Պաֆոսի հնագիտական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաֆոսի հնագիտական պարկ
հուն․՝ Αρχαιολογικοί χώροι της Πάφου
Տեսակթանգարան և պոլիս
Երկիր Կիպրոս
ՏեղագրությունՊաֆոս
Մասն էPaphos?
Հիմնադրվել է1962
Կայքvisitpafos.org.cy/Archaeological_Park.aspx
Քարտեզ
Քարտեզ

Պաֆոսի հնագիտական պարկ՝   հնագիտական թանգարան բաց երկնքի տակ, գտնվում է Պաֆոս քաղաքում, Կատո-Պաֆոս նավահանգստի մոտակայքում։ Հնագիտական պարկի հիմնական կառույցները Նեո-Պաֆոս անտիկ քաղաքի պեղումնավայրերն են։ Հայտնի է 1960-ականներին հայտնաբերված մեծ քանակությամբ լավ պահպանված հռոմեական խճանկարներով։ Պարկի հարավային մասում գտնվում է Սարանտա Կոլոնես միջնադարյան բերդի ավերակները։ Պարկի տարածքում են գտնվում նաև II դարի մի շարք այլ կառույցների ավերակներ՝ ագորաներ, օդենոններ և Ասկլեպիոսի տաճարը։ Հնագիտական պարկի պեղումները սկսվել են 1960 թվականից և շարունակվում են մինչև օրս[1][2]։ Պաֆոսի հին մասը, որի բաղկացուցիչ մաս է կազմում հնագիտական պարկը, մտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[3]։

Խճանկար տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսի տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատո-Պաֆոսի պատմական կառույցների գտնվելու վայրերի սխեման, դեղին գույնը հնագիտական պուրակի հիմնական տարածքն է

Պաֆոսի հնագիտական պուրակի ամենահայտնի խճանկարները գտնվում են այսպես կոչված Դիոնիսի տան մեջ՝ Պաֆոսի հարուստ քաղաքացու բնակավայրի ավերակներում, որը պատկանում է հռոմեական ժամանակներին։ Հենց այս հաստատությունից է 1962 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ պատահականորեն հայտնաբերվել հնագիտական խճանկարները, և այստեղից է սկսվել ներկայիս հնագիտական պարկի տարածքում հնագիտական պեղումները։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ տունը պատկանում էր հռոմեական պրոկոնսուլի (հին հռոմեական մարզի կառավարիչ), որի նստավայրը գտնվում էր Պաֆոսում։ Սակայն պրոկոնսուլի պալատի և մի քանի այլ տների հարուստ խճանկարային զարդարանքներով փլատակների հայտնաբերումից հետո, եկան այն եզրակացության, որ նմանատիպ զարդարանքները սովորական էին համարվում Պաֆոսի հարուստ բնակիչների համար։ Դիոնիսի տունը թվագրվում է մեր թվարկության 2-րդ դարին և կառուցված է մեր թվարկության 1-ին դարի շինարարական հիմքով։ 2 հազ. մ² տարածքով տնակազմը զբաղեցնում էր մի ամբողջ քաղաքային թաղամաս, տան մեջ կար 40 սենյակ և 15 խճանկարային հատակ (556 մ² խճանկար)[4]։ Բացի խճանկարներից տան մեջ հայտնաբերվել են բազմաթիվ կենցաղային իրեր, որնոնք ներկայումս ցուցադրված են Պաֆոսի Հնագիտական թանգարանում։ Դիոնիսի տունը քանդվել է 332 և 324 թվականների խոշոր երկրաշարժերից, որոնցից խիստ տուժել է ամբողջ քաղաքը[2]։

Բնակարանի կենտրոնում տեղակայված էր սյունազարդ գավիթով ատրիումը, մնացած սենյակները՝ ննջասենյակ, խոհանոց, արհեստանոց, լոգարան, տեղակայված էին նրա շուրջ։ Սյունազարդ և ծածկված գավիթից մնացել են միայն անջատ ճարտարագիտական բեկորներ, որոնք հայտաբերվել են պեղումների ժամանակ։ Ատրիումի առաստաղին եղել են անձրևաջրերի հոսքի համար նախատեսված անցքեր, իսկ նրա տակ՝ գավիթի մեջտեղում, տեղակայված էր ոչ մեծ ուղղանկյուն լողավազան, ջրի հավաքման համար։ Տունը ուներ կոյուղագիծ։ Սենյակները բացի խճանկարից զարդարված էին նաև որմնանկարներով։

Բացի ատրիումից տունն ուներ ևս երկու բաց փոքրիկ բակեր և լողավազան նախատեսված ձկնաբուծության համար[2][4]։

