Պատրանքային ճշմարտության էֆեկտ
Պատրանքային ճշմարտության էֆեկտ` (հայտնի նաև որպես ճշմարտության էֆեկտի պատրանք, վավերականության էֆեկտ, ճշմարտության էֆեկտ կամ կրկնության էֆեկտ) բազմիցս կրկնվող կեղծ տեղեկատվության հավաստի լինելուն հավատալու միտում[1]։ Այս երևույթն առաջին անգամ երևան է հանվել 1977 թվականին Վիլանովայի և Թեմփլ համալսարաններում անցկացված ուսումնասիրության արդյունքում[2][3]: Ճշմարտացիության գնահատման ժամանակ մարդիկ հիմնվում են այն բանի վրա, թե արդյոք տեղեկատվությունը համապատասխանում է իրենց ընկալմանը, կամ թե այն ծանոթ է թվում: Առաջին պայմանը տրամաբանական է, քանի որ մարդիկ համեմատում են նոր տեղեկատվությունն այն բանի հետ, որը վստահաբար գիտեն, որ ճիշտ է: Կրկնությունը հեշտացնում է պնդումների մշակումը նոր, չկրկնվող պնդումների համեմատությամբ, ինչը մարդկանց ստիպում է հավատալ, որ կրկնվող եզրակացությունն ավելի ճշմարտացի է: Պատրանքային ճշմարտության էֆեկտը նաև կապված էր հետադարձ հայացքի կողմնակալության հետ, որի դեպքում վստահության հիշողությունը սասանվում է ճշմարտությունը ստանալուց հետո:
2015թ.-ի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները պարզեցին, որ ճանաչողությունը կարող է գերազանցել բանականությանը և որ ինչ-որ պնդման սխալ լինելու մասին անընդմեջ կրկնությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ ստիպելով, որ այն ճշմարտացի թվա[4]: Հետազոտողները նկատել են պատրանքային ճշմարտության էֆեկտի ազդեցությունը նույնիսկ այն մասնակիցների վրա, որոնք սկզբում գիտեին ճիշտ պատասխանը, բայց համոզվել էին հավատալ հակառակ պնդմանը ստի կրկնության միջոցով ընդհուպ մինչև «մշակման սահունություն»:
Պատրանքային ճշմարտության էֆեկտը նշանակալի դեր է խաղում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գովազդը, լրատվամիջոցները, քաղաքական քարոզչությունը և կրոնական գաղափարախոսությունը։
Սկզբնական ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆեկտն առաջին անգամ իր անվանումը ստացել և սահմանվել է 1977 թվականին Վիլանովայի և Թեմփլ համալսարաններում կատարված ուսումնասիրության արդյունքներից հետո, որի ընթացքում մասնակիցներին խնդրել են գնահատել մի շարք աննշան պնդումներ հավաստի կամ կեղծ[2][5]։ Երեք անգամ Լին Հաշերը, Դեյվիդ Գոլդշտեյնը և Թոմաս Թոփինոն քոլեջի ուսանողների միևնույն խմբին ներկայացրել են վաթսուն հավանական պնդումներից բաղկացած ցուցակներ, որոնց մի մասը հավաստի էր, իսկ մյուսը՝ կեղծ: Երկրորդ ցուցակը բաժանվել է առաջինից երկու շաբաթ հետո, իսկ երրորդը՝ դրանից երկու շաբաթ հետո։ Քսան պնդում հայտնվել են բոլոր երեք ցուցակներում. յուրաքանչյուր ցուցակի մյուս քառասուն կետերը եզակի էին այդ ցուցակի համար: Մասնակիցներին հարցրել են՝ որքանով են նրանք վստահ պնդումների ճշմարտացիության կամ անճշտության մեջ, որոնք վերաբերում էին այնպիսի հարցերի, որոնց մասին նրանք հազիվ թե որևէ պատկերացում ունենային: (Օրինակ, «Առաջին ռազմաօդային բազան գործարկվել է Նյու Մեքսիկոյում»: Կամ «Բասկետբոլը դարձավ օլիմպիական մարզաձև 1925 թվականին»: Մասնավորապես, մասնակիցներին խնդրել են մեկից յոթ բալային սանդղակով գնահատել իրենց վստահությունը յուրաքանչյուր հայտարարության ճշմարտացիության վերաբերյալ: Մինչ մասնակիցների վստահությունը չկրկնվող հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ մնում էր հաստատուն, նրանց վստահությունը կրկնվողների ճշմարտացիության վերաբերյալ աճում էր առաջինից երկրորդ և երկրորդից երրորդ փորձաշրջանների ընթացքում, արդյունքում՝ միջին միավորը 4,2-ից բարձրացավ 4,6 և հետո 4,7: Հետազոտողները հանգեցին այն եզրակացության, որ պնդման կրկնությունը մեծացնում է այն փաստական թվալու հավանականությունը[1][2]:
1989 թվականին Հալ Ռ. Արքեսը, Քեթրին Հեքեթը և Լարի Բոեմը երկրորդեցին սկզբնական ուսումնասիրությունը և ստացան նմանատիպ արդյունքներ՝ ցույց տալով, որ կեղծ տեղեկության ստեղծած տպավորությունը փոխում է այդ տեղեկության ընկալվող ճշմարտացիությունն ու ճշմարտանմանությունը[6]:
Էֆեկտը գործում է, քանի որ երբ մարդիկ գնահատում են ճշմարտությունը, նրանք հիմնվում են այն բանի վրա, թե արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրենց ընկալմանը, թե այն ծանոթ է թվում: Առաջին պայմանը տրամաբանական է, քանի որ մարդիկ համեմատում են նոր տեղեկությունն այն ամենի հետ, ինչի ճշմարտացիության հարցում մեծ վստահություն ունեն՝ համեմատելով երկու աղբյուրների հավաստիությունը: Այնուամենայնիվ, հետազոտողները պարզեցին, որ ճանաչողությունը կարող է գերազանցել բանականությանն այնքան, որ որևէ տեղեկության սխալ լինելու մասին հաճախակի պնդումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ ստիպելով այն ճշմարտացի համարել[4]։
Կապը այլ երևույթների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակման սահունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ենթադրվում էր, որ պատրանքային ճշմարտության էֆեկտը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ մարդիկ չափազանց անվստահ են տվյալ պնդման հարցում[1]: Հոգեբանները նաև ենթադրում էին, որ «տարօրինակ» վերնագրերը նման ազդեցություն չեն ունենա, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ պատրանքային ճշմարտության էֆեկտն իսկապես կապ ունի կեղծ լուրերի հետ[5]: Այս ենթադրությունը վիճարկվել է Լիզա Կ. Ֆացիոյի, Նադյա Մ. Բրազիերի, Բ. Քիթ Փեյնի և Էլիզաբեթ Ջ. Մարշի՝ 2015թ.-ի ուսումնասիրության արդյունքներով: Հետազոտությունը՝ հրատարակված Փորձարարական հոգեբանության ամսագրում, ցույց տվեց, որ էֆեկտը կարող է ազդել այն մասնակիցների վրա, որոնք ի սկզբանե գիտեին ճիշտ պատասխանը, բայց կրկնվող ստի պատճառով համոզվեցին հակառակ պնդման ճշմարտացիության մեջ: Օրինակ, երբ մասնակիցները բազմիցս հանդիպեցին «Սարին՝ շոտլանդացիների կրած կարճ թարթան կիսաշրջազգեստի անունն է» պնդմանը, նրանցից ոմանք հավանաբար կհավատային, որ դա ճիշտ է, թեև այս նույն մարդիկ կարողացել էին ճիշտ պատասխանել «Ինչպե՞ս է կոչվում շոտլանդացիների կրած կարճ ծալքավոր կիսաշրջազգեստը» հարցին:
Այս արդյունքները մեկ այլ փորձի ժամանակ կրկնելուց հետո Ֆացիոն և նրա թիմն այս տարօրինակ երևույթը վերագրեցին մշակման սահունությանը՝ այն ունակությանը, որով մարդիկ ընկալում են պնդումները: «Կրկնությունը», - բացատրեց հետազոտողը,- «պնդումներն ավելի հեշտ (այսինքն՝ սահուն) է դարձնում մշակման համար՝ համեմատած նոր պնդումների հետ՝ մարդկանց (երբեմն) դրդելով կեղծ եզրակացության, որ դրանք ավելի ճշմարիտ են»[7][8]: Երբ մարդը երկրորդ կամ երրորդ անգամ ինչ-որ բան է լսում, նրա ուղեղն ավելի արագ է արձագանքում դրան և այդ սահունությունը սխալմամբ վերագրում է ճշմարտացիության ազդանշանին[9]:
Հետադարձ հայացքի կողմնակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997թ.-ին կատարված ուսումնասիրության ժամանակ Ռալֆ Հերտվիգը, Գերդ Գիգերենցերը և Ուլրիխ Հոֆրեյջը կապեցին պատրանքային ճշմարտության էֆեկտը մի երևույթի հետ, որը հայտնի է որպես «հետադարձ հայացքի կողմնակալություն», որը բնութագրվում է որպես իրավիճակ, երբ վստահության հիշողությունը սասանվում է ճշմարտությունը կամ կեղծիքը ստանալուց հետո: Նրանք նկարագրել են էֆեկտը (որը նրանք անվանում են «կրկնության էֆեկտ») որպես հետադարձ հայացքի կողմնակալության ենթաբազմություն[10]:
Այլ ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979թ.-ի ուսումնասիրության ժամանակ մասնակիցներին տեղեկացրին, որ կրկնվող պնդումների ճշմարտացիությունն ավելի հավանական չէ, քան չկրկնվողներինը: Չնայած այս նախազգուշացմանը, մասնակիցները կրկնվող հայտարարություններն ընկալեցին որպես ավելի ճիշտ, քան չկրկնվողները[6]:
1981 և 1983 թվականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ վերջին փորձից ստացված տեղեկությունը հիմնականում դիտարկում են «ավելի սահուն և ծանոթ», քան նոր փորձը: 2011 թվականին Ջեյսոն Դ. Օզուբկոյի և Ջոնաթան Ֆուգելսանգի ուսումնասիրությունը հիմնվել է այս բացահայտման վրա՝ ցույց տալով, որ, ընդհանուր առմամբ, հիշողությունից ստացված տեղեկատվությունը «ավելի սահուն կամ ծանոթ է, քան այն առաջին անգամ լսելիս» և այդպիսով առաջացնում է ճշմարտության պատրանք: Էֆեկտն ավելի ակնբախ դարձավ, երբ պնդումները կրկնվեցին երկու անգամ, և դեռ ավելի ակնբախ, երբ դրանք կրկնվեցին չորս անգամ: Հետազոտողները, այսպիսով, եզրակացրել են, որ հիշողության վերականգնումը հզոր մեթոդ է, այսպես կոչված, պնդումների վավերականությունը մեծացնելու համար և որ ճշմարտության պատրանքը էֆեկտ է, որը կարելի է դիտարկել առանց խնդրո առարկա փաստացի պնդումների ուղղակի ուսումնասիրության[11]:
1992 թվականին Յան Մեյնարդ Բեգի, Էն Անասի և Սյուզան Ֆարինաչիի կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայտարարությունը ճշմարիտ կթվա, եթե տեղեկությունը ծանոթ լինի[6]:
2012 թվականին Դանիել Ք. Փոլաժի փորձը ցույց տվեց, որ որոշ՝ կեղծ լուրերի ազդեցությանը ենթարկված մասնակիցներ շարունակում էին կեղծ հիշողություններ զարգացնել: Եզրակացությունն այն էր, որ կրկնվող կեղծ պնդումները բարձրացնում են արժանահավատությունը և կարող են նաև հանգեցնել սխալների[6][5]:
2014 թվականի ուսումնասիրության ժամանակ Էրին Ջ. Նյումանը, Մևահ Սանսոնը, Էմիլի Կ. Միլլերը, Ադել Քուիգլի-ՄակԲրայդը, Ջեֆրի Լ. Ֆոսթերը, Դենիել Մ. Բերնշտեյնը և Մարյան Գարրին խնդրեցին մասնակիցներին դատել տարբեր մարդկանց վերագրվող պնդումների ճշմարտացիությունը, որոնց մի մասի անուններն ավելի հեշտ էին արտասանվում, քան մյուսներինը: Հետևապես, հեշտությամբ արտասանվող անուններով մարդկանց հայտարարությունները համարվում էին ավելի ճշմարտացի, քան այն մարդկանցը, որոնց անուններն ավելի դժվար էր արտաբերել: Հետազոտողների եզրակացությունն այն էր, որ սուբյեկտիվ, անուղղակի հատկանիշները, ինչպիսիք են մշակման հեշտությունը, կարող են կարևորվել, երբ մարդիկ գնահատում են սկզբնական տեղեկատվությունը[3]:
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականին Յություբ տեսահոլովակ ստեղծող «CinemaSins»-ը վերանայել է «Wicked» ֆիլմ-մյուզիքլը։ Այս վերանայման մեջ էֆեկտը նշվել է գլխավոր հերոսներից մեկի՝ Գլինդայի (ում դերում Արիանա Գրանդեն է) առնչությամբ, ով ընկալվում է որպես «բարի», չնայած որ նա ֆիլմի մեծ մասում հանդես է գալիս որպես Էլֆաբայի (ում դերում Սինթիա Էրիվոն է) կեղծավոր ընկերուհի: Պատմողը խոսում է այն մասին, թե ինչպես ֆիլմը կստիպի մեզ հավատալ ավարտին, որ Գլինդան այլևս ոչ թե կեղծավոր ընկերուհի է, այլ ազնիվ և զղջացող: Նշենք, որ նա (պատմողը) խրախուսում էր դիտողներին ուսումնասիրել պատրանքային ճշմարտության էֆեկտը[12]:
See also
[խմբագրել | խմբագրել կոդը]References
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «The Truth Effect and Other Processing Fluency Miracles». Science Blogs. 2007 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Hasher, Lynn; Goldstein, David; Toppino, Thomas (1977). «Frequency and the conference of referential validity». Journal of Verbal Learning and Verbal Behavior. 16 (1): 107–112. doi:10.1016/S0022-5371(77)80012-1.
