Պետրոս առաքյալի ուրացումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պետրոս առաքյալի ուրացումը», Գավրիիլ Կոզլովի նկարը

Պետրոսի ուրացում, նորկտակարանյան դրվագ, որը պատմում է այն մասին, թե ինչպես Պետրոս առաքյալը ուրացավ Հիսուս Քրիստոսին նրա ձերբակալումից հետո. Հիսուսը դա կանխատեսել էր դեռևս Խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Պետրոսը երեք անգամ ուրանում է, վախենալով, որ իրեն ևս կձերբակալեն, բայց լսելով աքաղաղի կանչը՝ նա հիշում է իր Վարդապետի խոսքերը և դառն արտասվում։

Այս պատումը հանդիպում է բոլոր չորս Ավետարաններում (Մտթ. 26:69-75, Մրկ. 14:66-72, Ղուկ. 22:54-62, Հովհ.18:15-18, 18:25-27)

Դրվագը վերաբերում է Քրիստոսի չարչարանքներին և հետևում է Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում ձերբակալմանը Հուդայի համբույրից հետո։ Ըստ ավետարանական դեպքերի ժամանակագրության այն տեղի է ունեցել հինգշաբթի՝ լույս ուրբաթի գիշերը։

Նոր Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որ Պետրոսն իրեն կուրանա, Հիսուս Քրիստոս նախօրոք ասել էր իր աշակերտներին՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ.

Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. «Թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»։
- Մտթ. 26:33-35 (հմմտ. Մրկ. 14:30, Հովհ. 13:38)

Բոլոր չորս կանոնական Ավետարաններն այս դրվագը և երեքանգամյա ուրացման պահը նշում են մինչև աքաղաղի կանչելը, բացառությամբ Մարկոսի, որը հավելում է, որ աքաղաղը կանչում է երկու անգամ։

Երեք ուրացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հիսուսի ձերբակալումից հետո նրան բերեցին Կայիափա քահանայապետի պալատ։ Պետրոսը հետևեց նրան, բայց մնաց դուրսը՝ բակում՝ նստելով ծառաների հետ (ըստ Մարկոսի և Ղուկասի՝ կրակի մոտ)։ Այդտեղ նրան մոտեցավ մի աղախին (ըստ Մարկոսի՝ քահանայապետի աղախինը) և ասաց. «Դո՛վ էլ գալիլիացի Հիսուսի հետ էիր»։ (Ըստ Հովհաննեսի Պետրոսը դեռ դրսում էր և բակ չէր մտնում, և նրան ճանաչեց դռնապան աղջիկը, ում մոտով նրան ցանկանում էր անցկացնել Կայիափային ծանոթ աշակերտը՝ ինչպես ընդունված է համարել՝ պատմողը՝ Հովհաննես առաքյալը)։ Այստեղ Պետրոսը բոլորի առջև իր Վարդապետին ուրանում է առաջին անգամ։ Ըստ Մարկոսի (սակայն ձեռագրի ոչ բոլոր ցանկերում) այդ ժամանակ աքաղաղն առաջին անգամ կանչեց։
  2. Հետո նրան կրկին ճանաչեց մի աղախին (ըստ Մատթեոսի՝ մեկ ուրիշը, ով նրան տեսել էր այն բանից հետո, երբ նա դուրս էր եկել գավթից, ըստ Մարկոսի՝ նույն աղախինը) կամ ինչ-որ տղամարդ (ըստ Ղուկասի և Հովհաննեսի. համաձայն վերջինիս նրանք միասին կանգնած էին կրակի մոտ)։ Այստեղ Պետրոսը երկրորդ անգամ ուրացավ։
  3. Այնուհետև Պետրոսին մոտեցան և ասացին, որ նա հաստատ Հիսուսի հետ է եղել, որովհետև գալիլիացու նման է խոսում (ըստ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի)։ Հովհաննեսը չի նշում բարբառը, փոխարենը ասում է, որ նրան մոտեցավ և ճանաչեց քահանայապետի ծառաներից մեկը, որը ազգական էր Մաղքոսին, ում ականջը կտրել էր Պետրոսը Գեթսեմանիի այգում։ Պետրոսն ուրացավ երրորդ անգամ և այդ ժամանակ աքաղաղը կանչեց (ըստ Մարկոսի՝ երկրորդ անգամ)։

Ուրացումների նկարագրությունները ավետարանիչների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ուրացում Երկրորդ ուրացում Երրորդ ուրացում

«Պետրոսը և աղախինը»

«Պետրոսը խարույկի մոտ»

