Պեյլան, հայաբնակ ավան Ամանոսի լեռնանցքներից մեկում, Ալեքսանդրետ քաղաքից մոտ 15 կմ հվ–արլ․, Պեյլան գետակի ժայռապատ ձորալանջին։ Ալեքսանդրետի գավառի (սանջակի) Պեյլանի գավառակի (կազայի) կենտրոնն էր։ Զովաշունչ օդով, սառնորակ աղբյուրներով, այգիներով, պտղատու պարտեզներով ու ծառաստաններով (կաղնի, սոճի, թթենի ևն) հռչակված Պեյլանը աղեկսանդրեկցիների սիրած ամառանոցն էր։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 1500 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով (գործում էին 110 խանութ և կրպակ), թռչնաբուծությամբ։ Ունեին եկեղեցի և դպրոց։ Պեյլանում ապրում էին նաև հույներ և եվրոպացի այլ բնակիչներ։ 1915-ին, Մեծ եղեռնից փրկված հայերը 1920-ից (երբ Ալեքսանդրետի գավառը մտցվեց Ֆրանսիայի խնամակալության ներքո գտնվող Սիրիայի կազմի մեջ) վերադարձան Պեյլան։ Սակայն, երբ Թուրքիան 1938-ին ռազմակալեց, իսկ 1939-ին զավթեց Ալեքսանդրետի գավառը, տեղի շուրջ 40 հզ․ հայերի թվում հարկադրաբար Սիրիա և Լիբանան գաղթեցին նաև պելյանցիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 229)։