- ↑ 3,0 3,1 Newman, Eryn J.; Sanson, Mevagh; Miller, Emily K.; Quigley-Mcbride, Adele; Foster, Jeffrey L.; Bernstein, Daniel M.; Garry, Maryanne (2014 թ․ սեպտեմբերի 6). «People with Easier to Pronounce Names Promote Truthiness of Claims». PLOS ONE. 9 (2): e88671. Bibcode:2014PLoSO...988671N. doi:10.1371/journal.pone.0088671. PMC 3935838. PMID 24586368.
- ↑ 4,0 4,1 Dreyfuss, Emily (2017 թ․ փետրվարի 11). «Want to Make a Lie Seem True? Say It Again. And Again. And Again». Wired. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Resnick, Brian (2017 թ․ հունիսի 17). «Alex Jones and the illusory truth effect, explained». Vox. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Polage, Danielle (2012). «Making up History: False Memories of Fake News Stories». Europe's Journal of Psychology. 8 (2): 245–250. doi:10.5964/ejop.v8i2.456.
- ↑ Fazio, Lisa K.; Brashier, Nadia M.; Payne, B. Keith; Marsh, Elizabeth J. (2015). «Knowledge does not protect against illusory truth». Journal of Experimental Psychology: General. 144 (5): 993–1002. doi:10.1037/xge0000098. PMID 26301795.
- ↑ Nason, Brian (2015 թ․ դեկտեմբերի 8). «The Illusory Truth Effect». Vox Populi News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Resnick, Brian (2017 թ․ հոկտեմբերի 5). «The science behind why fake news is so hard to wipe out». Vox. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Hertwig, Ralph; Gigerenzer, Gerd; Hoffrage, Ulrich (1997 թ․ հունվար). «The reiteration effect in hindsight bias». Psychological Review. 104 (1): 194–202. doi:10.1037/0033-295X.104.1.194. hdl:11858/00-001M-0000-0025-A38B-2.
- ↑ Ozubko, Jason D.; Fugelsang, Jonathan (2011). «Remembering makes evidence compelling: Retrieval from memory can give rise to the illusion of truth». Journal of Experimental Psychology: Learning, Memory, and Cognition. 37 (1): 270–276. doi:10.1037/a0021323. PMID 21058878.
- ↑ CinemaSins (2025 թ․ մարտի 4). Everything Wrong With Wicked In 17 Minutes Or Less. Վերցված է 2025 թ․ մարտի 5-ին – via YouTube.
Further reading
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gigerenzer, Gerd (1984). «External Validity of Laboratory Experiments: The Frequency-Validity Relationship». The American Journal of Psychology. 97 (2): 185–195. doi:10.2307/1422594. JSTOR 1422594.
- Zacks, Rose T.; Hasher, Lynn (2002). «Frequency processing: A twenty-five year perspective». Etc. Frequency Processing and Cognition. էջեր 21–36. doi:10.1093/acprof:oso/9780198508632.003.0002. ISBN 0-19-850863-8.
- «The Illusion of Truth - PsyBlog». PsyBlog (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
Կատեգորիա:Memory biases Կատեգորիա:Cognitive biases Կատեգորիա:Prospect theory Կատեգորիա:Cognition Կատեգորիա:Decision theory Կատեգորիա:Error Կատեգորիա:Psychological manipulation Կատեգորիա:Propaganda techniques