Դիոնիսի տան ամենահին խճանկարները իրենցից ներկայացնում էին պարզ երկրաչափական նկարներ և հավաքված էին սպիտակ, սև և շականակագույն հղկված գետաքարից։ Ավելի ուշ խճանկարների ստեղծման համար օգտագործում էին անհամաչափ կտրված քարեր, այս խճանկարները կամ գունավոր էին կամ սև ու սպիտակ[4]։ Ենթադրվում է, որ խճանկարների աշխատանքի մեծ մասը կատարվում էր ենթավարպետների կողմից, նախապես հարթեցված մակերեսին հաջորդաբար ավելացվում էի ոչ մեծ քարերից շերտ և կրային լուծույթ, հետո ջարդված քարերից և անոթներից բեկորներ ապա վերևից ավելացնում էին ևս մեկ շերտ կրաքար։ Խոնավ կրաքարի վրա վարպետները շարվում էին խճանկարը։ Խճանկարի պատրաստման համար օգտագործում էին տեղի քարերը, տարբեր գույների ապակիներ (վառ գազարագույնի, երկնագույնի կանաչի և այլ երանգների ստացման համար), ինչպես նաև Կիպրոս ներմուծվող մարմար։ Խճանկարի գծանշումը պարզեցնելու համար պատրաստվում էին քառակուսի մոդուլներ, հավանաբար տան տերը նախապես կարող էր ընտրել իրեն դուր եկած պատկերը։

Դիոնիսի տան հնագույն խճանկարները գտնվում են տան մուտքի մոտ։ Նրանցից մեկում պատկերված է միֆական հրեշ Սկիլլան։ Կողքին ոչ մեծ պարզ երկրաչափակն նախշով շրջանակված է երկու դելֆինների պատկտերը։ Այս խճանկարը համարվում է Կիպրոսի ամենահին խճանկարներից մեկը և թվագրվում է մ.թ.ա 9-րդ դարի վերջից 3-րդ դարի սկիզբ։ Այն հավաքված է սև, սպիտակ և շականակագույն հղկված գետաքարից և ընդհակառակը հռոմեական ժամանակների խճանկարը, որի մեջ պատկերված է Նարկիսոսը՝ հունական դիցաբանության աստված՝ Կեֆիսի որդին, որ հիանում էր լճի մեջ իր արտացոլումով։ Սրա հարևանությամբ գտնվում է խճանկար, որում պատկերված է տարվա չորս եղանակները՝ ճխանկարի անկյուններում տեղակայված և մեջտեղում ժամանակը մարմնավորող նկարով[4]։

