Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլայ Գե
տարի1871
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Peter the Great interrogating tsarevich Alexei Վիքիպահեստում

«Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին» (ռուս.՝ «Пётр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе»), ռուս նկարիչ Նիկոլայ Գեի (1831—1894 թվականներ) վրձնին պատկանող նկար՝ ստեղծված 1871 թվականին։ Այն Տրետյակովյան պատկերասրահի (ինվենտարային համար՝ 2630) հավաքածուի կազմից է։ Նկարի չափսերն են՝ 135,7 × 173 սմ [1][2]։

Գեն նկարն ստեղծել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկներ») առաջին ցուցահանդեսի համար, որի բացումը տեղի է ունեցել 1871 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում։ Մասնավորապես, նկարչի կողմից ընտրված թեմայի արդիականությունը կապված էր Պետրոս I–ի (1672—1725 թվականներ)՝ մոտալուտ 200–ամյա հոբելյանի հետ։ Մինչ ցուցահանդեսը Պավել Տրետյակովը նկարը գնել է հեղինակից[1][3]։

Նիկոլայ Գեն նկարել է հեղինակային մի քանի կրկնօրինակներ, որոնցից մեկը ձեռք է բերել Ալեքսանդր II–ը։ Այժմ այն Ռուսական պետական թանգարանի հավաքածուի կազմում է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականի սկզբին Նիկոլայ Գեն Իտալիայից վերադարձել է Ռուսաստան, որտեղ ապրել և ստեղծագործել է 1857—1863 թվականներին և 1864—1869 թվականներին։ Վերջնականապես այնտեղ հաստատվել է 1870 թվականի մայիսին, երբ ընտանիքի հետ միասին բնակություն է հաստատել Սանկտ Պետերբուրգի Վասիլևյան կղզում[5]։ Այդ ընթացքում Գեն մտերմացել է առաջադեմ նկարիչների և գրողների հետ, դարձել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը։ Նրա ստեղծագործություններում ի հայտ են եկել սյուժեներ՝ կապված 18—19–րդ դարերի Ռուսաստանի պատմության հետ։ Այդ թեմատիկային վերաբերող առաջին ստեղծագործություններից մեկը հենց «Պետրոս Առաջին և արքայազն Ալեքսեյ» նկարն է, որի սյուժեն կապված է Պետրոս Առաջինի անվան հետ[6][7]։

Անձամբ Գեն դրա մասին այսպես է գրել իր հուշերում[8]

Իտալիայում ապրած տասը տարիներն իրենց ազդեցությունն են թողել ինձ վրա, և ես այնտեղից վերադարձել եմ որպես կատարյալ իտալացի, ով Ռուսաստանում ամեն ինչ տեսնում էր նոր լույսի ներքո։ Ես ամենուր և ամեն ինչում զգում էի Պետրոս Առաջինի բարեփոխումների ազդեցությունն ու հետքը։ Այդ զգացումն այնքան ուժգին էր, որ ես ակամա հափշտակվեցի Պետրոսով, և այդ ազդեցության տակ մտահղացավ իմ «Պետրոս Առաջին և արքայազն Ալեքսեյ» կտավը։

Նկարի վրա աշխատելիս Գեն ուսումնասիրել է պատմական փաստաթղթեր՝ կապված Պետրոս Առաջինի գործունեության հետ։ Ըստ երևույթին նա այդ ամենը քննարկել է իր ընկերների և ծանոթների, մասնավորապես՝ պատմաբան և հրապարակախոս Նիկոլայ Կոստոմարովի հետ։ Վերջնարդյունքում Պետրոս Առաջինի անձի սկզբնական իդեալականացումը փոխարինվել է իրականությանը առավել համապատասխան գնահատմամբ։ Այն կապված էր դաժանության և տառապանքի ընկալման հետ, որը վճարվել է այդ դարաշրջանի բարեփոխման հաջողությունների համար[9]։ Նիկոլայ Գեն այսպես է նկարագրել իրողությունը[10]

