Պիգմալիոն (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (նոյեմբերի 28, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Պիգմալիոն
անգլ.՝ Pygmalion: A Romance in Five Acts
Cover-play1913.jpg
Առաջին հրատարակության շապիկը՝ Էլիզայի դերում՝ Ստելլա Պատրիկ Քեմբելի պատկերով
Տեսակպիես
Ժանրռոմանտիկ կատակերգություն և կատակերգություն
ՀեղինակՋորջ Բեռնարդ Շոու
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1912
Հրատարակություն1913
ՆախորդAndrocles and the Lion
ՎիքիքաղվածքՊիգմալիոն
Pygmalion (Shaw)

«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion: A Romance in Five Acts), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը՝ գրված 1912 թվականին: Պիեսի յուրօրինակությունը, սրամտությունը և ժողովրդական ոգին, արտացոլելով խորը և սուր սոցիալական խնդիրներ, լայն ճանաչում են ապահովել դրա համար: «Պիգմալիոնը» մեծ հաջողություն ունի նաև մեր օրերում[1]:

Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:

1938 թվականի էկրանավորման համար Շոուն ավելացրել է մի քանի նոր հատվածներ, որոնք այժմ սովորաբար ներառվում են պիեսի անգլերեն տեքստում[2]:

1956 թվականին ամերիկացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Լոուն պիեսի մոտիվներով գրել է «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որը նույնպես մեծ հաջողություն է ունեցել: Ինչպես ֆիլմը, այնպես էլ մյուզիքլը, ունեն երջանիկ սիրային ավարտ[3]:

Ստեղծման պատմություն և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդ Շոուն 1909 թվականին

1912 թվականին 56-ամյա Բեռնարդ Շոուն արդեն մեծ համբավ ուներ իր «Զենք և մարդ», «Սատանայի աշակերտը», «Կեսարը և Կլեոպատրան», «Մարդը և գերմարդը» սոցիալ-փիլիսոփայական պիեսների շնորհիվ: «Պիգմալիոն» պիեսի ստեղծման գաղափարը Շոուի մոտ ծագել է դեռևս 1897 թվականին[4]:

Նոր պիեսում Շոուն արտացոլել է իր բազմամյա հետաքրքրությունը հնչյունաբանության նկատմամբ: Խոսելաոճը, նրա կարծիքով, Անգլիայի սոցիալական խմբերն առավել ուժեղ է տարանջատում, քան մյուս գործոնները, և այդ անարդարությունը անհրաժեշտ է վերացնել[5]: Միևնույն ժամանակ Շոուն ձգտում էր ցույց տալ, որ «ցածր» և «բարձր» խավերի միջև ոչ մի անհաղթահարելի անդունդ գոյություն չունի: Գրականագետները 18-րդ դարի շոտլանդական գրականության դասական Ջորջ Թոբայաս Սմոլեթի «Փերիգրին Փիքլի արկածները» վեպի սյուժեն նմանեցնում են «Պիգմալիոնին», չնայած Սմոլեթի վեպում դասակարգային պատնեշները հաղթահարելու փորձն անհաջողությամբ է ավարտվում[6][4]:

Որոշ չափով հնչյունաբանության պրոֆեսոր Հիգինսի նախատիպը անգլիացի բանասեր Հենրի Սվիթն է. «Նրանք, ովքեր ճանաչում են Սվիթին, 3-րդ գործողության ժամանակ կռահում են ակնարկը՝ ուղղված նրա կողմից ստեղծված սղագրության համակարգին...Պիգմալիոն-Հիգինսի կերպարը ամբողջությամբ չի համընկնում Սվիթի հետ. Էլիզայի հետ կապված ամբողջ պատմությունը Սվիթի դեպքում անհնար կլիներ: Բայց, ինչպես տեսնում եք, Հիգինսի կերպարում Սվիթից որոշ գծեր առկա են[7]»:

Շոուն պիեսը գրել է 4 ամսվա ընթացքում (1912 թվականի մարտ-հունիս): Էլիզայի դերը գրվել է հայտնի անգլիացի դերասանուհի Ստելլա Պատրիկ Քեմբելի համար, չնայած թատերական ինտրիգների պատճառով պիեսի անգլիական պրեմիերան երկար ժամանակ հետաձգվել է[4]: «Պիգմալիոն» պիեսը գրելու դիպվածն արտացոլվել է Ջերոմ Կիլտիի «Հաճելի ստախոսը» պիեսում:

«Պիգմալիոնի» առաջին բեմադրությունը կայացել է 1913 թվականի հոկտեմբերի 16-ին[3] Վիեննայի Բուրգթատրոնում, որին ներկա է եղել էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը[8]:

1914 թվականի մարտի 24-ին պիեսը ներկայացվել է ամերիկյան և գրեթե միաժամանակ 1914 թվականի ապրիլի 11-ին՝ լոնդոնյան հանրությանը: Լոնդոնում Հիգինսի դերում խաղում էր Հերբերթ Բիրբոմ Թրին: Շոուն ուշադիր հետևում էր փորձերին և միջամտում, երբ համաձայն չէր լինում դերասանական խաղին[1]: 1914 թվականին «Պիգմալիոնը» բեմադրվել է նաև Սանկտ Պետերբուրգում:

Պիեսն ամենուր մեծ հաջողություն է ունեցել, Լոնդոնում եղել է պիեսի 118 ներկայացում[3]: Չնայած դրան՝ պրեմիերայից անմիջապես հետո Լոնդոնում մեծ սկանդալ բարձրացավ: Սիդնի Գրանդին (Sydney Grundy) և մի շարք այլ թատերական քննադատներ իրենց վրդովմունքն արտահայտեցին Շոուի պիեսի նկատմամբ՝ դրանում օգտագործված հասարակ ժողովրդական արտահայտությունների համար, ինչը հետվիկտորիանական Անգլիայում անպարկեշտ էր համարվում: Առանձնահատուկ վրդովմունք առաջ բերեց 3-րդ գործողության ժամանակ Էլիզայի «Not bloody likely!» արտահայտությունը: Գրանդիի կարծիքով դա «վիրավորանք էր հանրային ճաշակին», իսկ Թատերական գործարարների ասոցիացիան պահանջեց հեռացնել այդ արտահայտությունը՝ սպառնալով զրկել թատրոնին լիցենզիայից[4]: Ֆիլմում սկանդալային արտահայտությունը առկա է: 1950-ական թվականներին անպատշաճ արտահայտությունների վերաբերյալ դիրքորոշումը մեղմվեց, այդ իսկ պատճառով մյուզիքլում Լոուն այդ անպարկեշտ արտահայտությունը փոխարինեց մեկ այլ արտահայտությամբ (դարձյալ անպարկեշտ, բայց 20-րդ դարի հանդիսատեսի ընկալմանն առավել համապատասխանող)[9]։