«Պետրոսը լսում է աքաղաղի կանչը»
Ըստ Մատթեոսի
Մտթ. 26:69-75
Իսկ նրանք բռնելու Հիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մոտ, ուր օրենսգետներն ու ծերերը հավաքվել էին։ Եվ Պետրոսը հեռվից նրան հետևելու՝ գնաց մինչև քահանայապետի գավիթը և ներս մտնելով՝ սպասավորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը։ (…) Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գավթում. մի աղախին մոտեցավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Հիսուսի հետ էիր»։ Նա ուրացավ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խոսում»։ Եվ երբ նա գավթից դուրս ելավ, նրան տեսավ մի այլ կին և այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Հիսուս Նազովրեցու հետ էր»։ Եվ դարձյալ նա երդումով ուրացավ, թե՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եվ մի քիչ հետո այնտեղ գտնվողները, մոտենալով, Պետրոսին ասացին. «Իրոք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խոսվածքն էլ քեզ հայտնի է անում»։ Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդվել, թե՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ նա ասել էր, թե՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եվ դուրս ելնելու՝ դառնապես լաց եղավ։
Ըստ Մարկոսի
Մրկ. 14:66-72
Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ. և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը։ Իսկ Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև ներս, քահանայապետի գավիթը։ Եվ նստած էր սպասավորների մոտ ու տաքանում էր կրակի բոցի առջև։ (…) Եվ մինչ Պետրոսը դեռ ներքևում, գավթում էր, քահանայապետի մի աղախինը եկավ և տեսավ նրան տաքանալիս։ Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր»։ Նա ուրացավ և ասաց. «Չեմ ճանաչում նրան և չգիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Եվ երբ նա դրսի գավիթը ելավ, աքաղաղը կանչեց։ Աղախինը նորից տեսավ նրան և սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. «Սա էլ նրանցից է»։ Եվ Պետրոսը դարձյալ ուրացավ։ Փոքր-ինչ հետո, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրոք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, և քո խոսվածքն էլ նման է»։ Եվ նա սկսեց նզովք կարդալ, երդվել և ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ Եվ հենց նույն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուս ասել էր իրեն, թե՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». և սկսեց լալ։
Ըստ Ղուկասի
Ղուկ. 22:54-62
Եվ բռնելով նրան՝ տարան եվ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ Երբ գավթի մեջ կրակ վառեցին եվ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ Մի աղախին տեսավ նրան կրակի լույսի մոտ նստած, հայացքը սևեռեց նրան և ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»։ Իսկ Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին» Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ» Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլիացի է»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խոսում»։ Եվ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ Տերը դարձավ և նայեց Պետրոսին. եվ Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնորէն լաց եղավ։
Ըստ Հովհաննեսի
Հովհ. 18:15-18, 18:25-27
Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանոթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց։ Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թե դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Այնտեղ կային ծառաներ եվ պահակներ, որոնք խարույկ էին արել և տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ (…) Եվ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թե դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ եվ ասաց՝ ո՛չ, չեմ։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսա քեզ նրա հետ պարտեզում»։ Պետրոսը դարձյալ ուրացավ. և իսկույն մի աքաղաղ կանչեց։

Պետրոսի զղջումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաքյալը և աքաղաղը, Ավետարան, 1300

Համաձայն երեք ավետարանիչների, Պետրոսը հիշեց կանխասացության մասին հենց որ կանչեց աքաղաղը, իսկ Ղուկասն ավելացնում է, որ Հիսուս այդ պահին նայեց Պետրոսի աչքերի մեջ։

Հետաքրքրական է, որ Հովհաննեսի ավետարանն ավարտվում է նրանով, որ հարությունից հետո աշակերտներին հանդիպած Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալից պահանջում է, որ երեք անգամ հաստատի իր նկատմամբ սերը.

Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։
- Հովհ. 21:15-17

Ռուս աստվածաբան Պավել Ֆլորենսկին քննադատում է հետևյալ հատվածի կաթոլիկյան մեկնությունը որպես ՊԵտրոսի վերականգնում կամ նրան գերակա իշխանության ընձեռում մյուս առաքյալների մեջ։ Դիմելով բնօրինակ տեքստին՝ նա նշում է, որ «սիրել» բառով են թարգմանվել երկու տարբեր հունարեն բառեր.

