Պատող կոնստրուկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատող կոնստրուկցիաներ շենքերի և կառույցների, շինարարական կոնստրուկցիաներ (պատեր, վերնածածկեր, ծածկեր, միջնորմեր և այլն), որոնք սահմանափակում են շենքի (կառույցի) ծավալը և բաժանում առանձին սենյակների։ Պատող կոնստրուկցիաները նախատեսված են, հիմնականում, սենյակները ջերմաստիճանային ներգործություններից, քամուց, խոնավությունից, աղմուկից, ճառագայթումից և այլ գործոններից պաշտպանելու համար՝ ի տարբերություն կրող կոնստրուկցիաների, որոնք ծառայում են շենքերի ու կառույցների ուժային բեռնվածքները կրելու համար։ Այս տարբերակումը պայմանական է, քանի որ հաճախ նույն կոնստրուկցիան (պատ, միջնորմ են) համատեղում է պատող և կրող ֆունկցիաները։ Պատող կոնստրուկցիաները լինում են արտաքին (գլխավորապես սենյակները մթնոլորտային ներգործություններից պաշտպանելու համար) և ներքին (հիմնականում շենքի ներքին տարածությունը բաժանելու և ձայնամեկուսացնելու համար)։ Արտաքին Պատող կոնստրուկցիաների շահագործական հատկությունները պետք է համապատասխանեն տեղական կլիմային, այդ կոնստրուկցիաները սենյակներում պետք է ապահովեն անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ և ստեղծեն հարմարավետություն։ Ներքին Պատող կոնստրուկցիաները մեկուսացնում են կից սենյակները օդային և հարվածային աղմուկից, կից սենյակների ջերմությունից և խոնավությունից։ Ըստ պատրաստման եղանակի Պատող կոնստրուկցիաները լինում են հավաքովի (գործարանային արտադրության պատրաստի տարրերից մոնտաժվող) և միաձույլ (շինարարության վայրում կառուցվող), ըստ կոնստրուկտիվ լուծման՝ պարզ և բաղադրովի։ Պարզ (միաշերտ) Պատող կոնստրուկցիաները կառուցվում են նույն նյութից կամ համասեռ հատային շինվածքներից (աղյուսե պատեր, թեթև բետոնե պանելներ, գիպսե միջնորմեր)։ Բաղադրովի («բազմաշերտ») Պատող կոնստրուկցիաները բաղկացած են մի քանի տարրերից կամ շերտերից (կրող, մեկուսացնող, վերջնամշակման)։ Հատուկ նշանակություն է տրվում արտաքին պատերին, որոնք բնորոշում են շենքի ճարտարապետական տեսքը, հաճախ պատերի շինանյութը բնորոշում է նաև շենքի կոնստրուկտիվ տիպը՝ խոշորաբլոկային, խոշորապանելային, աղյուսե և այլն։ Պատող կոնստրուկցիաները պետք է օժտված լինեն բարձր ամրությամբ, կոշտությամբ, կայունությամբ, հրակայունությամբ։ Անհրաժեշտ է նաև, որ Պատող կոնստրուկցիաների մակերևույթի մակատեսքը, գույնը և դեկորատիվ այլ հատկությունները համապատասխանեն շենքերի և կառույցների նշանակմանը, նպաստեն դրանց ճարտարապետական արտահայտչականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 172