«Պետրոս Առաջին և արքայազն Ալեքսեյ» նկարը պատկերելիս ես համակրանք եմ տածել Պետրոսի նկատմամբ, բայց հետո, երբ ուսումնասիրեցի շատ փաստաթղթեր, տեսա, որ համակրանք լինել չի կարող։ Ես ներքուստ սաստիկ լարվել էի Պետրոսի նկատմամբ տածած համակրանքի պատճառով։ Ասում էի, որ նրա հասարակական հետաքրքրությունները վեր են եղել հայրական զգացումից, որն արդարարացրել է նրա դաժանությունը, բայց սպանել կատարելությունը։

Նիկոլայ Գեն «Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին» կտավը նախապատրաստել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկներ») առաջին ցուցահանդեսի համար, որի բացումը հետաձգվել է մի քանի անգամ, բայց ի վերջո տեղի է ունեցել 1871 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում[3]։ Պավել Տրետյակովը կտավը գնել է հենց նկարչի արվեստանոցից՝ ցուցահանդեսից քիչ առաջ։ Գեի կտավը Տրետյակովի հավաքածուի առաջին ստեղծագործությունն էր[11]։

Ցուցահանդեսի ժամանակ նկարը հավանել է Ալեքսանդր II կայսրը, ով ևս այն գնելու ցանկություն է հայտնել։ Մինչդեռ ոչ ոք համարձակություն չի ունեցել նրան հայտնել, որ նկարը վաճառված է։ Այդ խնդիրը հարթելու համար Գեին խնդրել են Տրետյակովի համար նկարել ստեղծագործության հեղինակային կրկնօրինակը, իսկ բնօրինակը տալ Ալեքսանդր II–ին։ Նկարիչը հայտարարել է, որ առանց Պավել Միխայլովիչի համաձայնության նման բան անել չի կարող։ Արդյունքում բնօրինակը հանձնվել է Տրետյակովին, իսկ Ալեքսանդր II–ի համար նկարվել է հեղինակային կրկնօրինակը, որը հետագայում անցել է Ռուսական պետական թանգարանին[12]։

Սյուժե և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերգոֆի Մոնպլեզիր պալատում գտնվող նկարում պատկերված են Պետրոս I–ն ու նրա որդին՝ Ալեքսեյ Պետրովիչը։ Պետրոս I−ը նստած է սեղանի աջ կողմում գտնվող կարմիր թավիշով զարդարված բազկաթոռին, իսկ սեղանի ձախ կողմում կանգնած է արքայորդի Ալեքսեյը[13]։ Կտավում պատկերված է պատմական դրամայի հոգեբանական մեկնաբանությունը։ Արքայազն Ալեքսեյը՝ դժգոհ Պետրոս I–ի բարեփոխումերից, որոնք քւղեկցվում էին բռնությամբ, փախել է Արևմտյան Եվրոպա, բայց վերադարձվել ու մեղադրվել է Ռուսաստանում իշխանության զավթմանը նախապատրաստվելու մեջ։ Հոր՝ Պետրոս I–ի իմացությամբ Ալեքսեյ Պետրովիչը բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ ենթարկվելով կտտանքների՝ 1718 թվականի հունիսի 26–ին (հուլիսի 7) վախճանվել է։

Չնայած Պետրոս I–ի և արքայորդի Ալեքսեյի արտաքին հանգստությանը՝ նրանց ներաշխարհը լի է անհանգստությամբ և հոգեկան լարվածությամբ։ Հավանաբար նրանց միջև բուռն քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում Պետրոս I–ն էլ ավելի է համոզվել որդու դավաճանության մեջ, ինչը վկայում են սեղանին փռված փաստաթղթերը (թղթերից մեկն ընկած է հատակին)։ Դատավճիռն ընդունելուց առաջ Պետրոս I–ը զննող հայացք է գցել որդու դեմքին՝ այնտեղ զղջման ու ապաշխարանքի նշույլներ գտնելու հույսով։ Ալեքսեյը, հոր ակնապիշ հայացքից ազդված, կախել է աչքերը։ Նա, վստահ լինելով, որ Պետրոս I–ը սեփական որդուն մահվան չի դատապարտի, լռել և ներում չի խնդրել[14]։