Այստեղից Ֆլորենսկին եզրակացնում է, որ հատվածը զուտ վերաբերում է Քրիստոսի և Պետրոսի միջանձնային հարաբերություններին։ Պետրոսը իր ուրացմամբ դավաճանել էր Հիսուսի ընկերական սիրուն, բայց արդյունքում ներում է ստանում[1]։

Պետրոսը երբեք չի մոռանում իր ուրացումը։ Սուրբ Կղեմեսը՝ նրա աշակերտը, պատմում է, որ Պետրոսն իր մնացած կյանքի ընթացքում աքաղաքի կեսգիշերային երգեցողության ժամանակ ծնկի էր իջնում և լցվելով արցունքներով՝ զղջում էր իր ուրացումը, չնայած Տերը ներել էր նրան հարությունից հետո։

Պահպանվել է ավելի հին մի ավանդություն, որ Պետրոս առաքյալի աչքերը կարմրել էին հաճախակի և դառը արտասվելուց[2]։ Քրիստոնեական արվեստում աքաղաղը դարձավ նրան ճանաչելու ատրիբուտներից մեկը։

Աստվածաբանական մեկնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսը արցունքներով դուրս է գալիս քահանայապետի բակից

Պետրոսի ուրացումը և դրա հետ կապված նրա հոգևոր ապրումներն իրենց արտացոլումն են գտնում աստվածաբանական մեկնություններում։ Նկարագրելով Պետրոսի՝ քահանայապետի տուն մտնելը՝ «Լոպուխինի մեկնողական Աստվածաշունչը» բարձրացնում է առաքյալի հոգևոր վիճակի մասին հարցը մինչև ուրացման դեպքի ուսումնասիրությանն անցնելը։

Այն, ինչ կատարվեց ներսում, Պետրոսի հոգում, ոչ ոքի նկատելի չեղավ. իսկ ներսում միայն երևում էր, որ նա տաքանում էր կրակի մոտ։ Բնականաբար, գտնվելով նյութեղեն կրակի մոտ, Պետրոսը ստիպված էր ջանասիրաբար հանգցնել և զսպել ամեն ներքին բոց, որ ուղղակի չմատնի իրեն և իր մտադրությունները։ Նա գտնվում էր մի մարդու դրությունում, որ ափից տեսնում է խեղդվողին և չունի ո՛չ ուժ, և ո՛չ միջոց գոնե ինչ-որ բանով օգնելու համար նրան։ Դա առհասարակ բոլոր բարի և սիրող մարդկանց համար ամենատանջալի դրություններից մեկն է։ Թե ինչպիսի հոգևոր չարչարանքներ է վերապրել Պետրոսը, տաքանալով կրակի մոտ, ծածկված է մարդկանց աչքերից[3]։

Թեոփիլակտոս Բուլղարացին մանրամասնորեն կանգ է առնում աղախնի կերպարի մեկնաբանության վրա՝ ցանկանալով դատապարտել Պետրոսին. «Պետրոսը մեղադրվում է աղախնի կողմից, այսինքն, մարդկային թուլությունից, փոփոխական և ծառաներին հատուկ մի բանից»[4]։ Աքաղաղը, որ առաքյալին զգացմունքների է բերում, Թեոփիլակտոսի կարծիքով «Քրիստոսի խոսքն է, որ թույլ չի տալիիս, որ մենք թուլանանք և քնենք, այլ ասում է՝ արթուն կացեք»[4]։

Ավետարանիչները Պետրոսի ուրացման տեսարանը տարբեր կերպ են տեղադրում սինեդրիոնի դատի դեպքերի համատեքստում։ Համատեսները բոլոր երեք ուրացումների պատմությունը պատմությունը առանց ընդհատումների են տեղադրում (միայն Ղուկասի մոտ է ասվում, որ երկրորդ և երրորդ ուրացումների միջև անցել էր մոտ մեկ ժամ՝ Ղուկ. 22:59): Միևնույն ժամանակ, Ղուկաս ավետարանիչը ուրացումը դնում է քահանայապետի ատյանի առաջ Քրիստոսի դատապարտումից առաջ, իսկ Մարկոսը՝ դատապարտումից հետո։ Ստացվում է, որ Ղուկասի տարբերակն ավելի հավանական է, քանի որ դժվար թե այդպիսի դատապարտումը տեղի ունենար վաղ առավոտյան. Սինեդրիոնին որոշ ժամանակ էր պետք, որ բավականաչափ թվով անդամներ հավաքվեն և ինչպես հարկն է քննարկեն այդպիսի կարևոր գործը[5]։

Պետրոսի ուրացումը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Флоренский П. Столп и утверждение истины. М., 1914. С. 403-405.
  2. Отречение апостола Петра // Глава из «Закона Божьего» протоиерея Серафима Слободского
  3. Толковая Библия Лопухина. Евангелие от Матфея
  4. 4,0 4,1 Феофилакт Болгарский. Толкование на Евангелие от Матфея
  5. Толковая Библия Лопухина. Евангелие от Луки