Պավլե Ինգորոկվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավլե Ինգորոկվա
վրաց.՝ პავლე იესეს ძე ინგოროყვა
PavleIngorokva.jpg
Ծնվել էհունվարի 1, 1893(1893-01-01)
ԾննդավայրՓոթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էնոյեմբերի 20, 1983(1983-11-20) (90 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, գրականագետ և հրապարակախոս
Pavle Ingorokva Վիքիպահեստում

Պավլե Ինգորոկվա (վրաց.՝ პავლე იესეს ძე ინგოროყვაհունվարի 1, 1893(1893-01-01), Փոթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան - նոյեմբերի 20, 1983(1983-11-20), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, բանասեր, մեկենաս

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական կրթությունն ստսցել է տանը, այնուհետև ուսումը շարունակել Վլադիկավկազի արական դասական գիմնազիայում: 1912 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, բայց ծանր հիվանդության պատճառով թերի է թողել ուսումը և վերադարձել Վրաստան:

1917 թվականին մասնակցել է վրացական ուղղափառ եկեղեցու անկախ, ինքնավար գործունեությունը հռչակած ժողովին, ընտրվել պատրիարքական խորհրդի կազմում, եղել է այդ նույն տարվա հոկտեմբերին Վրաստանի գրողների միության հիմնադրումը նախաձեռնողների շարքում:

Լինելով Խորհրդային Ռուսաստանի հետ Վրաստանի միավորման հակառակորդ՝ 1921 թվականի փետրվարին գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի, արվեստաբան Վախթանգ Կոտետաշվիլու և բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելու հետ, ի նշան բողոքի, սգավորի սև չուխա է հագել և կրել մի քանի ամիս շարունակ[1]:

Հիմնադրել ու խմբագրել է «Կավկասիոնի» և «Ախալի Կավկասիոնի » (Նոր Կովկաս) (1924—1925 թթ.) ամսագրերը, հիմնադրել է նաև «Սաքարթվելոս ծիգնի» («Վրացական գիրք») հրատարակչությունը, որոնք բոլորն էլ վերևների հրահանգով փակվել են: 1929-ից 1939 թվականներին աշխատել է Վրաստանի ազգային թանգարանում՝ որպես ձեռագրերի բաժնի վարիչ:

1925 թվականին անդամակցել է հակախորհրդային դիրքերում գտնվող վրաց գրողների ընկերակցությանը և 1930-ական թվականների սկզբներին հեռացվել Վրաստանի գրողների միությունից, սակայն հետագայում հալածանքների չի ենթարկվել: Մասնակցել է վրաց գրականության մասին Մալաքիա Տորոշելիձեի զեկուցման պատրաստմանը, որով վերջինս հանդես է եկել ԽՍՀՄ գրողների համամիութենական առաջին համագումարում (1934 թ.): Ընդգրկվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի 750-ամյակի նվիրված միջոցառումների կազմկոմիտեում (1937), ինչպես նաև՝ գրական այդ հուշարձանի ուսումնասիրման նպատակով հատուկ ստեղծված ակադեմիական հանձնաժողովում:

1940-1950 թթ. աշխատել է պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող: 1958-ին մասնակցել է ձեռագրերի ինստիտուտի (ներկայումս՝ ձեռագրերի վրացական ազգային կենտրոն) հիմնադրման աշխատանքներին:

Թաղված է Դիդուբեի պանթեոնում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլե Ինգորոկվայի գիտական հետաքրքրությունները դրսևորվել են Վրաստանի պատմության ու դրա սկզբնաղբյուրների, հին ձեռագրերի, վրաց գրականության պատմության և մասնավորապես Շոթա Ռուսթավելու կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրության բնագավառներում: Նրա որոշ եզրահանգումներ համարվել են խիստ վիճահարույց[2], և արևմտյան բազմաթիվ գիտնականներ բանավիճել են նրա հետ, հայտարարելով, որ նա հանդես է գալիս ազգայնականության դիրքերից: Դա վերաբերում է հատկապես վրացիների ու աբխազների ծագումնաբանության-ազգաբանության և վրացերենի այբուբենի ստեղծման տարեթվի վերաբերյալ Ինգորոկվայի արտահայտած կարծիքներին: Վերջինիս հետ բանավեճի և նրա հայացքների քննադատության վերաբերյալ կարելի է կարդալ Բրունո Քոփիթերի “In Defence of the Homeland: Intellectuals and the Georgian-Abkhazian Conflict” in Secession, History and the Social Sciences, ed. by Bruno Coppieters and Michel Huysseune, (VUBPress, 2002) գրքում:

Ինգորոկվան գրական շրջանառության մեջ է դրել Թամար թագուհու բանաստեղծական ճառանգությունը, բացահայտել միջնադարյան հեղինակներ Գրիգոր Հանձիթցուն ու Գիորգի Մերչուլեին, բազմաթիվ վերլուծական հոդվածներ, մենագրություններ հեղինակել Շոթա Ռուսթավելու, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելայի, Վախթանգ Օրբելիանու և այլ գրողների ու նրանց ստեղծագործությունների մասին:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին վրաց գրականության Շոթա Ռուսթավելու անվան ինստիտուտում հիմնվել է Ինգորոկվայի անվան մրցանակ, որը տարեկան երկու անգամ շնորհվում է «Գիտական հոդված», «Գիտական մենագրություն» և «Գիտական գրքի վրացերեն թարգմանություն» անվանակարգերում:

Ինգորոկվայի անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը[3]:

Հուշատախտակ է փակցվել թբիլիսյան այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ ապրել է նա (Ինգորոկվայի փողոց, 14 հասցեում)[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]