Պարկավոր մրջնակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարկավոր մրջնակեր
Պարկավոր մրջնակեր
Պարկավոր մրջնակեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Dasyuromorphia
Ընտանիք Myrmecobiidae
Ցեղ 'Myrmecobius'
Տեսակ Պարկավոր մրջնակեր (M. fasciatus)
Միջազգային անվանում
Myrmecobius fasciatus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պարկավոր մրջնակեր, կամ նամբաթ, կամ մրջնակեր[1] (լատ.՝ Myrmecobius fasciatus), գիշատիչ պարկավորների կարգին, Myrmecobiidae մենատիպ ընտանիքին պատկանող պարկավոր կաթնասուն[2]։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկավոր մրջնակերը ձևավորում 2 ենթատեսակ[2]։

  • M. f. fasciatus - Արևմտյան նամբաթ[3]
  • M. f. rufus - Շիկակարմիր նամբաթ[3]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակ նումբաթ

Այս պարկավորների չափերը մեծ չեն՝ մարմնի երկարությունը 17-27, իսկ պոչինը՝ 13-17 սանտիմետր։ Մեծահասակ կենդանու քաշը կազմում է 280-550 գրամ, արուներն ավելի մեծ են, քան էգերը։ Պարկավոր մրջնակերի մռութը երկարավուն է և սրածայր, բերանը փոքր է։ Որդաձև լեզուն կարող է բերանից դուրս գալ գրեթե 10 սանտիմետրով։ Աչքերը մեծ են, ականջները՝ սուր։ Պոչը երկար է, մազածածկ, ինչպես սկյուռինը, բռնողական չէ։ Սովորաբար նամբաթը պահում այն հորիզոնական դիրքով՝ ծայրը մի փոքր կլորացրած։ Թաթերը բավականին կարճ են, լայն դրված, զինված ամուր ճանկերով։ Առջևի վերջույթներն ունեն 5 մատ, հետևինները՝ 4:

Նամբաթի մազածածկույթը խիտ է և կոշտ։ Այն Ավստրալիայի ամենագեղեցիկ պարկավորներից մեկն է։ Ունի գորշ շագանակագույն կամ կարմիր գունավորում։ Մեջքի և ազդրերի վերին հատվածի բուրդը պատված է 6-12 սպիտակ կամ մաշկագույն զոլերով։ Արևելյան նամբաթների գունավորումն ավելի միագույն է, քան արևմտյաններինը։ Դնչի վրա կա սև երկայնական զոլ։ Որովայնի և վերջույթների գունավորումը դեղնավուն սպիտակ է, կավաքարային։

Պարկավոր մրջնակերի ատամները շատ փոքր են, թույլ և հաճախ ասիմետրիկ. արմատային ատամներն աջից և ձախից կարող են ունենալ տարբեր երկարություն և լայնություն։ Ընդհանուր առմամբ, նամբաթներն ունեն 50-52 ատամ։ Ամուր քիմքը ձգվում է զգալիորեն ավելի հեռու, քան կաթնասունների մեծ մասինը, ինչը բնորոշ է այլ երկարալեզու կենդանիներին (պանգոլիններ, զրահակիրներ)։ Էգերն ունեն 4 պտուկ։ Արտատար պարկը բացակայում է. կա միայն կաթնային դաշտ՝ ծածկված բրդով։

Կենսակերպ և սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան եվրոպական գաղութացման սկիզբը նամբաթները տարածված են եղել Արևմտյան և Հարավային Ավստրալիայում՝ սկսած Նոր Հարավային Ուելսի և Վիկտորիայի սահմաններից մինչև Հնդկական օվկիանոսի ափը, իսկ հյուսիսում՝ մինչև Հյուսիսային տարածքի հարավ-արևմտյան մասում։ Այժմ արելալը սահմանափակվում է Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքով։ Այն հիմնականում ապրում է էվկալիպտային, ակացիաների և չոր նոսր անտառներում։

Henry Constantine Richter-ի պարկավոր մրջնակերի նկարը, 1845

Նամբաթները սնվում են գրեթե բացառապես տերմիտներով, հազվադեպ՝ մրջյուններով։ Այլ անողնաշարավորների ուտում են միայն պատահաբար։ Սա միակ պարկավորն է, որը սնվում է միայն հասարակական միջատներով. ոչ ազատության մեջ պարկավոր մրջնակերն օրական ուտում է մինչև 20 հազար տերմիտ։ Նամբաթը սնունդը գտնում է իր չափազանց սուր հոտառության օգնությամբ։ Դիմացի թաթերի ճանկերի միջոցով նա փորում է հողը կամ կոտրում փտած փայտը, ապա կպչուն լեզվով բռնում է տերմիտներին։ Նամբաթը որսը կուլ է տալիս ամբողջական կամ խիտինային թաղանթները մի փոքր ծամելուց հետո։ Քանի որ պարկավոր մրջնակերների վերջույթներն ու ճանկերը թույլ են և ի վիճակի չեն հաղթահարել ամուր տերմիտներին, որսի են դուրս գալիս հիմնականում կեսօրին, երբ միջատները կերի որոնումներով տեղաշարժվում են ստորգետնյա սրահներով կամ ծառի կեղևի տակով։ Նամբաթի ցերեկային գործունեությունը համապատասխանեցված է տերմիտների ակտիվությամբ և շրջակա միջավայրի ջերմաստիճանով։ Ամռանը կեսօրին հողը խիստ տաքանում է, և միջատներն իջնում են խորը գետնի տակ, ուստի նամբաթներն անցնում են մթնշաղային կենսակերպի. ձմռանը նրանք սնվում են առավոտից մինչև կեսօր՝ օրական մոտ 4 ժամ։

