Jump to content

Պատոնի կամուրջ

Պատոնի կամուրջ
ԱնունովԵվգենի Պատոն
Երկիր Ուկրաինա
ՏեղանքԿիև[1]
Տեսակճանապարհային կամուրջ և մշակութային արժեք
Նյութպողպատ
Թռիչքների քանակ26
Հատում էԴնեպր
Երկարություն1543 մետր
Լայնություն21 մետր
Բացման տարեթիվնոյեմբերի 5, 1953
50°25′27″N 30°34′19″E / 50.4242756°N 30.5719095°E / 50.4242756; 30.5719095
Քարտեզ
Քարտեզ

Եվգենի Օսկարովիչ Պատոնի անվան կամուրջ (ուկրաիներեն՝ Міст імені Є. О. Патона, հայտնի է նաև որպես Պատոնի կամուրջ, ուկրաիներեն՝ міст Патона), Դնեպր գետի վրայով անցնող Կիևի կամուրջներից մեկը։ Անվանակոչվել է իր կոնստրուկտոր Եվգենի Պատոնի անունով[2]։ Կառուցված լինելով 1941-1953 թվականներին՝ այն աշխարհի առաջին ամբողջությամբ եռակցված կամուրջներից մեկն է և նաև Կիևի ամենաերկար կամուրջը՝ 1543 մետր (5062 ոտնաչափ) երկարությամբ։ Կամրջի վրայով երթևեկությունը բացվել է 1953 թվականի նոյեմբերի 5-ին։ Կամուրջը նաև Կիևի Փոքր օղակաձև ճանապարհի մի հատված է։

Կառուցման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի շինարարությունը սկսվել է 1940 թվականին։ 1942 թվականին, անավարտ կառույցն օգտագործելով, գերմանացի օկուպանտները (հունգարական ստորաբաժանումների մասնակցությամբ) կառուցել են ժամանակավոր փայտե կամուրջ, որը կոչվել է ֆելդմարշալ Վալտեր ֆոն Ռեյխենաուի անունով[3]։ Կամուրջն այրվել է 1943 թվականի նահանջի ժամանակ, բայց կրող կառույցները պահպանվել են։

Կիևի ազատագրումից հետո սկզբում որոշում է կայացվել վերականգնել մոտակա Նավոդնիցկի կամուրջը։ Պատոնի կամրջի շինարարությունը վերսկսվել է 1940-ականների վերջերին։ Պատոնի կամրջի շինարարությունն ավարտվել է 1953 թվականին, այն երթևեկության համար բացվել է 1953 թվականի նոյեմբերի 5-ին։ Կամրջի ավարտից հետո մոտակա Նավոդնիցկի կամուրջը կրկին քանդվել է, քանի որ ֆունկցիոնալ առումով զգալիորեն զիջել է Պատոնի կամրջին։

Կամուրջը հեծանային կառուցվածք ունի, բաղկացած է 58 և 57 մետր երկարությամբ և 3.6 մետր բարձրությամբ, 26 թռիչքով և 48 սուզարկղ հենասյուներից, որոնք տեղակայված են սնամեջ հեծանային հիմքի վրա։ Թռիչքային կամրջամասը բաղկացած է 29 մետր երկարությամբ 264 նույնական բլոկներից, որոնց տեղադրման ընթացքում կատարվել է 10,668 մետր եռակցման աշխատանքներ։ Ճանապարհի երթևեկելի մասը 21 մետր լայնություն ունի, իսկ մայթերը՝ 3 մետր։ Երթևեկության անվտանգությունը բարելավելու համար 1968 թվականին Պատոնի կամրջի վրա տեղադրվել է կիսակոշտ դեկորատիվ ցանկապատ (առաջինը ԽՍՀՄ-ում)։ Այն կառուցվել է Դոնեցկի «Ռեմկոմմունէլեկտրոտրանս» ընկերության կողմից։ 1954 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի հունիսի 9-ը կամրջի վրա գործել է տրամվայի գիծ։ Կամրջի մուտքը աջ ափից ձևավորված է սյունազարդ դորիական սյունակարգով, իսկ ձախ ափը՝ երկու 20 մետր բարձրությամբ սյուներով։

Պատոնի կամուրջը նախագծել և կառուցել են՝

  • «Ուկրպրոեկտալկոնստրուկցիա» ինստիտուտը, Կիև։
  • «Մոստոստրոյ» թիվ 1 տրեստը, Կիև։
  • Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտը։
  • Իվան Բաբուշկինի անվան Դնեպրոպետրովսկի մետաղամշակման գործարանը։

Ակադեմիկոս Եվգենի Օսկարովիչ Պատոնը, որի անունով էլ կոչվում է կամուրջը, անմիջականորեն մասնակցել է կամրջի նախագծմանը և կառուցմանը[4]։

Կառուցման պահին եղել է Եվրոպայի ամենամեծ ամբողջությամբ եռակցման միջոցով կառուցված կամուրջը և առաջինը, որտեղ օգտագործվել է ավտոմատ եռակցում բոլոր մոնտաժումների համար[5]։

2009 թվականին վերակառուցվել է Պատոնի կամրջի ձախ ափի մուտքի մոտ գտնվող երթևեկության հանգույցը։