Ատրիումի հատակը զարդարված է որսի տեսարանների խճանկարով։ Նմանատիպ սյուժեներ Կիպրոս ինչպես նաև Հռոմեական կայսրության այլ տարածքներ եկել են հյուսիսային Եգիպտոսից, սրանով կարելի է բացատրել խճանկարներում պատկերված այն կենդանիների նկարները, որոնք երբեք չեն հանդիպում այս կղզիում։ Ատրիումի խճանկարային դրոշմները շրջանակված են դեկորատիվ գոտիներով։ Ատրիումի արևմտյան մասի կենտրոնական պատկերը պարունակում է չորս արտահայտիչ տեսարաններ՝ Դիոնիսը և Իկարիուս, Պիրմա և Ֆիսբա, Ապոլլոն և Դաֆնա, Պոսեյդոն և Ամիմոնա։ Ամենամեծը համարվում է Դիոնիսոսի պաննոն։ Խճանկարի մեջտեղում Իկարիուսի պատկերն է, որ ապաստան էր տվել աթենքից եկած Դիոնիսոսին։ Ի շնորհակալություն Դիոնիսոսը Իկարիուսին սովորեցրեց գինեգործության արվեստը, բայց զգուշացրեց նրան զգույշ լինել գինից։ Իկարիուսը ճամփորդելով Ատիկայում գինի հյուրասիրեց երկու հովիվների, վերջիններս հարբելով սպանեցին Իկարիուսին մտածելով, որ նա ուզում էր թունավորել իրենց։ Իկարիուսը խճանկարում պատկերված է գեր և մորուքով ծերունու տեսքով։ Իկարիուսից ձախ պատկերված են գինի խմող Դիոնիսը և հավերժահարս Ակմեն։ Իկարիուսից աջ պատկերված են գինուց հարբած հովիվները։ Բոլոր կերպարների վերևում գրված են պարզաբանող տեքստեր։ Հովիվների պատկերի վերևում գրված է «Առաջին անգամ գինուց հարբած»[4]։ Նկարներից մեկը նվիրված է ծովերի աստված Պոսեյդոնին և արգոլիդյան արքայադուստր Ամմոնեին։ Համաձայն միֆի, արգոլիդայում սարսափելի երաշտի ժամանակ արքա Դանայը իր աղջիկներին ուղարկում է ջուր որոնելու։ Ամմոնեն իր որոնումների ժամանակ հանդիպում է Պոսեյդոնին, ով աղջկա համար աղբյուր է բացում լերնում, Արգոսից հարավ։ Խճանկարի մեջտեղում Պոսեյդոնն է եռոտանին ձեքին, նա ուղևորվում է Ամմոնի մոտ, նրա կողքին Ամուրն է, որ ձեռքին ունի ուղղանկյուն հովանոց և ջահ։ Պատկերված է նաև ջուրը խորհրդանշող անոթը։ Հաջորդ խճանկարում ցույց է տրված բաբելոնացիներ՝ Պիրմայի և Ֆիսբայի պատմությունը, որ ներկայացվել է Օվիդիուսի «Կերպարանափոխություններում»[5]։ Սիրահարված Պիրման և Ֆիսբան պայմանավորվում են հանդիպել աղբյուրի մոտ։ Աղբյուրի մոտ առաջինը հասած Ֆիսբան վախեցավ աղբյուրին մոտեցող արյունոտ երախով առյուծից և թաքնվեց քարանձավում, հանդիպման վայրում նա կորցնում է իր շարֆը։ Պիրման տեսնելով առյուծին Ֆիսբայի շարֆը պատառոտելով, մտածում է, որ իր սիրելին մահացել է և հուսահատությունից իրեն սպանում է դանակով։ Ֆիսբան վերադառնալով տեսնում է մահացած Պիրմային և գնում է իր սիրելիի հետևից, սպանելով իրեն նույն դանակով։ Խճանկարում պատկերված են տարբեր ժամանակների տեսարաններ։ Աջ կողմում կատարվածի մասին դեռևս ոչինչ չիմացող Պիրման է, գետերի աստվածը՝ պառկած ավանդական դիրքով անոթը ձեռքին, որից ջուր է հոսում։ Ձախ կողմում՝ առյուծից փաղչող Ֆիսբան, նրա կերպարը լի է շարժումով, նկարչին հաջողվել է փոխանցել աղջկա վախը։ Կոմպոզիցիայի մեջտեղում պատկերված է Ֆիսբայի շարֆը պատառոտող առյուծը։ Խճանկարը տարբերվում է գույների բազմազանությամբ։ Ֆիսբայի կերպարի բաց գույները հակադրած է ավելի թունդ գույներ պարունակող Պիրմայի կերպարին, հագուստների երկնագույն և շականակագույն գույները լրացվնում են մեկը մյուսին, վառ կարմիր գույնով ընդգծած է աղջկա կոշիկները և Պիրմայի աջ ձեռքի առատության եղջյուրը։ Կենտրոնական պաննոյի չորրորդ խճանկարում Ապոլլոնի և Դաֆնայի պատմությունն է։ Գետային Պինյոսի դուստր Դաֆնան, որ երդվել էր կույս մնալ, փաղչում է իրեն սիրահարված Ապոլլոնից։ Նա օգնություն է խնդրում իր հորից, և նրա ոտքերը արմատների նման ներաճում են հողի մեջ, ձեռքերը և մազերը վերածվում են տերևների, մարմինը դառնում է բուն, Դաֆնան դառնում է դափնու ծառ։ Դաֆնայի կերպարանափոխությունը պատկերված է խճանկարում։ Դաֆնայից աջ պատկերված է սառած Ապոլլոնը, աղեղը ձեռքին զարմացած հետևում է Դաֆնայի կերպարանափոխությանը։ Դաֆնայից ձախ պատկերված է իր հայրը, գետերի աստված Պենեյը[4]։

Դիոնիսի տան ատրիումի խճանկարները
Դիոնիսոս և Իկարիուս (ձախ հատված) Պոսեյդոն և Ամմոնա Պիրմա և Ֆիսբա (աջ հատված) Ապոլլոն և Դաֆնա