Նամբաթը բավականին ճկուն է, կարող է բարձրանալ ծառերի վրա. նվազագույն վտանգի դեպքում թաքնվում է թաքստոցում։ Գիշերն անց է կացնում մեկուսի վայրերում (մակերեսային ջրերում, ծառերի խոռոչներում)՝ կեղևից, տերևներից և չոր խոտից տապաստակի վրա։ Քունը շատ խորն է, նման է անաբիոզի։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ չորացած ծառերի ոստերի հետ միասին պատահաբար այրել են նաև նամբաթներին, որոնք չեն հասցրել արթնանալ։ Բացի բազմացման ժամանակաշրջանից, պարկավոր մրջնակերներն ապրում են միայնակ՝ զբաղեցնելով մինչև 150 հեկտար անհատական տարածք։ Բռնվելով՝ նամբաթը չի կծում և չի քերծում, այլ միայն ճղճղալով սուլում է կամ փնթփնթում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամբաթների զուգավորման սեզոնը տևում է դեկտեմբերից մինչև ապրիլ ընկած հատվածը։ Այդ ընթացքում արուները թողնում են իրենց որսորդական տարածքները և գնում են էգերի որոնումների, ծառերի և հողի վրա յուղոտ գեղձազատուկով նշաններ անելով, որն արտադրում է կրծքավանդակի վրա հատուկ մաշկային գեղձը։

Փոքրիկ (10 միլիմետր երկարությամբ), կույր և մերկ ձագերը ծնվում են զուգավորումից 2 շաբաթ անց։ Ծնվում է 2-4 ձագ։ Քանի որ էգերը չունեն արտատար պարկ, նրանք կախվում են պտուկներից, կառչելով մոր բրդից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ծննդաբերությունը տեղի է ունենում 1-2 մետր երկարությամբ փոսում։ Էգը փորի վրա կրում է ձագերին մոտ 4 ամիս, մինչև դրանց չափերը հասնում են 4-5 սանտիմետրի։ Այնուհետև նա թողնում է ձագերին փոսի կամ խոռոչի մեջ՝ շարունակելով գիշերը գալ կերակրման համար։ Սեպտեմբերի սկզբին երիտասարդ նամբաթները սկսում են կարճ ժամանակով լքել բույնը։ Հոկտեմբերին նրանք սկսում են սնվել տերմիտներով և մայրական կաթով։ Մատղաշ նամբաթներն մոր հետ մնում են մինչև 9 ամիս՝ վերջնականապես լքելով նրան դեկտեմբերին։ Սեռական հասունություն են հասնում կյանքի երկրորդ տարում։

Կյանքի տևողությունը (անազատության մեջ) մինչև 6 տարի է։

Պոպուլյացիայի կարգավիճակ և պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dasyuromorphia

Thylacinus Thylacinus cynocephalus white background.jpg

Myrmecobius A hand-book to the marsupialia and monotremata (Plate XXX) (white background).jpg

Sminthopsis The zoology of the voyage of the H.M.S. Erebus and Terror (Sminthopsis leucopus).jpg

Phascogale Phascogale calura Gould white background.jpg

Dasyurus Dasyurus viverrinus Gould white background.jpg

Հողերի յուրացման և մաքրման հետ կապված պարկավոր մրջնակերների քանակը կտրուկ նվազել է։ Սակայն նրա թվաքանակի նվազման հիմնական պատճառը գիշատիչների հետապնդումն է։ Ցերեկային կենսակերպի պատճառով նամբաթներն ավելի խոցելի են, քան ոչ խոշոր պարկավորների մեծ մասը. նրանց որսում են գիշատիչ թռչունները, դինգոն, շներն ու կատուները և հատկապես կարմիր աղվեսները, որոնց 19-րդ դարում ներմուծել են Ավստրալիա։ Աղվեսներն ամբողջությամբ ոչնչացրել են Վիկտորիայում, Հարավային Ավստրալիայում և Հյուսիսային տարածքում գտնվող նամբաթների պոպուլյացիան. նրանք փրկվել են միայն Պերտից ոչ հեռու երկու փոքր պոպուլյացիաների տեսքով։ 1970-ական թվականների վերջին նամբաթների թվաքանակը կազմել է 1000-ից պակաս։ Անվտանգության ակտիվ միջոցառումների, աղվեսների ոչնչացման և նամբաթների վերարտադրության արդյունքում պոպուլյացիաների թիվը հաջողվել է ավելացնել։ Նամբաթների պոպուլյացիան ակտիվորեն աճեցվում է Ավստրալիայի Սթերլինգ Ռեյնջ բնապահպանական այգում։

Սակայն այդ գազանը նախկինի պես մտնում է միջազգային Կարմիր գրքի անհետացող (Endangered) կարգավիճակ ունեցող կենդանիների ցուցակների մեջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мурашеед»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. 2,0 2,1 Семейство Myrmecobiidae в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]
  3. 3,0 3,1 Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. Банников, Андрей Григорьевич. — М.: Прогресс, 1976. — С. 30—32. — 478 с.
  4. John Woinarski (Natural Resources Environment and The Arts, Group) Andrew Burbidge (IUCN SSC Australasian Marsupial and Monotreme Specialist (2015-06-15)։ «IUCN Red List of Threatened Species: Myrmecobius fasciatus»։ IUCN Red List of Threatened Species։ Վերցված է 2020-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]