Պացիենտի իրավունքները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պացիենտի իրավունքներ, Հայաստանի Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք։ Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»։

1994 թ մարտի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի օրենքը, որով սահմանվում են մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ֆինանսական, տնտեսական և իրավական հիմունքները։

Մարդու իրավունքները բժշկական օգնության սպասարկման և իրականացման բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 13. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին։

Հոդված 14. Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

  • ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.
  • ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.
  • պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
  • իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.
  • հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.
  • արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից։

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 6. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 15. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին։

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից։

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին։

Համաձայնություն բժշկական միջամտության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 16. Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից։

Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր։

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտին, ինչպես նաև այն դեպքերում, երբ պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից։

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից։

Մարդու վերարտադրողական իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 17. Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.

բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։

գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում։

Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին։

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 18. Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում։

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 19. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում։

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ազատությունից զրկված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով արգելանքի վերցված, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Զինծառայողների և զորակոչիկների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 21. Զինծառայողները և զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 22. Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով։

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։

Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 24. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բժշկական միջամտությունից հրաժարվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 25.Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից։

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.