Ատրիումի հարուստ զարդարված արևմտյան սյունազարտ գավիթից հյուրերը անցնում էին դեպի սեղանատուն՝ տան տոնական, շքեղ հատվածը, որը ծառայում էր որպես ճաշասենյակ։ Այս սենյակի հատկը տան ապետամեծ հատակներից մեկն է, և զարդարված է հարուստ խճանկարային գորգով։ Խճանկարի կենտրոնական մասը երեք կողմից շրջանակում է խճանկարային լայն ժապավենը, որի վրա պատկերված են խաղողի ցողուններ (չորրորդ՝ արևմտյան հատվածում ժապավենի նկարը պահպանված չէ)։ Կենտրոնում՝ վատ պահպանված, խաղողի բերքահավաքի տեսարան է, պահպանված կտորներից կարելի է դատել նկարչի բարձր վարպետության մասին[2], ով շատ կենդանի փոխանցել է և՛ խաղող հավաքողների կերպարները և՛ հատապտուղներ կտցող թռչուններին ու կենդանիներին, առանձնանում է ամուրի կերպարը՝ մեծ սիրամարգի պոչից բռնած։ Տարածքի արևելյան պատին, սեղանատան մուտքի մոտ գտնվում է Դիոնիսի հաղթական երթը պատկերող խճանկարը։ Կենտրոնում գինիների աստվածն է երկու հովազներով լծած կառքով, նրան ուղեկցում են տարբեր երաժշտական գործիքներ նվագող սատիրներ և մենադներ (բաքոսուհիներ) և այծոտն աստված Պանը։ Դիոնիսի հաղթանակի նկարի կողքին առանձին դրոշմներով ներփակված են Դիոսկուրների պատկերը[4]։

Դիոնիսի տունը:Խճանկարից հատված

Միջանցքներից մեկում տեղակայված խճանկարում պատկերված է Փաեդրան և Հիպպոլիտուսը։ Փաեդրան՝ աթենյան թագավոր Թեսևսի կինը, սիրահարվել է Հիպպոլիտուսին, իր ամուսնու առաջին ամուսնությունից ունեցած որդուն։ Ամուսնու բացակայության ժամանակ նա Հիպպոլիտուսին ուղարկում էր սիրային ուղերձներ, բայց վերջինս մերժում է նրա սերը, այդ ժամանակ Փաեդրան զրպարտում է նրան Թեսևսի մոտ ասելով, որ Հիպպոլիտուսը նրան սիրային նամակներ է ուղարկել։ Բարկացած Թեսևսը կանչում է Պոսեյդոն աստծուն և վերջինս մեծ ալիք է ուղարկում այն ափ, որտեղով անցնում էր Հիպպոլիտուսը։ Նրա ձիերը վախենալով ալիքներից խրտնում են և երիտասարդը կործանվում է ժայռերում։ Փաեդրան իմանալով կատարվածի մասին ինքնասպանություն է գործում։ Խճանկարում պատկերված է Հիպպոլիտուսը Փաեդրայի ուղերձով։ Նրանից աջ նստած է մտածկոտ Փաեդրան, նրա վերևում իր զգացմունքները խորհրդանշող ամուրը՝ վառվող ջահով[4]։

Ատրիումից հարավ գտնվող սենյակներից մեկի խճանկարում պատկերված է թե ինչպես է Զևսը արծիվի վերածվելով առևանգում Գանիմեդեսին։ Վարպետի կողմից հմտորեն պատկերված է մեծ թռչունի թռիչքը, որ տարածել էր թևերը երիտասարդի փխրուն կազմվածքի վրա։ Պատկերը շրջանակված է բարդ կառուցվածք ունեցող ութագագաթով և գալարազարդով[4][2]։ Ատրիումից արևմուտք գտնվում էին խոհանոցները և օժանդակ սենյակները, որոնք հիմնականում ունեին հողե հատակ։ Սակայն սենյակներից մեկում կարելի է տեսնել սև սպիտակ խճանկար պարզ երկրաչափական պատկերներով։ Մասնիկները որոնցից այն հավաքած է երկու անգամ ավելի մեծ է մյուս խճանկարների մասնիկների հետ համեմատած։ Պեղումների ժամանակ ծածկը կառուցելիս այստեղ հայտաբերվել է ամֆորա, որի մեջ եղել է 2500 ոսկե մետաղադրամ, որոնք պատկանում էին Պտղոմեոսների ժամանակաշրջանին։ Մետաղադրամները հատվել են Պաֆոսի սեփական դրամահատարանում և թվագրվում են մ.թ.ա 204-88 թվականներն։ Հարևան սենյակի խճանկարը ունի բարդ երկրաչափական պատկեր, որ ավելի հատկանշական է Ֆրանսիայի համար, քան Արևելյան Միջերկրածովի[4]։ Ատրիումից արևելք գտնվում են սեփականատերերի ննջարանները, նրանց առանձնասենյակները և լոգարանները, շինության այս հատվածի հատակը հիմնականում կրաքարի ցեմենտից է, որ լցված է մանր հղկված գետաքարերի վրա։ Մեջտեղում տեղակայված է փոքրիկ բակը, ձկնաբուծության համար նախատեսված լողավազանով[2]։