Կամրջի տեսարանը Բերեզնյակիից

Տրամվայը Պատոնի կամրջի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև կամրջի վերակառուցումը 2004 թվականին, Պատոնի կամրջով է անցել ամենակարևոր տրամվայի գծերից մեկը, որը կապել է Կիևի տրամվայի համակարգի ձախափնյա հատվածը աջափնյա հատվածի հետ: Պատոնի կամրջի վերակառուցման ընթացքում տրամվայի գծերը ապամոնտաժվել են և կամրջի վրա անցկացվել է տրոլեյբուսային գիծ, որը ի վիճակի չի եղել սպասարկելու տրամվայի ուղևորահոսքը: Կիևի տրամվայի համակարգը բաժանվել է երկու ցանցի՝ ձախափնյա և աջափնյա, ինչը հանգեցրել է բողոքի ցույցերի[6] և ստորագրահավաքների[7]՝ Դնեպրի ձախ և աջ ափերի միջև տրամվայի ծառայության դադարեցման դեմ:

2006 թվականին մշակվել է Նաբերեժնոյե մայրուղու տրամվայի գիծը ապամոնտաժելու ծրագիր։ Այդ տրամվայի գծի բացակայությունը անհնար կդարձներ Կիևի տրամվայի ցանցի ձախ և աջ ափերի միջև Պատոն կամրջի վրայով երթևեկության վերականգնումը։ Կիևի նոր քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու Կիևի քաղաքային խորհրդում հայտնվելուց հետո ապամոնտաժումը հետաձգվել է, իսկ 2008 թվականին քաղաքային վարչակազմը պաշտոնապես հերքել է այդ փողոցում տրամվայի գծի ապամոնտաժման մասին տեղեկությունները[8]։ Ավելի ուշ տեղեկատվություն է տարածվել Պատոնի կամրջի վրա տրամվայի գիծը վերականգնելու ծրագրերի մասին[9]։ Սակայն, ընդամենը մեկ տարի անց հայտարարվել է, որ Կոնտրակտովյան հրապարակից տրամվայի գծերը ապամոնտաժվելու են։ Այդ գծերի բացակայությունը Նաբերեժնոյե մայրուղու գիծը մեկուսացնելու էր և դրա արդյունավետությունը Պատոնի կամրջի վրայով տրամվայի գծի հնարավոր վերականգնման դեպքում աննշան կդառնար։

Վերակառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի վերակառուցման անհրաժեշտության հարցն առաջին անգամ քննարկվել է 1990-ականներին։ Սակայն այդ ժամանակ ֆինանսական միջոցներ չեն եղել։ 2008 թվականին կամրջի վերակառուցման հարցը կրկին քննարկվել է, կապված 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքների հետ։ Մասնավորապես, մշակվել է մի նախագիծ, որը նախատեսել է երկաթբետոնե ծածկույթի ապամոնտաժում և դրա փոխարինում ավելի թեթև մետաղականով։ Բեռը նվազեցնելու շնորհիվ կրող հեծանները կկարողանային դիմանալ ութ երթևեկության գոտիների՝ գործող վեցի փոխարեն։ Միաժամանակ, կամրջի ընդհանուր լայնությունը 21 մետրից կդառնար մինչև 38 մետր[10]։ Սակայն, ֆինանսական ճգնաժամի պատճառով կամրջի վերակառուցումը հետաձգվել է։ 2011 թվականի մայիսի 27-ին Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հայտարարել է, որ Պատոնի կամրջի վերակառուցումը կսկսվի Կիևում Դարնիցկու երկաթուղային և ավտոմոբիլային կամրջի և Պոդիլսկ-Վոսկրեսենսկի կամրջի անցման ավարտից հետո[11]։ 2020 թվականի սկզբի դրությամբ Կիևի քաղաքային բյուջեում միջոցներ չեն նախատեսվել կամրջի վերակառուցման համար[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2023.
  2. Borys Paton, patriarch of Ukrainian science, dies at 101, Kyiv Post (19 August 2020)
  3. «Строительство моста фон Рейхенау зимой 1941/42 гг.: reibert — LiveJournal». Արխիվացված օրիգինալից 2024-12-04-ին. Վերցված է 2024-12-03-ին.
  4. Постанова Бюро ЦК КП України від 18 серпня 1953 року «Про присвоєння Київському суцільнозварному міському автодорожньому мосту через р. Дніпро ім’я Є. О. Патона» // Центральний державний архів громадських об'єднань України. Ф. 1. Оп. 6. Спр. 1920. Арк. 93. Արխիվացված է Օգոստոս 18, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  5. Перельмутер А. В. Первый цельносварной мост // Промислове будівництво та інженерні споруди. — 2012. — В. 1. — С. 33—35. Архивировано из первоисточника 27 հունիսի 2016.
  6. «Публичные акции Комитета по сохранению трамвайных маршрутов 21, 27, 31». Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին. Վերցված է 2011-07-17-ին.
  7. «Открытые письма в защиту трамвая на мосту Патона». Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին. Վերցված է 2011-07-17-ին.
  8. Чутки про демонтаж трамвайної лінії на Набережному шосе не відповідають дійсності. Արխիվացված է Մայիս 4, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  9. На мост Патона вернут трамвай.
  10. «Мосту Патона исполняется 55 лет». Արխիվացված է օրիգինալից 2013-04-25-ին. Վերցված է 2011-07-17-ին.
  11. Азаров візьметься за міст Патона після будівництва Дарницького та Подільського мостів Արխիվացված է Նոյեմբեր 5, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  12. «Мост Патона в Киеве разваливается на глазах: когда и как его спасут (ФОТО)» (ռուսերեն). delo.ua. Արխիվացված օրիգինալից 2019-12-22-ին. Վերցված է 2020-01-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедический справочник «Киев» / Под ред. А. В. Кудрицкого. — Киев: Главная редакция Украинской Советской Энциклопедии, 1982. — С. 422
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատոնի կամուրջ» հոդվածին։