Տերևաթափ ծառ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, լայն-ձվաձև սաղարթով և մոխրագույն կամ գորշավուն կեղևով ծածկված բնով։ Ճյուղերը ձիթականաչավուն են,
որոնք ավելի ուշ գորշանում են։ Երիտասարդ տարիքում ճյուղերը ծածկված են աստղաձև աղվամազով և սպիտակ ոսպնյակներով։ Վեգետատիվ բողբոջները իլիկաձև են, 6-11 մմ երկարությամբ, 2-4 արտաքին գորշ թեփուկներով, որոնք աստղաձև աղվամազով ծածկված լինելու հետևանքով թաղիքանման տեսք ունեն։ Գեներատիվ բողբոջները լայն-ձվաձև են, մինչև 8 մմ երկարությամբ։ Տերևները կաշվեկերպ են, հակառակ-ձվաձև կամ էլիպսաձև, ոչ սիմետրիկ, 5-12 սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, սրածայր, թեթևակի սրտաձև հիմքով, վերևից մուգ կանաչ, ծածկված թեթևակի աղվամազով, ներքևի կողմից ավելի բաց գույնի, ծածկված ավելի խիտ աստղանման մազմզուկներով (հատկապես ջղերի ուղղությամբ)։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 2-4 մմ-ի։ Վաղ գարնանը տերևները ձեռք են բերում գորշակարմրավուն գունավորում և ձմռանը պահպանվում են բույսի վրա։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը։ Ծաղիկները աննշան են, հավաքված կարճացած ընձյուղների ծայրերին, 2-5-ական գլխիկներով, շրջապատված գորշաթաղիքավոր, ձվաձև ծաղկակիցներով։ Պսակաթերթիկներ չունի, բաժակը զանգականման է, կազմված 5-7 թերթիկներից։ Առէջները 5-7-ն են, երկար թելիկներով և կարմիր փոշեպարկերով։ Սերմնարանը կիսացածրադիր է, երկու բնանի, դեպի դուրս ցցված երկու սռնակներով։ Պտուղը կլորա-օվալաձև է, 2 բնանի, երկսերմնանի փայտացած տուփիկ է 11-16 մմ երկարությամբ։ Սերմը ձվաձև է, սրածայր, բաց գորշավուն, փայլուն։ Ծաղկում է մարտին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։
Տարածված է Լենքորանի հարթավայրի հարավարևելյան հատվածում, շագանակատերև կաղնու հետ բարձրանալով լեռները մինչև 700 մ, առանձին դեպքերում հասնելով մինչև 1200 մ բարձրության։ Ցածրավայրերում առաջացնում է խիտ տնկարկներ։ Ենթանտառում աճում են զկեռենին, սզնին, տոսախը։ Ճյուղերը սկսվում են անմիջապես գետնի մակերեսից։ Հպվելով գետնին' դրանք հեշտությամբ արմատակալում են, երբեմն սերտաճելով միմյանց և հարևան ծառերի հետ։ Դանդաղ է աճում և 150 տարեկանում հազիվ հասնում է 15 մ բարձրության, 30-40 սմ բնի տրամագծով։ Ապրում է մինչև 200 տարի։ Հատելու դեպքում առատ բնային մացառներ է տալիս։ Լավ է տանում խուզումը և տրված ձևը երկար է պահպանում։ Բնափայտը ամուր է, վարդագույն։ Անցյալում դրանից մանածագործական իլիկներ էին պատրաստում։ Ներկայումս սահմանափակ է օգտագործվում, մեքենաների մասեր պատրաստելու համար։ Հրաշալի է աճում Երևանի բուսաբանական այգում և կանաչ գոտում։ Հազվադեպ է ցրտահարվում։
Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով, ծաղկում և պտղաբերում է։ Առանձնապես լավ է աճում Իջևանի դենդրարիում, որտեղ ինքնացան է
տալիս։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել անտառապատման և կանաչապատման նպատակներով, բացառապես հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում։
Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները 7,9-10, 18-20, 23-25, 31-32[1]։