Թեսևսի տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիսի տնից դեպի արևմուտք մեծ տան ավերակներ են, որ բացահայտվել է 1966 թվականին լեհ հնագետների կողմից[1]։ Ենթադրվում է[4], որ այս շենքը հարուստ զարդարանքներով կարող էր հանդիսանալ Կիպրոսում հռոմեական պրոկունսուլի ամառանոցը։ Տունը, որը թվագրվում է որպես մեր թվարկության 3-րդ դարի կառույց, քանդվել է մեր թվարկության 4-րդ դարում տեղի ունեցած երկրաշրժից, հետո նորից վերակառուցվել է, և վերջնական փլուզվել է մեր թվարկության 7-րդ դարում արաբական արշավանքներից հետո։ Տունը հռոմեական ժամանակաշրջանի Կիպրոսի ամենամեծ շենքերից մեկն է։ Շենքի մեջտեղում գտնվում է պերիստիլ ներքին բակը, շրջապատված վարչական, տնտեսական, ծիսական, բնակելի նշանակություն ունեցող տարածքներով, տունն ներառում էր ավելի քան 100 սենյակ։ Շենքի հարավ-արևելյան թևում հայտնաբերվել են վերնապարանքի ավերակներ[4]։

Թեսևսի տունը
Թեսևսի տան ավերակները Մինոտավրոսի և Թեսևսի մենամարտը պատկերող խճանկար Մինոտավրոսի և Թեսևսի մենամարտը պատկերող խճանկար, Կրետեի այլաբանական պատկեր Աքիլլեի լողանալու խճանկարային պատկերը

Տան հատակի խճանկարները վերաբերում են մեր թվարկության 3-ից 5-րդ դարերին։ Խճանկարներից ամենահայտնին թվագրվում է մեր թվարկության 3-րդ դար, այն պատկերում է Թեսևսի և Մինոտավրոսի մենամարտը։ Մենամարտի տեսարանը տեղադրված է շրջանի մեջ, այն բոլորված է բավիղի սխեմատիկ պատկերով։ Մեդալիոնի կենտրոնական մասում գտնվում է Թեսևսի կերպարը, նրա հետևում բավիղն է պատկերված ծեր մարդու կերպարով։ Խճանկարի վերևի ձախ մասում պատկերված է Արիադնեի նկարը իսկ վերևի աջ մասում Կրետե կղու պատկերն է ներկայացված կանացի կերպարով։ Ներքևի աջ մասում պարտված Մինոտավրոսն է։ Խճանկարը հավանաբար վերականգնվել է 4-րդ դարի երկրաշարժից հետո, վերականգնված հատվածների (օրինակ Թեսեևս գլուխը) հավաքման տեխնիկան հիշեցնում է բյուզանդականը։ Ենթադրվում է, որ տան ամենամեծ հատվածը ծառայել է որպես ունկնդրության սրահ։ Այս սենյակի հատակը մարմարե սալիկներից էր, սենյակի հարավային մասում հատակին կաին խճանկարներ, որոնցից լավ պահպանվել էր միայն մեկը, Աքիլլեսի լվացվելու առաջին տեսարանը։ Կոմպոզիցիան հիշեցնում է բյուզանդական եկեղեցիներում Քրիստոսի առաջին լվացման պատկերները։ Խճանկարի ձախակողմյան հատվածում պատկերված է Աքիլլեսին գրկած ծծմայրը, դեպի աջ Աքիլլեսի ծնողների կերպրներն են Պելևսը և Թետիսը։ Թետիսի հետևում պատկերված են երեք մոյրաներ, ճագատագրի աստվածուհիներ։ Խճանկարը թվագրվում է 5-րդ դարին։ Գլխավոր դահլիճի այլ խճանկարներում, որոնք գրեթե պահպանված չեն, պատկերում եմ Աքիլլեսի կյանքի այլ դրվագներ[4]։

