã Don't Have Numbers // Edge. — 2007. Архивировано из первоисточника 17 հունվարի 2016.
  7. «The Amazon Code [фильм Essential Media and Entertainment]». 2007.
  8. 8,0 8,1 Everett D.L. Cultural constraints on grammar and cognition in Pirahã: Another look at the design features of human language // Current Anthropology. — 2005. — Т. 46. — № 4. — С. 621-646. — doi:10.1086/431525 Архивировано из первоисточника 25 Մարտի 2007.