Պերուի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերուի քարտեզ
Պերուի տեղագրական քարտեզ

Պերու, պետություն Հարավային Ամերիկայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Էկվադորի, հյուսիսում՝ Կոլումբիայի, արևելքում՝ Բրազիլիայի, հարավ-արևելքում՝ Բոլիվիայի և Չիլիի հետ։ Արևելքում ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով։

Տարածքը՝ 1 285 220 կմ²։

Սահմանի ամբողջ երկարությունը կազմում է 5536 կմ (Բոլիվիայի հետ սահմանի երկարությունը՝ 900 կմ, Բրազիլիայի հետ՝ 1560 կմ, Չիլիի՝ 160 կմ, Կոլումբիայի հետ՝ 1496 կմ, Էկվադորի հետ՝ 1420 կմ)։

Ափագծի երկարությունը՝ 2414 կմ։

Ռելիեֆ․ մերձափնյա հովիտները շրջապատված են բարձրագագաթ և սուր Անդերով (Արևմտյան և Արևելյան Կորդիլիերներ՝ sierra, Պերուում ամբողջապես հաշվվում են 6000 մետրից ավելի բարձրությամբ ավելի քան երեք տասնյակ լեռնագագաթներ), մեծ լեռնաշխարհ, որը պատված է Ամազոնի ավազանի ջունգլիներով։

Ամենաբարձր գագաթը Նեվադո Ուասկարան լեռն է՝ 6768 մ բարձրությամբ։ Բնակչությունը՝ 30 741 062 մարդ։

Պերուի կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղնապոչ կապիկ՝ Պերուի էնդեմիկ

Հաշվվում է Պերուի թռչունների 1856 տեսակ, որոնցից 131-ը էնդեմիկ են, 88-ը համարվում են վերացող և 3 տեսակը ներմուծված է[1]։ Պերուն թռչունների տեսակների քանակով երկրորդ երկիրն է[2] Կոլումբիայից հետո, որը ներկայացնում է տեսակների ամբողջ թվաքանակի 20%-ը[3]։

Այստեղ տարածված են տինամուն, պալամեդեյները, կրակսերը, ֆլամինգոն, յաբիրուն, իբիսները, գրիֆ-հնդկահավը, անդյան կոնդորը։

Կաթնասուններից Պերուի տարածքում բնակվում են պումա, լամաներ, մրջնակեր կապիկներ, համրուկներ, գետնակինճ, շինշիլաներ, զրահակիրներ, երկարապոչ կատուներ։

Պերուի բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստայի բուսական աշխարհը աղքատ է։ Մշտական բուսական թաղանթ այստեղ չկա։ Գերակշռում են կակտուսները, էպիֆիտները և քարաքոսերը։ Հազվադեպ հանդիպում են սողացող թփեր։ Անդերում վառ արտահայտվում է ուղղահայաց գոտիականությունը։ Արևելյան Կորդիլիերների մինչև մոտ 1500 մ բարձրության լանջերը ձևավորում են գոտի, որն իսպաներեն անվանվում է «տիերրա կալիենտե» (շոգ հող)։ Մոտ 1500 մ բարձրությունից այն փոխարինվում է լեռնային արևադարձային անտառի գոտով, որը բարձրանում է մինչև 2300-2500 մ, որը ներկայացված է 10-14 մ բարձրության հնագույն ձարխոտներով, փշոտ թփերով, մամուռներով, քարաքոսերով, գետնամուշկերով, կրակային-կարմիր կամ վառ դեղին խոլորձների առատությամբ։ Լեռնային անտառի բնորոշ բույսերից մեկը քինաքինայի ծառն է (1400-2400 մ)։ Պերուն այս ծառի հայրենիքն է, և այդ պատճառով այն պատկերված է երկրի զինանշանի վրա։