Էոնի տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսևսի տան դիմաց գտնվող շենքի ավերակները, մուտքի խճանկարից դեպի արևմուտք ընկած հատվածն է, որ կոչվում Էոնի տուն[6]։ Այստեղի պեղումները դեռևս ավարտված չեն։ Սենյակների մեծ մասի հատակներին եղել են խճանկարներ, պարզ երկրաչափական նախշերով։ Միայն տան կենտրոնական սենյակում է, որ ծառայում էր որպես հյուրասենյակ և ճաշասենյակ հատակին արված էր մեծ խճանկար առասպելական սյուժեով, որ թվագրվում է 4-րդ դարի երկրորդ կեսին[7]։ Տան պատերը զարդարված էին որմնանկարներով, առանձին որմնանկարներ վերականգնվել են և ցուցադրված են Պաֆոսի հնագիտական թանգարանում։ Վերականգնված է նաև պատերց մեկը, որի որմնախորշում որ ենթադրաբար եղել են քանդակներ[4]։

Էոնի տան խճանկարները
Կասսիոպեյան և ներեուհիները Դիոնիսի հաղթանակը Լեդաի լոգանքը Ապոլլոնը և Մարսյասը

Կենտրոնական դահլիճի խճանկարներն ունեն վառ գունային սպեկտր և հավաքված էին 2-5 մմ չափերով մոդուլներից։ Նկարների հերոսների անունները տեղադրված են կերպարների կողքին հունարեն գրառումներով։ Խճանկարային հատակի մեջտեղի մասում պատկերում են գեղեցկության մրցույթ Կասսիոպեաի և ծովային հավերժահարս ներեուհիների միջև։ Խճանկարի երկու մասերից մեկը ծովային է։ Մեջտեղում պատկերված է հավերժության աստված Էոնի կերպարը, որ մարմնավորում է արդարադատությունը։ Ավելի վերև պատկերված են Կասսիոպեան և Ներևսի երեք ամենագեզեցիկ դուստրերը՝ Գալատեան, Դորիսը և Թետիսը։ Վճիռ մարմնավորողը ծաղկեպսակ է դնում հաղթող Կասսիոպեաի գլխին։ Պարտված հավերժահարսերին ծովային աստվածները տանում են ծովի խորքը։ Վերևում մրցույթին հետևում են Զևսը և Աթենասը։ Խճանկարի վերևի ձախ անկյունում պատկորված է Զևսի և սպարտացի թագուհի՝ Լեդայի հանդիպումը։ Առսապելի համաձայն Զևսը հիացած էր Լեդայի գեղեցկությամբ և ներկայանալով նրան որպես գեղեցիկ կարապ ամուսնանում է նրա հետ։ Այնուհետև Լեդան լույս աշխարհ է բերում երկու ձու՝ առաջինից դուրս է գալիս Հեղինե Չքնաղը, իսկ մյուսից՝ Դիոսկուրներ երկվորյակները։ Նկարում պատկերված է գետերի աստծուն մարմնավորող Լեդայի Երոտ գետում լողալը։ Զևսի կարապի կերպարի պատկերը վատ է պահպանվել։ Վերևի աջ նկարում պատկերված է Դիոնիսի առաջին լոգանքը։ Նորածնին իր ծնկների վրա է պահում Հերմեսը, ոչ հեռու երեք հավերժահարսեր նորածնին պատրաստվում են լոգանքի։ Ներքևի ձախ նկարում պատկերված է Դիոնիսի հաղթանակը, կրոնական արշավի տեսքով։ Առջևում աստծո ուղեկցորդուհիներից մեկն է, մենադան և սատիրը, որ պահում էր մրգերով սկուտեղը։ Սրան հաջորդում է Դիոնիսի կենտավրոսներին լծած, բայց վատ պահպանված նկարը։ Դիոնիսի հետևում Տրոֆևսն է և զամբյուղը գլխին մի աղջիկ։ Վերջին նկարում՝ ներքևի ձախ մասում, պատկերված է, թե ինչպես է Ապոլլոնը պատժում Մարսյասին։ Մարսյասը այնքան կատարյալ էր նվագում ֆլեյտայի վրա, որ համարձակվում է Ապոլլոնին հրավիրել մրցության։ Դատավորները Մուսաներն էին և Մարսյասը հաղթեց, բայց հետո Ապոլլոնը սկսեց երգել և նվագել կիֆարայի վրա, որից հետո Մարսյասը պարտվեց մենամարտը։ Այդ ժամանակ Ապոլլոնը հրամայեց Մարսյասին կախել բարձր սոճիից և քերտել նրա կաշին[8]։ Նկարում պատկերված է վճիռը կայացնող Ապոլլոնը և երկու մրցանավակները, որ տանում էին Մարսյասին ծառի մոտ, որպեսիզի նրան մաշկատեին։ Ապոլլոնից ձախ մոլորության մարմնավորում Պլանեն է, Ապպոլոնի ոտքերի մոտ ծնկաչոք Օլիմպիան է, Մարսիասի աշակերտը, որ ներում է խնդրում իր ուսուցչի համար[4]։