Ստեղծագործության լուսաստվերային լուծումն ընդգծում է կերպարների միջև եղած տարբերությունը։ Ըստ արվեստաբան Տատյանա Կարպովայի՝ արքայազն Ալեքսեյի կերպարն ավելի գունատ է լուսավորված, «կարծես լուսնային մահացու լույսով», ինչն այս իրավիճակում խորհրդանշում է այն, որ «նա արդեն ավելի շատ պատկանում է ստվերների թագավորությանը, քան իրական կյանքին` իր կրքերով և գույներով»։ Միևնույն ժամանակ, Պետրոս I-ի դեմքը, ընդհակառակը, «եռանդուն կերպով կերտված է լուսաստվերի հակադրությամբ»[15]։ Սեղանի անկյունը և դրա վրայի կարմիր ու սև սփռոցը («սուգի գույները») կարծես թե բաժանում են հորն ու որդուն և կանխագուշակում այս դրամայի ողբերգական ավարտը[16]։ Հատակի սև և սպիտակ սալիկների հերթականությունն ունի մի քանի մեկնաբանություն՝ «Պետրոսի դարաշրջանի կանոնավոր ոգու արտահայտություն, Պետրոսի և արքայազնի բնավորություններում սևի ու սպիտակի առկայություն, շախմատի տախտակ, որի վրա խաղարկվում է եզրափակիչ խաղը, որտեղ պարտվում է Ալեքսեյը»[17]։

Պատմական փաստաթղթերում վկայություն չկա այն մասին, որ Պետրոս I-ը երբևէ հարցաքննել է արքայազն Ալեքսեյին Մոնպլեզիր պալատում, որը մինչև 1718 թվականն ամբողջությամբ կառուցված չէր։ Հակառակը՝ վկայություն կա, որ «իրականում դա տեղի չի ունեցել Մոնպլեզիրում»[18]։ Ենթադրվում է նաև, որ դժվար թե Պետրոս I-ը արքայազնին առանձին հարցաքննած լիներ։ Սակայն Գեն, կարծես թե, իմացել է այդ մասին, այնուամենայնիվ, նա որոշել է նկարում պատկերել միայն Պետրոսին և Ալեքսեյին, որպեսզի հնարավորություն ունենա կենտրոնանալ նրանց կերպարների հոգեբանության և ապրումների վրա[12]։

Նկարում պատկերված լուծման որոնման ցավոտ պահը վկայում է, որ Գեն ցանկացել է Պետրոս I-ին ցույց տալ ոչ թե որպես դահիճ, այլ որպես հայր, որ ոտնահարում է իր անձնական շահը՝ հանուն պետականի[14]։ Արվեստագետ Ալլա Վերեշագինան նշել է, որ «առաջին անգամ ռուս պատմական նկարչության մեջ ստեղծվել են իդեալականացմանը խորթ, պատմական իրական գործիչների տիպիկ կերպարներ», քանի որ «նկարի բուն պատմությունը պայմանավորված է հոգեբանությամբ»[19]։

Նկարների էսքիզներ և կրկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին (էսքիզ, 1870 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)

Տրետյակովյան պատկերասրահում ևս գտնվում է այդ նկարի համանուն էսքիզը (1870 թվական, յուղաներկով կտավ 22 × 26,7 սմ , գույքագրման համար՝ Ж-593), որը ձեռք է բերվել Ա. Ա. Կուրենովի ժառանգներից, 1970 թվականին[1][20]։

Գոյություն ունեն նկարի մի քանի նույնանուն կրկնություններ՝ հեղինակի կողմից։ դրանցից մեկը գտնվում է Ռուսական պետական թանգարանում (1872 թվական, յուղաներկով կտավ, 134,5 × 173 սմ , գույքագրման համարը Ж-4142), որն այդտեղ են բերել 1897 թվականին Էրմիտաժից[21]։ Մեկ այլ կրկնօրինակ, որը նույնպես թվագրված է 1872 թվականին, գտնվում է Ուզբեկստանի արվեստի պետական թանգարանում՝ Տաշքենդում[1][4]։ Այն մեծ իշխան Նիկոլայ Կոնստանտինովիչի հավաքածուից է[22][23] (ըստ որոշ տեղեկությունների՝ ավելի վաղ այդ կտավը գտնվում էր նրա հոր՝ մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի հավաքածուում[24]): Բացի այդ, չթվագրված կրկնօրինակը գտնվում է Թուրքմենստանի գեղարվեստի պետական թանգարանում՝ Աշխաբադում[1]։