Լեռնային արևադարձային անտառը փոխարինվում է սաղարթավոր անտառով (մինչև մոտ 3000 մ բարձրության)։ Այլ պատկեր է արևմտյան Կորդիլիերների լանջերին. մերկ ժայռեր, խիճ, աղակալած հողեր, ավազաբլուրներ, չորություն, հազվագյուտ թփեր, կակտուսներ և խոտեր։ Անդյան շրջանների բուսականության վրա կտրուկ ազդում են բարձրությունը, հեռավորությունը հասարակածից։ Բնական բուսականությունը այստեղ գլխավորապես ներկայացված են խոտերով և թփերով։ Էկվադորի հետ սահմանի մոտ լեռնային անտառի եզրերից մինչև ձյան գիծը տարածվել են բարձրլեռնային հասարակածային մարգագետինները՝ պարամոսները։ Պերուական սելվայի տեսակային կազմը չափազանց հարուստ է` ավելի քան 20 հզր. բույսեր։ Հանրահայտ է սելվայի «սև ոսկին»՝ կաուչուկատու հևեան։ Մեծաքանակ ծառեր և թփեր օգտագործվում են փայտի, բուսական յուղի, լաքերի, բժշկական և սննդի արդյունաբերության հումքի ստացման համար։

Պերուի կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի արևմուտքում գերիշխում է կլիմայի արևադարձային անապատային ձևը, արևելքում՝ մերձարևադարձային, իսկ լեռներում կլիման կախված է տեղանքի բարձրությունից։

Երկրի արևմտյան ափերի մոտերքով անցնում է Պերուական սառը հոսանքը, դրա պատճառով ափի վրա կլիման չոր է։ Ըստ էության՝ ափամերձ հարթավայրը Ատակամա չիլիական անապատի շարունակությունն է։ Այստեղ տարեկան թափվում են ընդամենը 10-50 մմ տեղումներ։ Ամենաչոր և շոգ ժամանակը դեկտեմբերից ապրիլ շրջանն է։ Այս ժամանակահատվածում ընդհանրապես կարող են տեղումներ չնկատվել։ Փետրվարի օրական ջերմաստիճանը տատանվում է 26° ջերմությունից հարավում մինչև 36 ° ջերմություն հյուսիսում։ Գիշերը օդը սառեցվում է մինչև +20 աստիճան հարավում և +24°՝ հյուսիսում։ Ձմեռային ժամանակահատվածում օդի օրական ջերմաստիճանները հավասար են համապատասխանաբար +19° և +28°, գիշերայինները՝ 13° և 17° ջերմությունների։

Հետո դեպի արևելք՝ լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազում է։ 4000 մետրից ավելի բարձրություններում նույնիսկ ամռանը՝ գիշերային ժամերին նկատվում են սառեցումներ։ Ամռանը օրական միջին ջերմաստիճանները՝ սիերրայում տեղակայված հիմնական քաղաքներում՝ +19°-+21°, գիշերայինները՝ +4°-+6° աստիճան։ Հունիս-օգոստոս շրջանում ցերեկը նկատվում է մոտ 16°-18° ջերմություն, գիշերը՝ -6°- -2° աստիճան։ Անդերում տարեկան թափվում են 700 մմ տեղումներից՝ արևմտյան լանջերին մինչև 2000 մմ տեղումներ՝ արևելյանին։ Այստեղ չոր շրջանը տևում է ապրիլից հոկտեմբեր։

Սելվայում շոգ և խոնավ է։ Ամառային շրջանում ցերեկային ջերմաստիճանները հասնում են 34° ջերմության, գիշերայինները իջնում են մինչև +24°-ի։ Ձմռանը ցերեկը օդը տաքանում է մինչև +30°, իսկ գիշերը իջնում է մինչև 20° ջերմության։ Տեղումների միջին տարեկան քանակը արևադարձային անտառներում կազմում է 3800 մմ, անձրևային շրջանը շարունակվում է նոյեմբերից մարտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Avibase — the world bird database (Проверено 9 мая 2009)
  2. perubirdingroutes, Perú: Un sueño para el observador de aves (2005) Արխիվացված 2009-05-31 Wayback Machine (Проверено 9 мая 2009)
  3. Aves de Lima, Sobre AvesdeLima.com (Проверено 9 мая 2009)