Օրփեոսի տունը

Եվս մի շենք, որի ավերակները գտնվում են ծովի մոտ, հատակագծով հիշեցնում է Դիոնիսի տունը՝ ոչ մեծ ատրիում շրծապատված բազմաթիվ սենյակներով։ Կացարանը, որի ավերակները հայտաբերվել էին դեռևս 1940 թվականին, կառուցված է եղել մեր թվարկության 2-րդ դարի վերջին[9]։ Այս հատվածի հնագիտական պեղումները սկսել են համեմատաբար ուշ՝ 1982 թվականին։ Օրփեոսի տան ատրիումում պահպանեվել է պերիստիլ սյունագավիթը։ Շենքի արևմտյան մասը, որտեղ գտնվել են ոչ մեծ տարածքներ (ենթադրաբար ննջասենյակներ) շինարարական նյութերի առևանգման պատճառով գրեթե ամբողջությամբ քանդվել են։ Համեմատաբար լավ պահպանված հյուսիսային մասում գտնվում են հասարակական բաղնիքները և հյուրասենյակները։ Սենյակների մեծ մասի հատակները եղել են հողե, հյուսիսային մասում գտնվող սենյակներից միայն երեքի հատակն է եղել խճանկարով զարդարված[10]։ Խճանկարներից ամենամեծի վրա, որից դուրս գալով էլ կացարանը ստացել է իր անունը, պատկերված է քնար նվագող Օրփեոսը, նրան շրջապատում են երաժշտությամբ կախարդված վայրի կենդանիներ։ Խճանկարի վերևի մասում հունարեն տառերով գրված է տան տիրոջ անունը, Տիտա Գայա Ռեստիտուտա։ Հարևան խճանկարում պատկերված է ֆրիգյան գլխարկով զգեստավորված ամազոնուհի, որ ձեռքին պահել էր կրկնակի կացին[11]։ Խճանկարն ունի ուղղանկյուն հիշեցնող ձև, նկարը շրջանակված է ալիքաձև երկրաչափական զարդանախշով։ Ամազոնուհու ներկայացված կերպարը հատկանշական չէր հռոմեական ժամանակաշրջանի խճանկարին, ամազոնուհիները գրեթե միշտ պատկերվում էին ձի հեծած, որսի տեսարաննորեում կամ հելլենների հետ մարտերում։ Մյուս սենյակի խճանկարում պատկերված էր Հերակլեսի և նեմեյան առյուծի մենամարտը։ Այս խճանկարի պատկերագրությունը հիշեցնում էր դիոնիսի տան խճանկարների որսի տեսարանները։ Ներկայացված տեսարանում հերոսը, դեն նետելով իր գավազանը, պատրաստվում է խեղդել առյուծին[12]։ Հերակլեսի կերպարի վերևում պատկերված է ամազոնուհին իր ձիու հետ։ Տան երրորդ խճանկարը վատ է պահպանվել, քանի որ գնտվել է գետնի մակերեսին մոտ։ Այն կազմված է բաց կանաչ խորանարդիկներից, քառակուսիներով բաժանվող ութագագաթ երկրաչափական զարդանախշերով[4]։

Սարանտա-Կոլոնես ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարանտա-Կոլոնես ամրոցի ավերակները

Սարանտա-Կոլոնեսը բյուզանդական ամրոց է, հիմնադրվել է 7-րդ դարում, արաբական արշավանքներից քաղաքի և Պաֆոսի նավահանգստի պաշտպանության համար, և էականորեն վերակառուցվել է խաչակիրների կողմից 1200 թվականին։ Ամրոցի անվանումը կապված է բազմաթիվ գրանիտե սյուների հետ, որ գերակշռում են նրա ներքին կառուցվածքի մեջ։ Ամրոցը ամենայն հավանականությամբ, կառուցվել է բյուզանդացիների կողմից 7-րդ դարի առաջին կեսին, վրա հասնող արաբական արշավներից քաղաքը և նավահանգիստը պաշտպանելու համար[13]։ Ամրոցը գրավվել և ավերվել է արաբների կողմից, Կիպրոսի վրա կատարված նրանց երկրորդ արշավանքի ժամանակ՝ 653-654 թվականներին։ Մի քանի տարի անց ամրոցը կրկին կառուցվել է, սակայն 688 թվականին համաձայն արաբա-բյուզանդական համաձայնության «Կիպրոսյան կոնդոմինիումի» ստեղծումով (կղզու համատեղ կառավարում), ամրոցը ապամոնտաժվում է[14]։ 965 թվականին ամրոցը նորից վերակառուցվում է։ 1222 թվականի երկրաշարժի հետևանքով ավերվելուց հետո, ամրոցն այլևս չի վերակառուցվել, իսկ այժմ նրա ավերակները մտնում են Պաֆոսի հնագիտական պարկի մեջ։

