Պիացցա դեյ Միրակոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Պիացցա դեյ Միրակոլի
Cathedral Square*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

CampodeiMiracoliPisa edit.jpg
Երկիր Իտալիա Իտալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iv, vi[1]
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11 նստաշրջան)
Համար 395
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն


ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 395
ռուս..անգլ..ֆր.
Italy relief location map.jpg

Պիացցա դեյ Միրակոլի (իտալ.՝ Piazza dei Miracoli` թարգմանաբար նշանակում է «Հրաշքների հրապարակ»), պաշտոնապես հայտնի է Piazza del Duomo (անգլ.՝ Cathedral Square) անունով: Ընդգրկում է 8.87 հեկտար տարածք, որն էլ տեղակայված է Պիզայում (Տոսկանա, Իտալիա)։ Ճանաչված է որպես Եվրոպական միջնադարյան արվեստի կարևորագույն կենտրոն և համարվում է աշխարհի ամենահրաշալի ճարտարապետական համալիրներից մեկը[2]։ Իր սեփականատեր Կաթոլիկ եկեղեցու կողմից համարվում է սրբազան վայր, որին գերիշխում են չորս մեծ կրոնական կառույցներ` Պիզայի տաճարը, Պիզայի մատուռը, Պիզայի աշտարակը և Կամպո-Սանտոյի գերեզմանոցը: Մասամբ սալիկապատ և մասամբ էլ խոտածածկ Պիացցա դեյ Միրակոլիում գտնվում է Սուրբ հոգու նոր հիվանդանոցը (the Ospedale Nuovo di Santo Spirito), որտեղ գտնվում է նաև Սինոպիասի թանգարանը (իտալ.՝ Museo delle Sinopie) և Տաճարի թանգարանը (իտալ.՝ Museo dell'Opera del Duomo):

Պիացցա դեյ Միրակոլի անունը դրոշմվել է իտալացի բանաստեղծ Գաբրիել դե Անունցիոյի կողմից, ով իր վեպերից մեկում (Forse che sì forse che no, 1910) նկարագրում է այն որպես «հրաշքների մարգագետին» (prato dei Miracoli): 1987 թվականին տարածքն ամբողջությամբ ընդգրկվել է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Պիզայի տաճարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի տաճարի ճակատային մասը

Պիացցա դեյ Միրակոլի սիրտը Պիացցա դեյ Դուոմոն է` Պիզայի արքեպիսկոպոսության միջնադարյան տաճար, որը նվիրված է Սուրբ Մարիա Ասունտային (St. Mary of the Assumption): Տաճարն ունի երկու դահլիճ նավի յուրաքանչյուր կողմում, երեք միջանցք և հայտնի է նաև որպես առաջնորդարան` Պիզայի արքեպիսկոպոսի առաջնորդությամբ սկսած 1092 թվականից:

Պիացցա դեյ Միրակոլիի կառուցումը սկսվել է 1064 թվականին ճարտարապետ Բուշետոյի կողմից և ինտերիերի խճանկարները, ինչպես նաև ցուցադրվող կամարները ցույց են տալիս բյուզանդական ճարտարապետության ուժեղ ազդեցությունը: Տաճարի ճակատային մասը կառուցվել է վարպետ Ռեյնալդոյի կողմից` մոխրագույն մարմարից և գունավոր մարմարե սկավառակներով պատված սպիտակ քարից: Բրոնզե հսկայական հիմնական դռները պատրաստվել են Ջամբոլոնիայի աշխատասենյակում` փոխարինելով բնօրինակ դռներին, որոնք հրդեհվել են 1595 թվականին: Բնօրինակ կենտրոնական դուռը պատրաստված էր բրոնզից, մինչ մյուս երկուսը հավանաբար փայտից էին: Այնուամենայնիվ տաճար մուտք գործելու համար երկրպագուները երբեք չեն օգտվել ճակատային դռնից` փոխարենը ներս են մտել Սբ. Ռանիերի դռնով:

Պիզայի արծվառյուծը Պիզայի տաճարի թանգարանում

Դռների վերևի մասում չորս շարքով բաց պատկերասրահներն են, որոնց գագաթներին Մադոննայի արձանն է երեխայի հետ, իսկ անկյուններում` չորս ավետարանչականներն են: Դրսի արևելյան մասում բարձր մարմարե սյան վրա գտնվում է Պիզայի արծվառյուծի ժամանակակից կրկնօրինակը` ամենամեծ Իսլամական մետաղյա քանդակը: Քանդակի բնօրինակը տեղադրվել է տաճարում 11-րդ կամ 12-րդ դարերում և հիմա գտնվում է տաճարի թանգարանում:

Պիզայի տաճարի ինտերիերն ու Գալիլեո Գալիլեյի լամպը

Ինտերիերը պատված է սև և սպիտակ մարմարով և ունի ոսկեզօծ առաստաղ ու որմնանկարված գմբեթ: Այն մեծապես վերակառուցվել է 1595 թվականի հրդեհից հետո, որը ոչնչացրել էր Վերածննդի դարաշրջանի արվեստի գործերի մեծ մասը:

Գալիլեո Գալիլեյը հավանաբար ձևակերպել է իր շարժման տեսությունը` հետևելով նավի առաստաղից կախված խունկի լամպին (ոչ այժմյանը): Այն ժամանակվա լամպը, որն ավելի փոքր էր ու հասարակ քան այսօրվանը, հիմա պահպանվում է Կամպո-Սանտոյում, Աուլլայի մատուռում:

Մանրակրկիտ քանդակված ամբիոնը (1302–1310), որը մնացել էր անվնաս հրդեհի ժամանակ, ստեղծվել է Ջիովաննի Պիզանոյի կողմից և համարվում է միջնադարյան քանդակագործության գլուխգործոց: Ժամանակակից ամբիոնը բնօրինակի վերակառուցված տարբերակն է, որն այժմ չի գտնվում իր սկզբնական դիրքում: Նախկինում այն ավելի մոտ էր գտնվում գլխավոր զոհասեղանից և սյուներն ու վահանակները օրիգինալ չեն, իսկ բնօրինակ աստիճանները (հավանաբար մարմարից) այլևս չկան:

Ամբիոնի վերին մասն ունի ինը պատմական վահանակներ Նոր Կտակարանի տեսարաններով, որոնք քանդակված են մարմարից և առանձնացված են մարգարեների կերպարներով` Հայտնություն, Մանուկների կոտորած, Ծնունդ, Մոգերի երկրպագություն, Փախուստ դեպի Եգիպտոս, Խաչելություն և Վերջին Դատաստանի երկու վահանակներ:

Ամբիոնը

Տաճարում հանգչում է Սուրբ Ռանիերիի աճյունը, ով Պիզայի հովանավոր սուրբն էր, ինչպես նաև այստեղ է գտնվում Հռոմի Սուրբ կայսր Հենրիխ 7-րդի շիրիմը` քանդակված 1315 թվականին Տինո դե Կամաինոյի կողմից: Գրիգորի VIII Հռոմի պապը նույնպես թաղված է եղել տաճարում, սակայն 1595 թվականի հրդեհը ոչնչացրել է նրա գերեզմանը:

Պիզայի Ամանորի սկիզբն ազդարարելու գործում Պիզայի տաճարն ունի նշանակալից դեր: Երբ Տոսկանի Օրացույցը 10-րդ դարում բարեփոխվում էր, Պիզան օգտվում էր իր սեփական Օրացույցից, ըստ որի տարվա առաջին օրը մարտի 25-ն էր` Մարիամ Աստվածածին կույսի ավետման տոնական օրը: Տարիները հաշվում էին այնպես, որ Պիզայի Ամանորը սկսվում էր 9 ամիս շուտ: Նոր տարվա սկիզբը որոշվում էր այն պահին, երբ արևի ճառագայթները ընկնում էին Ջիովաննի Պիզանոյի ամբիոնի ձվաձև մարմարին ձախ կողմի պատուհանից, որն էլ տեղի էր ունենում կեսօրին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

H0012046-P.JPG


Պիզայի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի մատուռը

Հովհաննես Մկրտիչ Սրբին նվիրված այս մատուռը կանգնած է Պիզայի տաճարի արևմտյան մասում: Այս հռոմեական ոճի շինությունը կառուցվել է 12-րդ դարում, 1153 թվականի օգոստոսին մի ճարտարապետի կողմից, որին անվանում էին Դիոտիսալվի ("God Save You"), որի անունը նշված է սյան ներսում: Այն Իտալիայում ամենամեծ մատուռն է և զբաղեցնում է 107.25 մ տարածք: Դեպի Պիզայի տաճարի ճակատային մասն ուղղված շքամուտքը շրջապատված է երկու դասական սյուներով, մինչդեռ ներսի կոթերը ձևավորված են Բյուզանդական գեղարվեստական ոճով: Ճակատաքարերը բաժանված են երկու շարքի` ներքևինում նկարագրվում են Հովհաննես Մկրտիչ Սրբի կյանքից մի շարք դրվագներ, իսկ վերևինում պատկերված է Հիսուսը Մադոննայի և Հովհաննես Մկրտիչ Սրբի միջև` հրեշտակներով և ավետարանչականներով շրջապատված: Հսկայական ինտերիերը զարմանալիորեն պարզ է և ձրավորման պակաս ունի: Այն նաև հայտնի է իր նշանավոր Ակուստիկայով:

Մատուռի ամբիոնը քանդակվել է Նիկոլա Պիզանոյի կողմից 1255-1260 թվականների ընթացքում, ով Ջիովաննի Պիզանոյի հայրն էր: Ամբիոնի պատկերները և հատկապես մերկ Հերակլեսի դասական ոճի քանդակը ցույց են տալիս Նիկոլա Պիզանոյի կարողությունները` որպես Իտալիայի Վերածննդի ճարտարապետության կարևոր քանդակագործ[3]: Հետևաբար, իտալական Վերածննդի ուսումնասիրությունները սովորաբար սկսվում են 1260 թվականից` Նիկոլա Պիզանոյի այս ամբիոնի ստեղծման տարեթվից[4]:

Պիզայի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի աշտարակը գտնվում է տաճարի ետևի մասում, որը Պիզայի շինություններից վերջինն է և հայտնի է որպես թեք աշտարակ: Կառուցվել է 1173-1350 թվականներին` մի քանի փուլով: 8 հարկերից միայն 3-ն էր դեռ կառուցված, երբ մարդիկ նկատեցին, որ փափուկ հիմքի նստելու պատճառով շենքը թեքվել է: Ուղղելու փորձերն ապարդյուն անցան և մասնագետները մինչև օրս փորձում են գոնե հետագա թեքումը կանխել: Հիմա աշտարակի թեքությունն այնքան նկատելի է, որ հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են ու զարմանում, թե ինչպես է աշտարակը դեռ կանգուն` մարտահրավեր նետելով ձգողականության օրենքներին: 21-րդ դարի սկզբին` վերականգնման ու շտկման տասը տարվա աշխատանքից հետո, այն վերաբացվեց այցելուների համար: Այդ ժամանակ հայտարարվեց, որ առաջիկա 300 տարում աշտարակը կայուն է մնալու:

Աշտարակի բարձրությունը թեքության վերին հատվածում մոտ 57 մ է, ստորին հատվածում` 56 մ: Սպիտակ մարմարից կառուցված աշտարակի քաշն ավելի քան 15000 տոննա է: Այն ունի 296 աստիճան մինչև աշտարակի վերին զանգակատունը: Աշտարակի տրամագիծը 16 մ է, իսկ ներքևի պատերի հաստությունը` 2,4 մ:

Կամպո-Սանտոյի գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպո-Սանտոյի գերեզմանոցը տեղակայված է հրապարակի հյուսիսային մասում: Ասում են, որ այն կառուցվել է Գողգոթայից բերված սուրբ հողով, որն էլ բերվել է Պիզայի արքեպիսկոպոս Ուբալդո դե Լանֆրանչիի 4-րդ Խաչակրած արշավանքի ժամանակ 12-րդ դարում: Այստեղից էլ առաջացել է Կամպո Սանտո անվանումը, որը նշանակում է «սուրբ դաշտ»: Այս Գոթական ճարտարապետություն ունեցող վանքը սկսվել է կառուցվել 1278 թվականին ճարտարապետ Ջիովանի դի Սիմոնեի կողմից և ավարտին է հասցվել 1464 թվականին: Դրսի պատը բաղկացած է 43 կոր կամարներից և ունի երկու մուտք: Շիրիմների մեծ մասը կամարակապ սրահների տակ են, չնայած մի քանիսը գտնվում են կենտրոնական մարգագետնում: Մի ժամանակ պատերը ծածկված էին որմնանկարներով, որոնք ոչնչացվել են 1944 թվականի հուլիսի 27-ին ընկած սադրիչ ռումբերի կողմից` ծածկվելով հալված կապարով: 1945 թվականից սկսած տարվել են վերականգնողական աշխատանքներ և հիմա Կամպո Սանտոն բերված է իր սկզբնական տեսքին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. Renzulli, Melanie (2010). Rachel Mills, ed. The Green Guide: Italy. Greenville, SC: Michelin. p. 328. [2] [3]
  3. Barsali, G.; U. Castelli, R. Gagetti, O. Parra (1995). Pisa, History and Masterpieces. Florence: Bonechi Edizioni "Il Turismo" S.r.l. p. 46. [4] [5]
  4. Michael Greenhalgh (1978)."Classicism from the Fall of Rome to Nicola Pisano: Survival and Revival". Retrieved 2007-09-18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tobino Mario (1982)։ Pisa la Piazza dei Miracoli։ De Agostini 
  • Ռասել Աշ «Աշխարհի հրաշալիքները», «Տեխնոմարկետ Դիզայն» ՍՊԸ, հայերեն տեքստ, 2011 թ.