Jump to content

Պարի արգելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարի արգելք
Victimless crime, prohibition Խմբագրել Wikidata
ԵրկիրԳերմանիա Խմբագրել Wikidata
Prohibitsպար Խմբագրել Wikidata
Հանրային հայտարարություն Գերմանիայում, որն արգելում է պարային և հանրային զվարճանքի միջոցառումները 1914 թվականին։ Պարետային ժամը սահմանվում է մինչև երեկոյան ժամը 10-ը։

Պարի արգելք (անգլ.՝ Dancing ban), պարելու նկատմամբ կիրառվող օրինական կամ կրոնական արգելքներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում կիրառվել են աշխարհի տարբեր երկրներում։

Օրինական արգելքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tanzverbot» (գերմ.՝ պարի արգելք) տերմինը օգտագործվում է Գերմանիայում և Շվեյցարիայում որոշ օրերին պարն արգելելու համար։ Այս երկրներում որոշ տոների ժամանակ պարելն արգելված է նահանգների մեծ մասի կառավարությունների կողմից: Դրանք հիմնականում քրիստոնեական և աշխարհիկ տոներ են, ինչպես նաև հիշատակի կամ խորհրդածության օրեր։ Այդպիսի օրերից են Ավագ ուրբաթը (անգլ.՝ Good Friday), Բոլոր սրբերի օրը (անգլ.՝ All Saints’ Day), կամ ազգային սգի օրերը։ Արգելքը չի տարածվում անձնական բնակարաններում պարելու վրա։

Մինչև 1999 թվականը Վիրջինիայի Փաունդ քաղաքում գործող մի որոշում պահանջում էր, որ պարահրապարակների թույլտվություն չտրամադրվի այն անձանց, որոնք պատշաճ անձնավորություն չեն կամ չունեն բարոյական բարձր որակներ։ Երբ համայնքը դեմ էր արտահայտվել «Golden Pine» ռեստորանի սեփականատեր Ուիլյամ Էլամին թույլտվություն տրամադրելուն, վերջինս դատական հայց է ներկայացրել։ Դատական գործի արդյունքում այդ որոշումը ճանաչվել է սահմանադրությանը հակասող՝ խոսքի ազատության իրավունքի խախտմամբ (ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն)։ Ավելի նեղ ձևակերպված նոր կանոնադրությունը 2001 թվականին կրկին դատական հայցի առիթ է դարձել Էլամի կողմից, սակայն ռեստորանը հետագայում դադարել է գործել՝ ալկոհոլային լիցենզիայի չեղարկվելու պատճառով[1][2]։

1926 թվականից Նյու Յորք քաղաքում ընդունված կաբարեի մասին օրենքը (անգլ.՝ Cabaret Law) արգելում էր պարելը այն հանրային վայրերում, որտեղ վաճառվում էին սնունդ կամ խմիչք՝ բացառությամբ այն հաստատությունների, որոնք ունեին համապատասխան կաբարեի թույլտվություն։ Oրենքը գործել է մինչեւ 2017 թվականը։

1985-2002 թվականներին Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն նահանգ) գործում էր «Պատանեկան պարի մասին որոշում»-ը (անգլ.՝ Teen Dance Ordinance), որը խիստ պահանջներ էր սահմանում 21 տարեկանից ցածր երիտասարդների մասնակցությամբ պարային միջոցառումների կազմակերպման համար։ Այս որոշումը գրեթե ամբողջությամբ արգելում էր նման միջոցառումների անցկացումը։

Պատմական արգելքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-1950-ական թվականներին խաղային երեկույթները (play parties) տարածվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ որպես պարելու նկատմամբ սահմանված արգելքները շրջանցելու միջոց։

1984 թվականի «Footloose» ֆիլմի իրադարձությունները ներշնչված են Օկլահոմա նահանգի Էլմոր Սիթի քաղաքում պարելու արգելքով, որը գործում էր մինչեւ 1980 թվականը։ Քաղաքը հայտնի էր իր խիստ բապտիստական դավանանքով։

Ֆինլանդիայում պարելու արգելքը սկսել է կիրառվել է 1939 թվականի դեկտեմբերին՝ Ձմեռային պատերազմի սկսվելուց հետո։ Արգելքը շարունակվել է մինչև 1944 թվականը, երբ ստորագրվել է Մոսկվայի զինադադարի համաձայնագիրը, որով ավարտվել է Ֆինլանդիայի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ռեստորաններում պարելը արգելված էր մինչեւ 1948 թվականը։ Այդ ընթացքում ֆինները կազմակերպում էին գաղտնի պարային երեկույթներ, որոնք հաճախ ենթարկվում էին ոստիկանական ներխուժման։ Այդ գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն երկու մարդ[3]։

COVID-19-ի հանրային առողջապահական միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակի ընթացքում մի շարք իրավասություններ հատուկ արգելել են պարը՝ որպես վիրուսի հավանական տարածողների միջև սերտ շփումը կանխելու համար նախատեսված հանրային առողջապահական միջոցառումների շարքի մաս[4]:

Կրոնական արգելքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քրիստոնեական համայնքներ կարծում են, որ պարելը կամ ինքնին մեղսալի է, կամ որոշ պարաձևեր կարող են բերել մեղավոր մտքերի կամ վարքագծի, ուստի արգելում են այն՝ կամ ամբողջությամբ, կամ առանձին պարագաներում (օրինակ՝ կրոնական արարողությունների ժամանակ)։ Այս մոտեցումը հատուկ է հատկապես անաբապտիզմին (մասնավորապես՝ պահպանողական և հին կարգի անաբապտիստներին) և մեթոդիզմին (հատկապես՝ պահպանողական սրբության շարժման հետևորդներին)[5][6]։

Նազարեթի եկեղեցին, որը մեթոդիստական ուղղության մաս է՝ ծագած «Սրբության շարժումից», խորհուրդ է տալիս խուսափել պարելու այն բոլոր ձևերից, որոնք խանգարում են հոգևոր աճին և քանդում բարոյական զսպվածությունն ու ինքնակառավարումը[7]։

19-րդ դարի մի կաթոլիկ աստվածաբան նույնպես գրել է․

Կան պարահանդեսներ, որոնք լրջորեն անառակ բնույթ ունեն՝ անպարկեշտ պարերի կամ հագուստների պատճառով։ Դրանց չպետք է որևէ քրիստոնյա մասնակցի։ Նույնիսկ համեստ պարերը հազվադեպ են անվտանգ և քրիստոնյան չպետք է դրանց հաճախի ըստ իր կամքի[8]։

Բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ ձևավորում են իրենց վարդապետությունը տեղային մակարդակով և կարող են լինել ոչ դենոմինացիոն։ Այդ պատճառով դրանց դիրքորոշումը սոցիալական պարերի նկատմամբ կարող է տարբեր լինել։

Թյուր կարծիք կա, թե մորմոնականությունն արգելում է պարելը, սակայն իրականում 1830 թվականի հիմնադրումից ի վեր վերջինս խրախուսել է զվարճալի պարերը։ Հիմնադիր Ջոզեֆ Սմիթը պարբերաբար պարահանդեսներ էր կազմակերպում իր տանը, և մինչ օրս պարերը կարևոր դեր ունեն եկեղեցու երիտասարդական և մեծահասակների միջոցառումներում[9]։ Այնուամենայնիվ, մորմոնականության խոշորագույն դենոմինացիայի ղեկավարները այժմ խիստ են վերաբերվում պարաձևերին, որոնք ներառում են ամբողջական մարմնական շփում, սեռական բնույթի ենթատեքստ կամ նույն սեռի անձանց ռոմանտիկ ենթադրելի կապ[10][11]։

Իսլամում ծայրահեղ սալաֆիստները և վահաբականները պարն ընդհանուր առմամբ համարում են հարամ (արգելված)[12]։ Պահպանողական իսլամական և ուղղափառ հուդայականության ավանդույթների համաձայն հասարակական վայրերում տղամարդկանց և կանանց միջև շփումը (հատկապես՝ ոչ ամուսինների միջև) արգելվում է։ Այդ պատճառով այդ հասարակություններում կանայք և տղամարդիկ կամ պարում են առանձին, կամ ընդհանրապես չեն պարում։

Ի տարբերություն դրա՝ սուֆիզմը խրախուսում է պարելը (օրինակ՝ սուֆիական պտույտ կամ «Mela Chiraghan» տոնի պարերը)։ Սա հաճախ բախումներ է առաջացրել այն տարածքներում, որտեղ ազդեցություն ունի Թալիբանը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pound, Virginia Bans Dancing?». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Part 2: ABC revokes Golden Pine restaurant's license to sell alcohol». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «The dancing ban in Finland during World War II». nordics.info (անգլերեն). 2022 թ․ մարտի 17. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Neuman, Scott (2020 թ․ հուլիսի 17). «Australian State Orders 'No Dancing, No Singing, No Mingling' To Halt COVID-19». NPR (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  5. Christner, Dianne (2014 թ․ ապրիլի 1). The Plain City Bridesmaids (անգլերեն). Barbour Publishing. ISBN 978-1-63058-035-3.
  6. Discipline of the Bible Methodist Connection of Churches (English). Bible Methodist Connection of Churches. 2018. էջ 29.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Church of the Nazarene (2005–2009). Manual (PDF). էջ 51. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 2-ին.
  8. Schouppe, François Xavier (1879). Abridged Course of Religious Instruction, Apologetic, Dogmatic, and Moral: For the Use of Catholic Colleges and Schools (անգլերեն). Burns & Oates. էջ 349.
  9. Jacobson, Phyllis C. (1992), «Dance», in Ludlow, Daniel H (ed.), Encyclopedia of Mormonism, New York: Macmillan Publishing, էջեր 354–355, ISBN 0-02-879602-0, OCLC 24502140.
  10. Wesson, Karl E. (1975 թ․ ապրիլ). Dance in The Church of Jesus Christ of Latter-Day Saints 1830-1940 (Thesis). Brigham Young University. էջ 126. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. For the Strength of Youth (PDF) (9th ed.). Salt Lake City, Utah: LDS Church. Fall 2011. էջ 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. Brian Palmer (2012 թ․ օգոստոսի 31). «Does Islam ban dancing and music?». Slate. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. Stuart Whatley (2009 թ․ մայիսի 8). «Pakistani Festival Dancers Banned By Religious Group». Huffington Post. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.