Պարիլյակ բարձր
Պարիլյակ բարձր | |
![]() Պարիլյակ բարձր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Smilacaceae) |
Ցեղ | Smilax |
Տեսակ | Պարիլյակ բարձր (S. aspera) |
Միջազգային անվանում | |
Smilax aspera |
Պարիլյակ բարձր (լատ.՝ Smilax excelsa), շուշանազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, փաթաթվող, երկտուն մինչև 20-25 մ երկարությամբ ցողունով ծածկասերմ բույս, որը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Բույսն ունի կառչող, անկյունավոր, մոխրագույն ցողուններ, որոնք հասնում են մինչև 20-25 մ երկարության։ Դրանք ծածկված են խիստ ամուր, ուղիղ, սուր, դեպի ներքև ուղղված փշերով, որոնց երկարությունը հասնում է 0,5-0,8 սմ։ Տերևներն ամբողջաեզր են, կարճ կոթուններով, սրտաձև հիմքով, կլորավուն կամ եռանկյուն ձվաձև, 6-8,5 սմ երկարությամբ և 4-8 սմ լայնությամբ, աղեղնաձև ջղավորությամբ, տերևակոթունի հիմքում երկուական բեղիկներով, որոնց միջոցով ամրանում է հենարանին։ Հովանոցանման ծաղկաբույլերը կազմված են 4-10 կանաչասպիտակավուն ծաղիկներից։ Պտուղը կարմիր, գնդանման հատապտուղ է՝ մինչև 1 սմ տրամագծով։ Խոնավասեր է և լուսասեր։ Արմատներում մեծ քանակությամբ սապոնին է պարունակում։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են որպես ձնեբեկ։ Ծաղկում է մայիս-հւնիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին[1]։
Տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Աճում է խոնավ գետահովտային անտառներում՝ հաճախ անանցանելի դարձնելով դրանք։ Հանդիպում է նաև թփուտներում, անտառների եզրերին։ Զանգվածային կարգով տարածված է Արևմտյան Անդրկովկասում, կոլխիդյան անտառներում։ Հայաստանում հանդիպում է Աղստև (Իջևան-Այգեհովիտ) և Դեբեդ (Ախթալա-Բագրատաշեն) գետերի ստորին հոսանքներում՝ ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա։ Բազմանում է արմատային մացառներով և սերմերով։ Ջերմասեր է, ցրտահարվում է -25°–ից ցածր սառնամանիքների դեպքում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերկ փշոտ ցողուններով, փաթաթվող կամ սողացող երկտուն թուփ է։ Կոճղարմատն ամուր է, երկար և սողացող։ Հերթադիր և լայն ձվաձև տերևները վերին մասում սրացած են, իսկ ցանցաջիղ, 1-1,5 սմ երկարությամբ կոթերը հիմքի մոտ երկու ոլորված բեղիկներով են։ Կիսահովանոցներում 4-10-ական հավաքված ծաղիկները կանաչավուն են, հատապտուղը՝ կարմիր և գնդաձև[3]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այրում, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Այգեհովիտ, Ախթալա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական, Արևելյան Անդրկովկասը, միջերկրածովյան ավազանը, Ղրիմը, Անատոլիան, Սիրիան և Հյուսիսային Իրանը[3]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-1000 մ բարձրությունների վրա, խոնավ անտառներում և գետերի երկարությամբ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[3]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 50 կմ²-ից պակաս է։ Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում է մարդածին զգալի ճնշման։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[3]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պարիլյակ բարձր»։ mnp.am։ Վերցված է 2018-07-18(չաշխատող հղում)
- ↑ Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|