Հայտնի են նաև այս կտավի հեղինակային փոքրացված կրկնօրինակները[1][4]։ Դրանցից մեկը՝ թվագրված 1874 թվականին, գտնվում է Ռիբինսկի թանգարան-արգելոցում (յուղաներկով կտավ, 58,4 × 74,3 սմ , գույքագրման համարը Ж-211)[13]: Մյուս փոքրքցված կրկնությունը, նույնպես թվագրված 1874 թվականին, պատկանում է Նովգորոդի թանգարան-արգելոցի հավաքածուում։ Մեկ այլ կրկնություն, որը թվագրված է 1878 թվականին, Կիևի մասնավոր հավաքածուի մեջ[1][4]։

Ակնարկներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն» ակնարկային հոդվածում, որը հրատարակվել է «Հայրենական գրառումներ» ամսագրում, գրող և գրաքննադատ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը մեծ ուշադրություն է դարձրել Գեի նկարին․

Գեի նկարի առաջին պլանում մենք հանդիպում ենք «Պետրոս Մեծին՝ որդուն հարցաքննելիս»։ Մեր առաջ ընդամենը երկու կերպարներ են և աչքի չզարնող խիստ պարզ պայմաններ, սակայն նա, ով տեսել է այդ երկու պարզ, ոչ տպավորիչ կերպարներին, պետք է խոստովանի, որ նա եղել է այն հրաշալի դրամաներից մեկի վկան, որը երբևէ չի ջնջվում հիշողությունից։
«Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին» նկարը՝ 2006 թվականի Ռուսաստանի փոստային նամականիշի վրա

Տեսնելով, որ «ըստ էության՝ Պետրոսի անհատականությունը չափազանց համակրելի է պարոն Գեին», Սալտիկով-Շչեդրինն իր կողմից ևս տվել է բարձր գնահատական Պետրոս Առաջինի, ռուսական պատմության մեջ նրա ունեցած դերի և նրա բարոյական որակների վերաբերյալ։ Նա դրական է գնահատել պետրովյան բարեփոխումները՝ համարելով, որ վերջին անհաջողություններից որոշները տեղի են ունեցել ոչ նրա մեղքով, այլ «նրա գործը շարունակողների, որոնք կարևորություն էին տալիս բարեփոխումների տառերին՝ լիովին մոռանալով գաղափարը»։ Այդ պատճառով նկարում արտահայտված հակամարտության մեջ Սալտիկով-Շչեդրինի համակրանքը Պետրոսի կողմն էր, որը վախենում էր, որ արքայազն Ալեքսեյը, բազմելով գահին՝ որպես ժառանգորդ, կվերացնի իր ստեղծած տերության մեծ մասը։ Սալտիկով-Շչեդրինի խոսքերով՝ «այդ նկարին նայելով մարդը տեսնում է Պետրոսի կերպարի լուսավոր ներաշխարհը»։ Այդ ժամանակ արքայազն Ալեքսեյի համար հոր հետ ժամադրությունը նույնպես «լի էր բարոյական տագնապներով, սակայն դրանք այլ բնույթի էին»[25]։

Առաջին շրջիկ ցուցահանդեսների ընկերության մասին հոդված է հրատարակել նաև գեղարվեստական քննադատ Վլադիմիր Ստասովը, ով նույնպես դիտարկել է Գեի նկարը՝ որպես լավագույն ստեղծագործություն․

