Jump to content

Պառնաս (գրական խմբակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառնաս
ՏեսակԳրական հոսանք
Երկիր Ֆրանսիա
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Անվանված էՊառնաս

Պառնաս (ֆր.՝ Parnasse), գրական խմբակ Ֆրանսիայում։ 1860-ական թվականներին Շառլ Լըկոնտ դը Լիլի (1852 թվականին հրատարակել է «Անտիկ բանաստեղծություններ» ժողովածուն, որի նախաբանը գրական մանիֆեստի նշանակություն է ունեցել) և Թեոֆիլ Գոթիեի (1852 թվականին լույս են տեսել «էմալ և Քար» բանաստեղծությունների և «Նոր արվեստ» հոդվածների ժողովածուները) շուրջն են համախմբվել երիտասարդ բանաստեղծներ. այդ խմբավորումը իրենք անվանել են «հեթանոսական» կամ «մաքուր արվեստի» դպրոց։ «Պառնաս» է կոչվել հետագայում՝ «ժամանակակից Պառնաս» (1866) ժողովածուի լույս տեսնելուց հետո։ «Պառնաս»-ի անդամներից էին Թեոդոր դը Բանվիլը, Սյուլի-Պրյուդոմը, ժ․ Մ․ դը էրեդիան, Պոլ Վեռլենը, Ստեֆան Մալարմեն, Անատոլ Ֆրանսը, Կատյուլ Մենդեսը։

Պառնասականները հրաժարվում էին ռոմանտիկական ընդվզումից, իրականության քննադատությունից, անցյալի սենտիմենտալ քնարերգությունից։ Նրանք ձգտում էին հեռանալ ժամանակակից կյանքից դեպի «անխռով» բանաստեղծական աշխարհ, որոնում էին նոր ձևեր, նոր ռիթմ ու բանաստեղծական նոր լեզու։ Պլեխանովի բնորոշմամբ դա «բուրժուական ճղճիմության բուրժուական ժխտում էր»։ Պառնասականների սկզբունքն էր Թեոֆիլ Գոթիեի «Արվեստն արվեստի համար» թեզը։ Առաջին ժողովածուն ընդգրկում էր 37 բանաստեղծների գործեր, երկրորդ ժողովածուն (1871)՝ 55։ Երրորդ և վերջին ժողովածուն տպագրվել է 1876 թվականին։ Պառնասականների ստեղծագործությունները իրենց բանաստեղծական նոր ռիթմով, նոր խոսքով ու պատկերներով հարստացրել են 19-րդ դարի ֆրանսիական գրականությունը։ Հայ իրականության մեջ պառնասականների յուրօրինակ ազդեցությունը առկա է Ա․ Չոպանյանի չափածոյի, Վ․ Տերյանի «Կատվի դրախտ» և Ե․ Չարենցի «էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 136