Շոուն չէր շտապում հրատարակել պիեսի տեքստը, այնպես որ առաջինը լույս է տեսել դրա գերմաներեն թարգմանությունը (վիեննական բեմադրությունից առաջ՝ 1913 թվականի սկզբին), իսկ 1914 թվականի նոյեմբերին, արդեն թատերական հաղթարշավից հետո, տեքստը տպագրվել է միանգամից երկու ամսագրերում՝ «Everybody's Magazine» և «Nash's Magazine»[1]:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիզա Դուլիթլ - ծաղկավաճառ աղջիկ
  • Հենրի Հիգինս - հնչյունաբանության պրոֆեսոր
  • Փիքերինգ - գնդապետ
  • Միսիս Հիգինս - պրոֆեսորի մայրը
  • Միսիս Փիրս - Հիգինսի տնտեսուհին
  • Ալֆրեդ Դուլիթլ - Էլիզայի հայրը
  • Միսիս Էյնսֆորդ Հիլլ - միսիս Հիգինսի հյուրը
  • Կլարա - միսիս Էյնսֆորդ Հիլլի դուստրը
  • Ֆրեդի - միսիս Էյնսֆորդ Հիլլի որդին, ով սիրահարված էր Էլիզային

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Պատրիկ Քեմբել՝ Անգլիայում Էլիզայի առաջին դերակատարը

Ամառային տեղատարափ անձրևը Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի տաճարի սյունազարդ նախասրահում էր հավաքել խայտաբղետ բազմության՝ այդ թվում աղքատ ծաղկավաճառ աղջկան, բանակային գնդապետին և ծոցատետրով մի մարդու: Վերջինը իրեն և շրջապատողներին զբաղեցնում էր, անսխալ կերպով գուշակելով, թե նրանցից յուրաքանչյուրը ծագումով որտեղից է և էլ որտեղ է եղել: Գնդապետը հետաքրքրվելով պարզում է, որ նա հնչյունաբանության նշանավոր մասնագետ Հենրի Հիգինսն է, ով արտասանության առանձնահատկություններով ընդունակ է որոշելու յուրաքանչյուր անգլիացու ծագումը:

Պարզվում է, որ գնդապետն ինքն էլ հայտնի լեզվաբան է, «Խոսակցական սանսկրիտ» գրքի հեղինակը, և հատուկ է եկել Լոնդոն՝ պրոֆեսորի հետ ծանոթանալու համար: Հիգինսը Փիքերինգի գրքի մասին բարձր կարծիքի է, և նոր ընկերները պատրաստվում են գնալ գնդապետի մոտ հյուրանոց ընթրելու, երբ ծաղկավաճառ աղջիկը խնդրում է ինչ-որ ծաղիկ գնել: Ինքնահավան Հիգինսն առանց նայելու մի քանի մետաղադրամ է նետում զամբյուղի մեջ և գնդապետի հետ հեռանում: Աղջիկը հանկարծակիի է գալիս. այդքան շատ գումար նա երբեք չէր ունեցել[10]:

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ առավոտյան Հիգինսը իր բնակարանում Փիքերինգին ցույց է տալիս իր ձայնագրման սարքը: Միսիս Փիրսը՝ Հիգինսի տնտեսուհին, հաղորդում է, որ պրոֆեսորի մոտ ինչ-որ աղջիկ է եկել: Հայտնվում է երեկվա ծաղկավաճառուհին, ներկայանում որպես Էլիզա Դուլիթլ և հայտնում, որ ուզում է հնչյունաբանության դասեր անցնել պրոֆեսորի մոտ, որ կարողանա աշխատանքի ընդունվել ծաղկի խանութում:

Հիգինսին այս իրավիճակը անհեթեթ է թվում, չնայած շարժում է նրա հետաքրքրությունը, բայց Փիքերինգը տպավորված էր և գրազ է առաջարկում Հիգինսին: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է ապացուցեր, որ հռչակավոր մասնագետ է և 6 ամսում կարող է սովորական ծաղկավաճառին վերածել իսկական լեդիի, իսկ դեսպանատան ընդունելության ժամանակ նրան ներկայացնել որպես դքսուհի: Հիգինսի հաղթելու դեպքում Փիքերինգը պատրաստ է վճարել Էլիզայի ուսման ամբողջ ծախսը: Հիգինսը, չկարողանալով հրաժարվել, ընդունում է մարտահրավերը: Էլիզան միսիս Փիրսի ուղեկցությամբ գնում է լոգասենյակ:

Որոշ ժամանակ անց Հիգինսին այցելում է Էլիզայի հայրը, ով աղբահավաք էր, միևնույն ժամանակ սեր ուներ խմիչքի նկատմամբ: Նա 5 ֆունտ է պահանջում, Էլիզայի կյանքին այլևս չխառնվելու համար: Դուլիթլը Հիգինսին զարմացնում է իր ճարտար խոսքով: Երբ ներս է մտնում Էլիզան, ճապոնական խալաթ հագած, նրան ոչ ոք չի ճանաչում[11]:

Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցնում է մի քանի ամիս: Էլիզան, պարզվում է, չափազանց ջանասեր և ընդունակ աշակերտուհի է, նրա արտասանությունը գրեթե իդեալական է դարձել: Հիգինսը ուզում է իմանալ կարելի է արդյոք աղջկան ներկայացնել բարձրաշխարհիկ հանրությանը: Որպես առաջին փորձություն՝ նա Էլիզային տանում է իր մոր տուն:

Միևնույն ժամանակ այստեղ է լինում միսիս Հիգինսի ընկերուհու ընտանիքը՝ միսիս Էյնսֆորդ Հիլլը՝ դստեր և որդու՝ Ֆրեդիի հետ: Սկզբում Էլիզան իրեն պահում է որպես բարձրաշխարհիկ լեդի, իսկ հետո պատմելով իր կյանքի մասին՝ այնպիսի փողոցային արտահայտություններ է օգտագործում, որ ներկաներն ապշում են: Հիգինսը հարթում է իրադրությունը` ասելով, որ դա նոր բարձրաշխարհիկ ժարգոն է:

Էլիզայի և մյուս հյուրերի գնալուց հետո Հիգինսը և Փիքերինգը միսիս Հիգինսին պատմում են, թե ինչպես են աշխատում Էլիզայի հետ, տանում օպերա, ցուցահանդեսներ, և թե ինչպիսի տպավորիչ դիտողություններ է անում նա դրանք այցելելուց հետո: Պարզվում է նաև, որ Էլիզան բացառիկ երաժշտական լսողություն ունի:

Միսիս Հիգինսը զայրույթով նկատում է, որ նրանք աղջկա հետ վարվում են որպես կենդանի տիկնիկի: Նա պրոֆեսորին ասում է. «Նա քո և իր դերձակուհու արվեստի գլուխգործոցն է: Բայց եթե դու իսկապես չես նկատում, որ նա իրեն մատնում է իր ամեն մի արտահայտությամբ, դու պարզապես խելքդ թռցրել ես»:

Լեզվաբան ընկերները հեռանում եմ միսիս Հիգինսի տանից փոքր-ինչ հիասթափված: Էլիզայի հետ աշխատանքը շարունակվում է՝ հաշվի առնելով եղած բացթողումները:

Սիրահարված Ֆրեդին Էլիզային 10 էջանոց նամակներ է գրում[12]:

Չորրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինյան թատրոն (Rheingau-Theater): Էլիզա՝ Ինգեբորգ ֆոն Կուսերով

Մի քանի ամիս անց վրա է հասնում գիտափորձի վճռորոշ պահը: Էլիզան շքեղ զգեստով և այս անգամ անթերի շարժուձևով հայտնվւմ է դեսպանատան ընդունելությանը, որտեղ գլխապտույտ հաջողություն է ունենում: Ներկա գտնվող բոլոր արիստոկրատներն առանց կասկածի նշույլի Էլիզային ընդունում են իբրև դքսուհու: Հիգինսը հաղթում է գրազը:

Տուն գալով Փիքերինգը շնորհավորում է Հիգինսին հաջողության հասնելու համար, և նրանցից ոչ մեկի մտքով իսկ չի անցնում շնորհակալություն հայտնել Էլիզային, ով այդքան ջանք էր գործադրել: Էլիզան իրեն անբավարարված ու անհանգիստ է զգում: Նախկին կյանքով նա արդեն ապրել չի կարող և չի էլ ուզում, իսկ նոր կյանք սկսելու համար բավարար միջոցներ չունի: Ընդունելության ժամանակ ունեցած շլացուցիչ հաջողության և տանը նրա ստացած արհամարհական վերաբերմունքի միջև հակադրությունը ահռելի էր:

Երբ Հիգինսը դուրս է գալիս և կարճ ժամանակ չանցած վերադառնում փնտրելու տնային հողաթափերը, Էլիզան պոռթկում է և հողաթափերով հարձակվում Հիգինսի վրա: Նա փորձում է բացատրել իր վիճակի ողբերգականությունը. «Ի՞նչ կարող եմ ես անել: Ի՞նչի համար եք ինձ պատրաստել: Ո՞ւր եմ գնալու: Ի՞նչ է լինելու հետո: Ի՞նչ է լինելու ինձ հետ»: Բայց Հիգինսը ընդունակ չէ հասկանալու ուրիշի հոգին: Գիշերը Էլիզան հեռանում է Հիգինսի տնից[13]:

Հինգերորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիս Հիգինսի տուն են գալիս Հիգինսն ու Փիքերինգը և գանգատվում Էլիզայի անհետանալու համար: Հիգինսը խոստովանում է, որ առանց Էլիզայի իրեն առանց ձեռքերի է զգում: Նա չգիտի՝ որտեղ են գտնվում իր իրերը, չգիտի, թե ծրագրված ինչ գործեր ունի օրվա ընթացքում:

Ծառան զեկուցում է Էլիզայի հոր գալու մասին: Դուլիթլը շատ է փոխվել, այժմ նա հարուստ բուրժուայի տեսք ունի: Նա հարձակվում է Հիգինսի վրա՝ մեղադրելով, որ նրա պատճառով լիովին փոխվել է իր կենսակերպը: Պարզվում է, որ Հիգինսը մի քանի ամիս առաջ մի բարեգործ միլիոնատիրոջ՝ «Բարոյական վերափոխման լիգայի» հիմնադրին, գրել էր, որ ամբողջ Անգլիայում ամենայուրօրինակ բարոյախոսը Ալֆրեդ Դուլիթլն է՝ մի սովորական աղբահավաք: Միլիոնատերը վերջերս մահացել է, և Դուլիթլին կտակել 3 հազար ֆունտ ամեն տարվա համար, պայմանով, որ վերջինը պետք է Լիգայում կարդա նրա դասախոսությունները: Այժմ Դուլիթլն ապահոված բուրժուա է, և հակառակ իր համոզմունքներին ստիպված է հետևել ավանդական բարոյականության կանոններին: Այսօր, օրինակ, նա պաշտոնապես ամուսնանում է իր երկար տարիների սիրուհու հետ:

Միսիս Հիգինսը ուրախ է, որ հայրը հիմա կարող է հոգ տանել իր դստեր մասին: Նա խոստովանում է, որ Էլիզան իր տանն է: Հիգինսը, սակայն, անգամ լսել չի ուզում Էլիզային Դուլիթլին «վերադարձնելու» մասին:

Հայտնվում է Էլիզան: Բոլորը նրան միայնակ են թողնում Հիգինսի հետ, և նրանք երկար զրուցում են:

Հիգինսը չի զղջում ոչնչի համար, պահանջում է Էլիզայից վերադառնալ և արդարացնում է իր անքաղաքավարի պահվածքը: Էլիզային դա չի գոհացնում, նա Հիգինսին ասում է, որ ջերմ խոսքերի, ուշադրության կարիք ունի ինքը, և հայտնում, որ նրանից անկախ լինելու ելքը գտել է. կգնա պրոֆեսոր Նեպինի մոտ որպես ասիստենտ և նրան կհայտնի ուսուցման Հիգինսի մեթոդիկայի գաղտնիքները:

Միսիս Հիգինսը և հյուրերը վերադառնում են: Հիգինսը ցուցադրաբար ուրախ հանձնարարում է Էլիզային տուն գալու ճանապարհին գնել պանիր, ձեռնոց և փողկապ: Էլիզան արհամարհանքով պատասխանում է. «Ինքնե՛րդ գնեք» և գնում մասնակցելու հոր պսակադրությանը[14]:

Պիեսը բաց վերջաբան ունի:

Լրացումներ, որ կատարել է Շոուն 1938 թվականի ֆիլմի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդ Շոուն 1936 թվականին

««Պիգմալիոնի» էկրանավորման վրա աշխատանքը նշանակում էր ոչ միայն կատակերգության շրջանակների ընդլայնում, այլև դրա սյուժետային գծի զարգացում և հարստացում նոր տեսարաններով»: Շոուն հազվադեպ էր գոհ լինում իր պիեսների էկրանավորումներից, բայց պրոդյուսեր Գաբրիել Պասկալին նա անձամբ է շնորհավորել վաստակած հաջողության համար[15]:

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության վերջում, Հիգինսի հետ բաժանումից հետո, «հեքիաթային ձևով հարստացած» Էլիզան իրագործում է իր վաղեմի երազանքը՝ տուն է վերադառնում տաքսիով: Վարորդը, անկեղծ տպավորված լինելով աղջկա՝ իրեն որպես մշտական հաճախորդ ցույց տալու փորձերով, հրաժարվում է վճարը վերցնելուց և ժպիտով հեռանում:

Մանրամասն նկարագրվում է Էլիզայի սենյակը. պատուհանի կոտրված մասը ծածկված էր թղթով, պատերին փակցված էին թերթից կտրված հատվածներ, որոնց վրա պատկերված էին հայտնի դերասանների և գեղեցիկ զգեստներով կանանց նկարներ, պատուհանի մոտ թռչնի դատարկ վանդակ էր դրված, հակառակ կողմում մահճակալն էր, որի վրա թափթփված են բազմաթիվ կտորներ[16]:

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրազից հետո Էլիզան միսիս Փիրսի ուղեկցությամբ գնում է լոգասենյակ, որը նրան սկզբում լվացքատուն է թվում: Իմանալով, որ ինքը պետք ինքնուրույն լոգանք ընդունի, կտրականապես հրաժարվում է. «Դրանից կարելի է մահացու հիվանդանալ...Դուք չգիտեք ինչ է ցուրտը, ինչպես եմ ես վախենում դրանից»: Միսիս Փիրսը նրան հանգստացնում է. «Հիգինսը լոգանք է ընդունում ամեն առավոտ, և հետո ջուրը կարելի է տաք անել»: Էլիզան մտածում է, որ եթե նախապես իմանար ինչ է իրեն սպասվելու երբեք չէր գա: Միսիս Փիրսը նրան տալիս է խալաթ, հողաթափեր, հրահանգում հանվել, կարգավորում է ջրի ջերմաստիճանը, պատրաստում է փրփուրը և ձեռքը վերցնում խոզանակը: Դուրս է գալիս վախից դողդողացող Էլիզան, հարցին թե արդյոք ջուրը տաք էր պատասխանում է. «Օ՜, չափազանց տաք էր»: Փիրսը հանում է խալաթը Էլիզայի վրայից, քարշ է տալիս լոգասենյակ և սկսում խոզանակով լողացնել: Էլիզայի աղիողորմ ճիչերը լսվում են ամբողջ տնով[17]:

Եվս մեկ հավելում է արվել նաև Էլիզայի առաջին դասի դրվագում: Լավ ճաշելով, նոր հագուստով, նա նստում է, լարված՝ առաջին անգամ բժշկի այցելության եկած հիվանդի նման: Նրան նյարդացնում է Հիգինսը, ով անցուդարձ է անում սենյակում, որովհետև ի վիճակի չէր հանգիստ նստելու մի տեղում, բայց փոքր-ինչ հանգստացնում է Փիքերինգի ներկայությունը: Ի զարմանս պրոֆեսորի Էլիզան բավականին արագ է հասկանում, թե ինչ է պահանջվում իրենից, և ջանք չի խնայում բառերը ճիշտ հնչողությամբ արտաբերելու համար: Հիգինսը հիացած խոստանում է. «Փիքերինգ, նրանից իսկական դքսուհի դուրս կգա»: Այնուամենայնիվ "Տ" հնչյունի ճիշտ արտասանությունը Էլիզայի մոտ ոչ մի կերպ չէր ստացվում, դասի վերջում Հիգինսը լաց լինող աշակերտուհուն հանգստացնելու համար կոնֆետ է տալիս և ճանապարհում[18]:

Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վառ և ուրախ դրվագը, գործողության վերջում, Շոուի կողմից սկզբնական տարբերակին ավելացված ամենաերկար հատվածն է: Այն նվիրված է Էլիզային դեսպանատան ընդունելությանը որպես դքսուհի ներկայացնելու դրվագին:

Դեսպանատան շենքի մոտ է կանգնում «Ռոլս-Ռոյսը», որից դուրս է գալիս Փիքերինգը՝ քաղաքացիական հագուստով, զարդարված շքանշաններով և մեդալներով, նրանից հետո Էլիզան՝ հովհարով և երեկոյան զգեստով, ինչպես նաև զարդարված գոհարներով և ծաղիկներով: Նրանցից հետո դուրս է գալիս Հիգինսը: Էլիզան, ինչպես և եկած կանանց մեծ մասը, երկար ժամանակով կորում է կանանց հարդարանքի սենյակում, իսկ Հիգինսի մոտ կենսուրախ, երկար մազերով, սարսափազդու բեղերով և այտամորուքով մի երիտասարդ է վազում: Պարզվում է, որ նա հունգարացի է՝ Նեպոմուք ազգանունով (Nepommuck[19]), ով երբևէ հնչյունաբանության դասեր է առել Հիգինսի մոտ: Ընդունելությանը նա հրավիրված էր որպես թարգմանիչ, ով կատարելապես տիրապետում է 32 լեզվի: Նեպոմուքը գլուխ է գովում, որ հեշտությամբ կարողանում է բացահայտել ծագումը թաքցնելու ցանկացած փորձ, օրինակ՝ այն «հույն դիվանագետը» իրականում անգլիացի ժամագործի որդի է»: Գնդապետը տագնապած է, բարբառների մասնագետը կարող է բացահայտել նաև կեղծ դքսուհու իրական էությունը:

Փիքերինգը Էլիզային ներկայացնում է ընդունելության տիրուհուն և ուղեկցում դեպի սրահ, որտեղ նա աստիճանաբար դառնում է բոլորի ուշադրության առարկան: Երիտասարդ տղամարդիկ վեր են կենում բազմոցներից. որ տեսնեն անծանոթ գեղեցկուհուն: Ոմանք փորձում են ինչ-որ բան պարզել Փիքերինգից և Հիգինսից, բայց վերջինները խուսափում են որևէ պատասխան տալուց: Անսպասելիորեն հայտնվում է Նեպոմուքը և հայտարարում. «Ես ամեն ինչ բացահայտել եմ: Նա այն չէ, ինչ ներակայնում է»: Մի քանի վայրկյան լռությունից հետո հավաքվելով՝ Նեպոմուքը հանդիսավոր կերպով հայտարարում է. խորհրդավոր հյուրը չի կարող Դուլիթլ անգլիական ազգանունն ունենալ, որովհետև նա չափազանց լավ է խոսում անգլերեն, հետևապես նա արտասահմանցի է: Միայն լավ սովորած արտասահմանցիներն են կարողանում անգլերենին կատարյալ տիրապետել: Ավելին, Նեպոմուքը վստահ է, որ նա թագավորական ծագմամբ հունգարուհի է, որովհետև ինքը ևս թագավորական արյուն ունի և գլուխ է հանում այդ հարցերից:

Հիգինսը պրովոկացիոն հարց է տալիս. «Իսկ Դուք չե՞ք փորձել նրա հետ հունգարերեն խոսել: Նեպոմուքը պատասխանում է. «Նա շատ խելացի է: նա ինձ ասել է. «Խնդրում եմ անգլերեն խոսեք, ես ֆրանսերեն չգիտեմ»: Հունգարերենը խառնել ֆրանսերենի հետ: Բացառվում է, նա երկուսն էլ գիտի»:

Ներկաների մեծ մասը համաձայնվում է Նեպոմուքի հետ. Էլիզան արքայադուստր է: Հիգինսը հաղթել է գրազը:

Մոտենում է տպավորություններից հոգնած Էլիզան, և նրանք երեքով տուն են գնում[20]:

Չորրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության վերջում, Հիգինսի հետ վեճից հետո, Էլիզան իր սենյակում իր իրերն է հավաքում, փոխում հագուստը, հայելում ինքն իրեն լեզու է հանում և վճռական տեսքով աննկատ տանից դուրս գալիս: Դռան մոտ նա բախվում է սիրահարված Ֆրեդիին, ով արդեն երկար գիշերներ է ինչ երազում է իր պատուհանի տակ:

Էլիզան խոստովանում է, որ ամենից շատ ինքն ուզում է իրեն ջուրը նետելով խեղդվել, և նետվում երջանիկ Ֆրեդիի գիրկը: Մոտենում է տաքսին, և զույգը որոշում է գնալ միսիս Հիգինսի մոտ խորհուրդ հարցնելու[21]:

Հինգերորդ գորոծողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն փոքր-ինչ վերակառուցել է վերջին պարբերությունները: Հիգինսը, փորձելով Էլիզայի հետ նախկին հարաբերությունները վերականգել, նրան հանձնարարում է գնել խոզապուխտ, Սթիլթոն պանիր, 8-րդ չափսի ձեռնոց և փողկապ՝ նոր կոստյումի համար: Էլիզան պատասխանում է. «8-րդ չափսը Ձեզ փոքր կլինի, Դուք արդեն 3 նոր փողկապ ունեք, որոնք մոռացել եք լվացարանի դարակում, Փիքերինգը նախընտրում է Գլոսթեր պանիր, և ոչ թե Սթիլթոն, իսկ Դուք տարբերությունները բացարձակ չեք հասկանում: Խոզապուխտի համար ես զանգ կտամ միսիս Փիրսին: Ի՞նչ եք Դուք անելու առանց ինձ, չեմ պատկերացնում[22]»:

Շոուի կարծիքը հերոսների հետագա ճակատագրի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիր Էմրիս Հյուզը գրում է.

«Պիգմալիոնը» ուրախ, փայլուն կատակերգություն էր, որի վերջին գործողությունը պարունակում է իսկական դրամայի տարր. փոքրիկ ծաղկավաճառ աղջիկը շատ լավ կատարեց ազնվական կնոջ իր դերը և այլևս պետք չէ. նրան մնում է վերադառնալ փողոց կամ ամուսնանալ 3 հերոսներից մեկի հետ: Բայց ո՞ւմ: Շոուն, բորբոքելով հանդիսատեսի հետաքրքրասիրությունը, այդ հարցն անպատասխան է թողնում:

Սկզբնական տարբերակի վերջում Էլիզան և Հիգինսը մեկընդմիշտ բաժանվում են: 1938 թվականին արված լրացումներից հետո Հիգինսը վստահություն է հայտնում, որ Էլիզան կվերադառնա: Պիեսի վերջաբանում Շոուն նկարագրում է հերոսի և հերոսուհու ամուսնությունը, և տալիս Էլիզայի ճակատագրի իր մեկնաբանությունը. նա գերադասեց ամուսնանալ իրեն սիրահարված Ֆրեդիի հետ[23]: Փիքերինգի առատաձեռնության շնորհիվ նորապսակները կարողանում են իրականացնել Էլիզայի վաղեմի երազանքը. բացում են ծաղիկների իրենց սեփական խանութը[24]:

Շոուն, ինչպես արդեն նշվեց, իր նպատակն էր համարում ավելի շատ բորբոքել հանդիսատեսի հետաքրքրասիրությունը, քան հանգստացնել նրան, և նա հակադրվում էր թատրոնի և կինոռեժիսորների՝ Էլիզայի և Հիգինսի համար բարեհաջող սիրային ֆինալ կառուցելու փորձերին[25]: Վերջաբանում հեղինակը բացատրում է, որ Էլիզայի՝ Հիգինսին ուղղված խոսքը հինգերորդ գործողության մեջ. «Ես չէի ամուսնանա Ձեզ հետ, եթե նույնիսկ Դուք խնդրեիք ինձ», մտածված որոշում է, որը բխում է ինչպես կանացի ինտուիցիայից, այնպես էլ գիտակցական փաստարկներից: Հիգինսն իր կոշտ, անկառավարելի, բռնակալի բնավորությամբ լավ ամուսին չի կարող դառնալ, այն դեպքում, երբ Ֆրեդին նրա հակապատկերն է[25]:

Շոուի տարբերակի համաձայն Էլիզան առաջնորդվում է բանականությամբ, ոչ թե զգացմունքներով: Շատ քննադատներ, նրանց թվում նաև Ա. Ս. Ուորդը (A. C. Ward) և Կոլին Ուիլսոնը, Շոուին կշտամբում են «անհաջող ֆինալի» համար, ինչը, նրանց կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ շեղում գեղարվեստական տրամաբանությունից հօգուտ ռացիոնալ սկեպտիցիզմի, առօրեական «կյանքի ճշմարտությունների» հաղթանակ «արվեստի ճշմարտությունների» նկատմամբ[26]:

1938 թվականի ֆիլմի և «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլի ստեղծողները նույնպես չեն համաձայնվել Շոուի հետ և փոխել են ֆինալը. նրանք պիեսը դիտարկել են որպես «Մոխրոտի» մասին հեքիաթի ժամանակակից տարբերակ, որին ռոմանտիկ ավարտը ավելի է համապատասխանում[27]:

Գաղափարական-գեղարվեստական շարժառիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բ. Շոուն նշումներ է կատարում «Պիգմալիոնի» գլխավոր փորձի ժամանակ. ապրիլ, 1914

Շոուն իր պիեսի նպատակը սահմանել է հետևյալ կերպ. ««Պիգմալիոնը» ծաղր է «կապույտ արյան» երկրպագուներին. իմ յուրաքանչյուր պիես մի քար է՝ նետված վիկտորիանական բարեկեցության պատուհանին»[28]:

Շոուի դիրքորոշումը՝ որպես համոզված սոցիալիստի արտահայտում էր հասարակությունը տիրող ստից ու անարդարությունից ազատելու պահանջը, բոլոր սոցիալական խմբերի հոգևոր զարգացման և բարեկեցության ապահովումը: Պիեսի գլխավոր գաղափարը հետևյալն է. բարձր խավը ցածրից տարբերվում է միայն հագուստով, խոսելաոճով, շարժուձևով, կրթությամբ, և այդ սոցիալական անդունդները կարող են և պետք է հաղթահարվեն[5]: Հիգինսի տաղանդը և Փիքերինգի վեհանձնությունն իսկապես հասարակ ծաղկավաճառին դարձնում են դքսուհի, իսկ դա կարելի է հասկանալ որպես հասարակության ապագա առաջընթացի և կապանքներից ազատվելու խորհրդանիշ, որին կոչված էին Շոուն և իր համախոհները[29]:

Հասարակության մեջ արդարության հաստատման համար, ըստ Շոուի, գլխավորը աղքատության և տգիտության հաղթահարումն է: Դրանք հաղթահարելու համար Էլիզային օգնում են ազնվությունը, սեփական արժանապատվության զգացումը, հոգեկան նրբազգացությունը, վճռականությունը: Առավել թույլ բնավորություն ունեցողների վրա, ինչպիսին Էլիզայի հայրն էր, աղքատությունը կործանիչ ազդեցությունն է ունենում[30]:

Հիգինսը Էլիզայի հոգևոր վերափոխմանը նպաստեց ոչ կանխամտածված ձևով, նա ունակ չէր վեր բարձրանալու եսասիրական նկատառումներից: Հիգինսի կոշտությունը, ով անընդունակ էր հասկանալու և հարգելու Էլիզային, մարմնավորում է անգլիական հասարակության անսրտությունը: Հենց դա է արտահայտում պիեսի վերջնամասի ողբերգականությունը[23]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի գրեթե բոլոր քննադատները չափազանց բարձր են գնահատում Շոուի՝ որպես դրամատուրգի վարպետությունը: Կենսագիր Հեսքեթ Փիրսոնը «Պիգմալիոնը» դիտարկում է որպես անձի հոգևոր ծննդի մասին պոեմ[31]:

Մեր առջև ուսուցողական մի պատմություն է հասարակ հոգու բարոյական գերազանցության մասին անսիրտ ու անհեռատես ինտելեկտի, ժողովրդական մաքրության գերազանցության՝ «քաղաքակիրթ» բարբարոսության նկատմամբ: Եթե նայենք փիլիսոփայության տեսակետից՝ այն կենդանի մատերիայի ընդվուզումն է նրա նկատմամբ, ինչը խորթ է և հակասում է դրան...

«Պիգմալիոնը» Շոուի՝ գրքային գերիմաստությունը հաղթահարող հերթական պիեսն է անձնավորության ծնունդի հրաշքի մասին, ծնունդ, որն ըստ նրա միշտ կապված է հասարակության կողմից ընդունված հասկացություններն ու իդեալները մերժելու հետ: Բայց նույն Շոուն ստիպում է հանդիսատեսին զմայլված հետևել՝ ինչպես են իմաստավորված ամեն մի հնչյուն, յուրացրած ամեն մի բառ մեր աչքի առջև առանձնացնում մարդուն կենդանուց, և թե ինչպես յուրաքանչյուր բաց թողնված կամ աղավաղված հնչյուն, մեկ մասնիկի սխալ, այդ գործընթացը հետ շրջում՝ ի չիք դարձնելով մշակույթի և քաղաքակրթության ամբողջ ժառանգությունը: Անվիճելի է՝ «Պիգմալիոնը» պիես է «մաքուր» ինտելեկտի՝ այն սնող մատերիայի նկատմամբ ունեցած թուլության մասին, բայց այս պիեսը նաև խոսքի ուժի մասին է, որը մարդուն հստակ գիտակցություն, կողմնորոշիչներ է տալիս թե՛ ամենախճճված առօրեական իրադրությունները հաղթահարելու, և թե՛ հոգու ամենաբարդ խնդիրները լուծելու համար:

Ֆ. Դենինգհաուզը առավել մեծ նշանակություն է տվել պիեսի ոչ թե անհատական, այլ սոցիալական փիլիսոփայությանը, որը ձևակերպել է այսպես. «Եթե մարդկային էությունը պայմանավորված է միջավայրով, և եթե անձն ու օբյեկտիվ պայմանները փոխադարձաբար համապատասխանում են միմյանց, ապա անձի վերափոխումը հնարավոր է միայն միջավայրը փոխելու կամ դրանում փոփոխություններ մտցնելու դեպքում[32]:

Խորհրդային քննադատ Պյոտր Բալաշովը գրել է. «Շոուն նուրբ և սրամիտ կերպով երևան է հանում սովորականից, առօրեականից դեպի արտասովորին անցման, և Էլիզա Դուլիթլի մարդկային էությունը բացահայտելու տրամաբանությունը...Շոու-նկարչի իմաստությունը և խորաթափանցությունը կայանում է նրանում, որ նա «փողացային աղջնակի» մեջ բացահայտում է հենց այն գծերը, որոնք հնարավոր են դարձնում առերևույթ անսպասելի, բայց իրականում լրիվ ճշմարտացի նրա վերափոխումը»[6]:

Խորհրդային մեկ այլ քննադատ Աննա Ռոմը, նշել է պիեսի «ժողովրդական պաթոսը», Շոուի վստահությունը ժողովրդի ունեցած ստեղծագործական ներուժի և հոգևոր հարստության առկայության նկատմամբ[3]: Քննադատի կարծիքով, պիեսի անվանումը այլաբանական խորը ենթատեքստ ունի. «Օրենքներով սահմանված սոցիալական կարգ ու կանոնից «դուրս մնացած» մարդը վերածնվեց, փայլատակեց իր երկար թաքնված մարդկայնության կենդանի ներկապնակով»...Ժողովուրդը, նրա պատկերացմամբ, անմշակ, բայց արժեքավոր նյութ է, թանկարժեք մարմար, որում դրված են «արվեստի փայլուն ստեղծագործության» վերափոխման նախադրյալները[33]:

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Անվանում Ռեժիսոր Էլիզա Դուլիթլ Հենրի Հիգինս Մեկնաբանություն
1935 Գերմանիա Գերմանիա Պիգմալիոն Էրիխ Էնգել Ջենի Յուգո Գուստավ Գրյունդգենս
1938 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Պիգմալիոն Լեսլի Հովարդ և Էնթոնի Ասքվիթ Ուենդի Հիլլեր Լեսլի Հովարդ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի հետևյալ անվանակարգերում․ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան (Լեսլի Հովարդ), լավագույն դերասանուհի (Ուենդի Հիլլեր)։ Այն մրցանակի է արժանացել լավագույն ադապտացված սցենարի համար անվանակարգում (Իեն Դելրիմփլ, Սեսիլ Լյուիս, Ուիլյամ Լիփսկոմբ, Բեռնարդ Շոու)։
Ֆիլմը մրցանակ է ստացել նաև Վենետիկի կինոփառատոնում` լավագույն դերասանի համար (Լեսլի Հովարդ)
1957 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Պիգմալիոն Սերգեյ Ալեքսեև Ռոեկ Կոնստանցիա Միխայիլ Ցարյով Ֆիլմ-ներկայացում Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր Թատրոնի դերասանների մասնակցությամբ
1963 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Պիգմալիոն Ջորջ Շեֆեր Ջուլի Հարիս Ջեյմս Դոնալդ «Hallmark փառքի սրահ» ծրագրի շրջանակներում
1964 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Իմ չքնաղ լեդի Ջորջ Կյուկոր Օդրի Հեփբերն Ռեքս Հարիսոն Կատակերգություն Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի և Ֆրեդերիկ Լոուի մյուզիքլի հիման վրա
1973 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Պիգմալիոն Սեդրիկ Մեսինա Լին Ռեդգրեյվ Ջեյմս Վիլյերս BBC-ի «Play of the Month» ծրագրի շրջանակներում
1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Լարիսա Գոլուբկինայի բենեֆիսը Եվգենի Գինզբուրգ Լարիսա Գոլուբկինա Ալեքսանդր Շիրվինդ Լարիսա Գոլուբկինայի բենեֆիս-ներկայացումը ստեղծվել է «Պիգմալիոն» պիեսի մոտիվներով
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գալատեա Ալեքսանդր Բելիսնկի Եկատերինա Մաքսիմովա Մարիս Լիեպա Բալետմայստեր Դմիտրի Բրյանցևի ֆիլմ-բալետ՝ Թիմուր Կոգանի երաժշտությամբ
1983 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Պիգմալիոն Ալան Կուկ Մարգո Քիդեր Պիտեր Օ'Թուլ ТВ

Ադապտացված էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Անվանում Ռեժիսոր «Էլիզա Դուլիթլ» «Հենրի Հիգինս» Մեկնաբանություն
1976 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ The Opening of Misty Beethoven Ռեդլի Մեցգեր Դոլորես «Միսթի» Բեթհովեն - Կոնստանս Մանի դոկտոր Սեյմուր Լավ - Ջեմի Գիլիս պոռնոգրաֆիկ ֆիլմ
1976 Հնդկաստան Հնդկաստան Santu Rangili Մանհար Ռասկապուր գուջարաթի լեզվով
1980 Հնդկաստան Հնդկաստան Man Pasand (Favorite) Բասու Չաթերջի Կամլի - Թինա Մունիմ Պրատապ - Դև Անանդ հինդի լեզվով
1981 Հնդկաստան Հնդկաստան Ogo Bodhu Shundori Դատա Սալիլ Սավիտրի - Մոուշումի Չաթարջի պրոֆեսոր Գագան Սեն - Ուտամ Կումար բենգալերեն լեզվով
1999 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Այդ ամենը նա է (ֆիլմ) Ռոբերտ Իսքոուվ Լեյնի Բոգս - Ռեյչել լի Կուկ Զակ Սայլեր - Ֆրեդի Պրինց Կրտսեր երիտասարդական կատակերգություն
2010 - 2011 Թուրքիա Թուրքիա Gönülçelen Ջևդեթ Մերջան Հասրեթ - Տուբա Բույուկյուսթուն Մուրատ Էրտել - Ջանսել Էլչին թուրքերեն լեզվով
2010 Ռուսաստան Ռուսաստան Ծաղիկներ Լիզայից Անդրեյ Սելիվանով Լիզա - Գլաֆիրա Տարխանովա պրոֆեսոր Սերգեյ Միխայիլովիչ Լիվիտին - Ալեքսանդր Լազարև (կրտսեր) ժամանակակից ռուսական վարիացիա՝ պիեսի մոտիվներով
2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ The Makeover Ջոն Գրեյ Էլիոթ Դուլիթլ - Դևիդ Ուոլթոն Հաննա Հիգինս - Ջուլիա Սթայլզ «Hallmark փառքի սրահ» ծրագրի շրջանակներում
2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սելֆի Էմիլի Քեփնեք Էլիզա Դուլի - Քերեն Գիլան Հենրի Հիգս - Ջոն Չո 1964 թվականի «Իմ չքնաղ լեդի» ֆիլմի վերաիմաստավորումը

Երաժշտական ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Ֆրանց Լեհարը խորհրդածում էր «Պիգմալիոնի» սյուժեով օպերետ գրելու հնարավորության շուրջ: Շոուն, տեղեկանալով այդ նախագծի մասին, կտրականապես մերժում է պիեսի այդպիսի վերամշակումը՝ Վիեննայի իր ներկայացուցչին գրելով. «Ես բացարձակ ցանկություն չունեմ կրկնելու «Շոկոլադե զինվորիկի» պատմությունը»: Շոուն նկատի ուներ «Շոկոլադե զինվորիկ» օպերետը, որը գրվել էր Օսկար Շտրաուսի կողմից 1908 թվականին, իր «Զենք և մարդ» կատակերգության հիման վրա:

Օպերետը հաջողություն ունեցավ, բայց Շոուին այն բոլորովին դուր չեկավ, և նա այլևս երբեք թույլ չտվեց իր պիեսները վերամշակել[34]:

Երբ (արդեն Շոուի մահից հետո) ամերիկացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Լոուն արեց պիեսի երաժշտական ադապտացիայի երկրորդ փորձը, նա հեղինակային իրավունքը համաձայնեցրեց ոչ թե պիեսին (Շոուի արգելքը դեռ գործում էր), այլ 1938 թվականին նկարահանված ֆիլմի սցենարին, որի հեղինակային իրավունքը պատկանում էր կինոստուդիային: Այսպես, 1956 թվականին ստեղծվեց «Իմ չքնաղ լեդի» հանրահայտ մյուզիքլը[34]:

Որոշ չափով «Պիգմալիոնի» երաժշտական ադապտացիա կարելի է համարել նաև «Գալատեա» խորհրդային ֆիլմ-բալետը, որտեղ նույնպես օգտագործվել է Լոուի երաժշտությունը:

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Վայցենբաումը «Էլիզա» (ELIZA) է անվանել իր ստեղծած «վիրտուալ զրուցակցի»՝ ինտելեկտուալ երկխոսությանը նմանակող համակարգչային ծրագիրը (1966):

Բրիտանացի փոփ երգչուհի Էլիզա Սոֆի Քերդը ներկայանում է «Էլիզա Դուլիթլ» կեղծանունով: Նույն անունն ունի նաև նրա դեբյուտային ալբոմը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 1
  2. Pygmalion. My Fair Lady, 1975
  3. 3,0 3,1 3,2 3,3 Бернард Шоу, комментарии к тому 4, 1980, էջ 622
  4. 4,0 4,1 4,2 4,3 Хескет Пирсон, 1997, Глава «Неуёмный завоеватель»
  5. 5,0 5,1 Pygmalion. My Fair Lady, 1975, էջ ix—xi
  6. 6,0 6,1 Балашов П., 1982, էջ 178—179
  7. Предисловие Шоу к «Пигмалиону», 1980, էջ 207—210
  8. Robert Hume (April 2014)։ «Shaw’s Pygmalion was in a different class» (անգլերեն)։ Irish Examiner։ Վերցված է 2014-05-01 
  9. Эмрис Хьюз, 1968, Глава 13
  10. Wade Bradford։ «Pygmalion - Act One Plot Summary of George Bernard Shaw's Play» (անգլերեն)։ Վերցված է 2014-04-27 
  11. Wade Bradford։ «Pygmalion - Act Two» (անգլերեն)։ Վերցված է 2014-04-27 
  12. Wade Bradford։ «Pygmalion - Act Three» (անգլերեն)։ Վերցված է 2014-04-27 
  13. Wade Bradford։ «Pygmalion - Act Four» (անգլերեն)։ Վերցված է 2014-04-27 
  14. Wade Bradford։ «Pygmalion - Act Five» (անգլերեն)։ Վերցված է 2014-04-27 
  15. Балашов П., 1982, էջ 282—285
  16. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 13—14
  17. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 26—28
  18. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 39—41
  19. 1938 թվականի ֆիլմում այդ կերպարի անունը Արիստիդ Կարպատի է (Aristid Karpathy), մյուզիքլում՝ Զոլթան Կարպատի (հնարավոր է, Յոկայի Մորայի «Զոլթան Կարպատիի ճակատագիրը» վեպի պատվին
  20. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 55—60
  21. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 68—70
  22. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ 89
  23. 23,0 23,1 Бернард Шоу, комментарии к тому 4, 1980, էջ 625
  24. Послесловие Шоу к «Пигмалиону», 1980, էջ 296
  25. 25,0 25,1 Послесловие Шоу к «Пигмалиону», 1980, էջ 292—294
  26. Балашов П., 1982, էջ 180—181
  27. Pygmalion. My Fair Lady, 1975, էջ xii, 97
  28. Майский И. Б. Шоу и другие воспоминания. — М.: Искусство, 1967. — С. 28.
  29. Бернард Шоу, комментарии к тому 4, 1980, էջ 623
  30. Бернард Шоу, комментарии к тому 4, 1980, էջ 624
  31. Хескет Пирсон, 1997, Послесловие
  32. Деннингхаус Ф., 1978
  33. Ромм А. С., 1965, էջ 181—183
  34. 34,0 34,1 Ellwood Annaheim։ «Shaw's Folly – Straus' Fortune» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից June 20, 2005-ին։ Վերցված է 15 июля 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балашов П., Художественный мир Бернарда Шоу, М., «Художественная литература», 1982։
  • Васенева Н. В., Рецепция эстетики и драматургии Б. Шоу в русской литературе ХХ в. (на материале комедии «Пигмалион»), Абакан, «Прогресс», 2011։
  • Деннингхаус Ф., Театральное призвание Бернарда Шоу, М., «Прогресс», 1978։
  • Пирсон, Хескет., Бернард Шоу, Ростов-на-Дону, «Феникс», 1997 — 544 էջ, ISBN 5-222-00176-8։
  • Ромм А. С., Джордж Бернард Шоу : 1856-1950, М.—Л., «Искусство», 1965 — 249 էջ։
  • Ромм А. С., Бернард Шоу. Полное собрание пьес в шести томах, հ. 4, М., «Искусство», 1980 — 656 էջ։
  • Хьюз, Эмрис., Бернард Шоу, М., «Молодая гвардия», 1968 — 288 էջ։
  • Бернард Шоу., Избранные произведения в двух томах, հ. 2, М., «Гослитиздат», 1956 — 668 էջ։
  • Бернард Шоу., Полное собрание пьес в шести томах, հ. 4, М., «Искусство», 1980, էջ 207—210։
  • Бернард Шоу., Полное собрание пьес в шести томах, հ. 4, М., «Искусство», 1980, էջ 292—304։
  • George Bernard Shaw, Alan Jay Lerner., Pygmalion / My Fair Lady, New York, «Signet / New American Library, Inc.», 1975 — 192 էջ, ISBN 9780451519269։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են