Գեի նախորդ նկարներից և ոչ մեկը չէր կրում հասունության այդպիսի կնիք և վարպետություն, ինչպիսին սա է։ Ստեղծագործության ուժն ու կոլորիտությունը այնպիսի մանրուքներում է արտահայտված, ինչպիսիք են սեղանի վրայի բազմագույն սփռոցը, յուրաքանչյուր մանրամասնության պարզությունն ու անհավանական ճշգրտությունը՝ սկսած Պետրոսի գլխից մինչև նրա փոշոտ երկարաճիտք կոշիկներն ու շապիկը։ Այս ամենը նկարը դարձրել են ռուսական զարդերից մեկը, որը հատուկ է արևմտյան նոր արվեստի լավագույն պատմական նկարներին։

Ընդ որում, ի տարբերություն Սալտիկով-Շչեդրինի, Ստասովը ավելի ծայրահեղ է արտահայտվել Պետրոս I-ի հասցեին՝ համարելով նրան բռնակալ, իսկ արքայազն Ալեքսեյին՝ զոհ[26]։ Հենց այդ տեսանկյունից էլ նա քննադատել է Գեի նկարի կոմպոզիցիան[3]։

Մշակութաբան Նատալյա Զոգրաֆը, որը հետազոտել է Գեի ստեղծագործությունները, գրել է, որ այդ նկարը «Գեի ու իր գործընկերների արվեստի մերձեցման առավել վառ վկայություններից մեկն է», քանի որ պատմական գործիչների գնահատման ժամանակ «նրանց առաջին հերթին հետաքրքրել են արարքների ներքին հոգեբանական դրդապատճառները», և «նրանց առաջնորդել է մարդկանց բարոյական իմաստով գնահատելու անհրաժեշտությունը»[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 206
  2. «Ге Николай Николаевич — Петр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 А. Г. Верещагина, 1988, էջ 52
  4. 4,0 4,1 4,2 4,3 Каталог ГРМ, 1980, էջ 91
  5. Татьяна Карпова, Светлана Капырина (составители). «Летопись жизни и творчества Николая Николаевича Ге» (PDF). журнал «Третьяковская галерея», 2011, № 3, с.52—63. Վերցված է 05.08.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. А. Г. Верещагина, 1988, էջ 48—49
  7. Н. Ю. Зограф, 1974, էջ 22—23
  8. Н. Н. Ге, 1978, էջ 84
  9. А. Г. Верещагина, 1988, էջ 50
  10. Н. Н. Ге, 1978, էջ 100
  11. Татьяна Юденкова. «Павел Михайлович Третьяков и Николай Николаевич Ге» (PDF). журнал «Третьяковская галерея», 2011, № 3, с.20—31. Վերցված է 05.08.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. 12,0 12,1 Н. А. Ионина. 100 великих картин. — Москва: Вече, 2006. — 510 с. — ISBN 9785953311250
  13. 13,0 13,1 «Пётр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе. Картина». Государственный каталог Музейного фонда Российской Федерации — goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  14. 14,0 14,1 В. Баева, 2010, էջ 26
  15. Т. Л. Карпова, 2002, էջ 30
  16. Т. Л. Карпова, 2002, էջ 30—31
  17. Т. Л. Карпова, 2002, էջ 31
  18. П. Е. Бухаркин. Три века Санкт-Петербурга: Девятнадцатый век. — Санкт-Петербургский государственный университет, 2006. — С. 216.
  19. А. Г. Верещагина, 1988, էջ 51
  20. «Ге Николай Николаевич — Петр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе (эскиз)». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  21. Каталог ГРМ, 1980
  22. Е. Г. Фурсикова. Августейший коллекционер: штрихи к портрету великого князя Николая Константиновича. // В книге: «Константиновский дворцово-парковый ансамбль: исследования и материалы» (сборник статей, 322 с.). — ФГБУ «Президентская библиотека имени Б. Н. Ельцина», 2011. — С. 260—276.
  23. «Государственный Музей искусств Узбекистана» (HTML). Ташкентские Куранты — uzcapital.uz. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  24. С. М. Круковская. В мире сокровищ. — Ташкент: Издательство литературы и искусства имени Гафура Гуляма, 1982. — С. 103. — 232 с.
  25. М. Е. Салтыков-Щедрин, 1970, էջ 228
  26. А. Г. Верещагина, 1988, էջ 54
  27. Н. Ю. Зограф, 1974, էջ 24

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]