Պատմությունը կարդարացնի ինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիդել Կաստրոն ձերբակալությունից հետո, 1953 թվական

«Պատմությունը կարդարացնի ինձ» (իսպ.՝ La historia me absolverá), Ֆիդել Կաստրոյի՝ 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոնկադայի զորանոցի գրոհի գործով դատական գործընթացում, որտեղ նա մեղադրյալ էր, արտասանած ճառի եզրափակիչ բառերը:

1953 թվականի սեպտեմբերի 21-ին սկսված դատաքննությանը մասնագիտությամբ իրավաբան Ֆիդել Կաստրոն հրաժարվեց փաստաբանից և որոշեց ինքը իրեն պաշտպանել: Պաշտպանության ուղղությունը նա որոշեց տանել Ֆ. Բատիստայի բռնատիրական ռեժիմի դեմ պայքարելու և ժողովրդավարական կառավարությունը վերականգնելու իրավունք ունեցող ապստամբների անմեղության թեզով: Դատաքննության վերջին նիստում նա հանդես եկավ Բատիստայի ռեժիմը դատապարտող երկարաշունչ ճառով: Ի թիվս շատ փաստերի՝ նա խոսեց այն մասին, որ գյուղացի երեխաների 90 %-ը վարակված է մակաբույծներով, 700 հազար կուբացիներ գործազուրկներ են, իսկ գյուղացիների 30 %-ը չեն կարողանում իրենց անունն անգամ գրել: Ճառի վերջում նա բռնատիրական ռեժիմը տապալելու անհրաժեշտությունը հիմնավորող մի շարք պատմական փաստեր մեջբերեց (Ֆրանսիական մեծ հեղափոխություն, ԱՄՆ-ի Անկախության պատերազմը և այլն): Այդ ճառի եզրափակիչ բառերն էին՝ «Դատապարտեք ինձ: Դա նշանակություն չունի: Պատմությունը կարդարացնի ինձ»[1][2]:

Ֆիդել Կաստրոն դատապարտվեց 15 տարվա բանտարկության, բայց, չանցած 2 տարի, համաներմամբ ազատ արձակվեց:

Կաստրոյի այս ելույթը ծրագրային դարձավ հեղափոխականների համար, հայտնի դարձավ նաև որպես «Մոնկադայի ծրագիր» և դրվեց «Հուլիսի 26-ի շարժման» հիմքում: Այս ծրագիրը ներառում էր Բատիստայի բռնատիրության տապալումը, Կուբայի ինքնիշխանությունը և կախյալության վերացումը, լատիֆունդիզմի ոչնչացումը և հողի բաշխումը հողագործ աշխատավորներին, սոցիալական իրավունքների երաշխիքների ապահովումը և քաղաքացիների կյանքի որոկի բարձրացումը:

Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո Ֆիդել կաստրոյի ելույթը տպագրվեց առանձին հրատարակությամբ՝ սկզբնապես՝ իսպաներենով, ապա նաև՝ շատ այլ լեզուներով[3]:

Կաստրոյի ելույթի եզրափակիչ նախադասությունը թևավոր արտահայտություն է դարձել. այն օգտագործվում է կատակա-հեգնական երանգով՝ ինքնաարդարացման նպատակով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]