Պեղիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պելիոն (այլ կիրառումներ)
հին Էպիրոսի քարտեզ

Պեղիոն կամ Պելիnն ( հուն․՝ Πήλιον), լեռ, որը գտնվում է Իլլիրիայի և Միջին Հունաստանի (Թեսալիա) միջև։ Բարձրությունը՝ 1618 մ։ Ըստ հուն, առասպելների՝ հսկաները փորձել են Պ․ և հարևան Օսսա լեռը դնել Ողիմպոսի (կամ Օսսան և Ողիմպոսը պեղիոնի) վրա՝ երկինքը նվաճելու համար։ Ուրիշ առասպելներում այդ մտադրությունը վերագրվում է Պոսիդոնի թոռներ (այլ տարբերակում՝ որդիներ) Օտոսին ու Եփիալտեսին, որոնք ուզում էին բարձրանալ երկինք՝ Հերա և Աֆրոդիտե դիցուհիների սերը նվաճելու համար, սակայն, հանդգնության համար նրանց սպանել է Ապոլլոնը։ «Օսսան Պեղիոնի վրա դնել» արտահայտությունն ունի վիթխարի գործ կատարելու, երբեմն՝ հսկայական ջանքերով փոքր արդյունքի հասնելու հեգնական իմաստ։ Արգոնավորդների առասպելում հիշվում է, որ Արգո նավը պատրաստվել է Պեղիոնի վրա աճող անտառի փայտից։ Պեղիոնի գագաթի քարայրում իբր ապրել է Հերակլեսի բարեկամ, շատ հերոսների (այդ թվում՝ Աքիլլեսի) դաստիարակ Քիրոն կենտավրոսը։ Պեղիոնի լանջին եղել է Զևսի սրբարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։