Պարբերական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մենդելեևի պարբերական օրենք, քիմիական տարրերի հատկությունների պարբերական կախումը ատոմի միջուկի լիցքից արտահայտող օրենք։

Բնության հիմնական օրենքներից է, հայտնաբերել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1869 թվականին և վերջնականապես ձևակերպել 1871 թվականին․ «տարրերի հատկությունները և հետևաբար նրանց առաջացրած պարզ և բարդ մարմինների հատկությունները պարբերական կախման մեջ են գտնվում նրանց ատոմական կշռից»։ «Պարբերական օրենք» տերմինն առաջին անգամ նա օգտագործել է 1870 թվականին։ Մենդելեևի առաջարկած տարրերի պարբերական համակարգը պարբերական оրենքի աղյուսակային (գրաֆիկական) արտահայտությունն է։ Պարբերական оրենքի ֆիզիկական իմաստը բացահայտվեց, երբ հայտնի դարձավ ատոմի կառուցվածքը։ Պարզվեց, որ ըստ Մենդելեևի դասավորված քիմիական տարրերի շարքում ամեն հաջորդ ատոմ միջուկում պարունակում է նախորդից մեկով ավելի դրական լիցք (պրոտոն)։ Այդ շարքում տարրի հերթական համարը՝ կարգահամարը (Z), ցույց է տալիս նրա միջուկում գտնվող պրոտոնների և միաժամանակ չեզոք ատոմում գտնվող էլեկտրոնների թիվը։ Տարրերի քիմիական հատկությունները պայմանավորված են հիմնականում նրանց ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով, որը միջուկի լիցքի աճմանը զուգընթաց ենթարկվում է պարբերական փոփոխությունների։ Հետևաբար, պարբերական օրենքի հիմքում ընկած է ոչ թե ատոմական զանգվածների, այլ միջուկի լիցքի փոփոխությունը։ Պարբերական օրենքը մաթեմատիկական արտահայտություն չունի։ Քիմիական տարրերի հատկությունները (նաև նրանց առաջացրած համապատասխան միացությունների ձևերն ու հատկությունները) պարբերական կախման մեջ են գտնվում ատոմի միջուկի լիցքի մեծությունից։ Պարբեռական օրենքը ունի կարևոր բնագիտական և փիլիսոփայական նշանակություն։ Այն քիմիական տարրերի և նրանց հատկությունների կապն արտահայտող օրինաչափությունների արտահայտությունն է, որը հնարավորություն է տալիս կռահել դեռևս անհայտ տարրերի (և նրանց միացությունների) հատկությունները, նպատակասլաց դարձնել բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ քիմիայում, ֆիզիկայում, երկրաքիմիայում, տիեզերաքիմիայում, աստղաֆիզիկայում։ Պարբերական օրենք դիալեկտիկայի ընդհանուր օրենքների, մասնավորապես քանակական փոփոխություններից որակական փոփոխությունների անցման օրենքի արտահայտությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png