Իր տեսակով այս կառույցը իր վերջնական տեսքով վերաբերում էր կրկնակի ամրոցներին։ Արտաքին ամրոցը բաղկացած էր երեք մետր հաստությամբ ամրոցի պատերից, անկյուններում չորս զանգվածային կլոր աշտարակներ կաին[15]։ Ամրոցի գլխավոր դարպասները գտնվում էին արևելյան կողմում և ունեին նալի տեսք։ Ներքին ամրոցում կաին բազմաթիվ ռազմական և տնտեսական կառույցներ, այդ թվում զորանոցներ, հացի փուռ, դարբնոց, ջրաղաց շաքարեղեգի շաքարավազի համար, բաղնիք, ձիանոցներ, մարմարե լողավազաներ և մի շարք այլ կառույցներ։ Ամորոցի վերևի հարկում գտնվում էր մատուռը[13][15]։

Այլ օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեոն և փարոս

Հնագիտական պարկի տարածքում, նրա հյուսիսային մասում, ևս մի քանի օբյեկներ կան, որ վերաբերում են մեր թվարկության 2-րդ դարին, դրանք են՝ ագորան (միջնաբերդ), Ասկլեպիոսի (Ասկլեպիոն) տաճարը և թատրոնը (օդեոն)։ Սրանք բոլորը գրեթե ամբողջությամբ ավերվել են 4-րդ դարի երկրաշարժից։ Նեո-Պաֆոսի գլխավոր հրապարակ էր համարվում ուղղանկյունաձև ագորան։ Հրապարակի կողքին էին գտնվում ամֆիթատրոնի մի քանի շարքեր՝ անտիք օդիոնի մնացորդներ։ Իսկզբանե ամֆիթատրոնում եղել է 25 շարք, վերակառուցված է նրանցից միայն 11-ը։ Ամռանը, հունական ողբերգությունների, օպերայի և բալետի ներկայացումների ժամանակ, օդիոնը օգտագործվում էր որպես բարձրաբեմ, որտեղ կարող էր տեղավորվել 1200 հանդիսատես[7]։ Օդիոնից հարավ գնտվում էր Ասկլեպիոսի տաճարի ավերակները, պահպանվել են միայն սյուները և պատերից փոքրիկ հատվածներ[1]։ Օդիոնից արևմուտք գտնվում է փարոսը։ Հնագիտական պարկի հյուսիս-արևմուտքում կարելի է տեսնել հելլենիստական քաղաքի պատերը, նույն ժամանակաշրջանի ողունները, խրամները և քարե կամուրջները[7]։ Պարկի հարավային մասում, մուտքի մոտ գտնվում է Պանագիա Լիմենիոտիսսի բազիլիկը։ Այս եռանավ տաճարը կառուցվել է 5-րդ դարում, 653 թվականին կողոպտվել է արաբների կողմից և օգտագործվել է նրանց կողմից որպես ձիանոց։ 7-րդ դարի վերջում , արաբների հեռանալուց հետո, բազիլիկը վերակառուցվել է, տաճարը վերջնականապես ավերվել է 1159 և 1222 թվականների երկրաշարժերից։ Մեր օրեր են հասել հիմքի որոշ հատվածներ, սյուներ և խճանկարային հատակը զարդարված երկրաչափական զարդանախշերով[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Jean-Paul Labourdette, Dominique Auzias, 2002, էջ 109
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Коровина, 1974
  3. «Paphos». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Пафосский археологический парк
  5. Овидий. Метаморфозы IV
  6. Micula, 2010, էջ 52
  7. 7,0 7,1 7,2 Вайс, 2014, էջ 91
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 4, 2; Овидий. Метаморфозы VI 383—400
  9. Price, 1991, էջ 3
  10. Price, 1991, էջ 4-5
  11. Price, 1991, էջ 6
  12. Price, 1991, էջ 7
  13. 13,0 13,1 Renos Lavithis, 2008, էջ 45
  14. «Замок Саранта-Колонес» (PDF). Официальный сайт Кипрской организации по туризму. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  15. 15,0 15,1 Adrian J. Boas, 2005, էջ 105
  16. Micula, 2010, էջ 53

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաֆոսի հնագիտական պարկ» հոդվածին։