Պապի պալատ (Ավինյոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պապի պալատ
ֆր.՝ Palais des papes d'Avignon
Avignon, Palais des Papes depuis Tour Philippe le Bel by JM Rosier.jpg
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն

Պապի պալատ (ֆր.՝ Palais des papes d'Avignon), պատմա-ճարտարապետական հուշարձան Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում: 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է, Եվրոպայի ամենամեծ գոթական պալատներից մեկը[1]: Պապի պալատ է այցելում տարեկան 650.000 այցելու, այստեղ կազմակերպվում է ամենամյա թատերական փառատոն[2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապի պալատը

Ավինյոնը Հռոմի պապերի նստավայր է դարձել 1309 թվականին, երբ գասկոնցի Բերտրան դե Գոտը, ով որպես պապ հայտնի է Կլիմենտ V անունով, տեղափոխվեց Ավինյոն այն բանից հետո, երբ Բոնիֆացիոս VIII պապը տեղի տվեց Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի հետ ունեցած կոնֆլիկտում: 1348 թվականին Կլիմենտ V պապը ձեռք է բերում քաղաքը, որ պատկանում էր Պրովանսի կոմսերին: Ավինյոնում պապերն ավելի ապահով էին զգում, քան անհանգիստ Հռոմում, որտեղ սուր բախումներ էին ընթանում ազնվական տոհմերի միջև: Բացի այդ` Պապական մարզը Իտալիայի կենտրոնում այն ժամանակ փաստացի անկում էր ապրել: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարների հաստատումը այս քաղաքում (1309-1377) սկսեց կոչվել «Պապերի ավինյոնյան գերություն»:

Ավինյոնյան առաջին պապերը` Կլիմենտ V-ը և Հովհաննես XXII-ը, ապրել են դոմինիկյան վանքում, սակայն հետագայում Բենեդիկտոս XII-ի օրոք (1334-1342) սկսվում է եպիսկոպոսական հին պալատի վերակառուցումը, ինչը շարունակվում է նաև հետագա պապերի օրոք: Պալատը կառուցվում է քաղաքի հյուսիսային մասում` զառիթափ լանջերով բլրի վրա, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում Ռոն գետի վրա: Շինությունը բաղկացած էր երկու մասից` հին և նոր պալատներից: Շինարարության ավարտին նրանց ընդհանուր մակերեսը կազմում էր 11.000 մ²: Պալատի կառուցման համար ծախսվում է պապական եկամուտների մեծ մասը:

Հին պալատը կառուցվել է Բենեդիկտոս XII-ի հրահանգով ճարտարապետ Պիեռ Պուասոն Միրեպոյի նախագծով: Պապը հրամայում է քանդել եպիսկոպոսական հին պալատը և նրա տեղում կառուցել ավելի մեծ շինություն` ամրոցային հզոր պատերով, վանքով և աշտարակներով: Կլմենտ VI-ի, Ինոկենտի VI և Ուրբան V-ի օրոք ամրոցը մի քանի անգամ վերաշինվել ու ընդարձակվել է: Այդպես կառուցվում է ևս մեկ խոշոր շինություն` Նոր պալատը` պապական պատարագների համար նախատեսված ժամատնով: Եվս երկու աշտարակ կառուցվում են Ինոկենտի VI-ի օրոք; Ուրբան V-ը ավարտում է ներքին բակի շինարարությունը (հայտնի է «Պատվավոր լեգեոնի ատյան» անունով): Շենքի ինտերիերը ճոխ զարդարվում է ֆրեսկոներով, գոբելեններով, նկարներով, քանդակներով և փայտե առաստաղներով:

Պապերը լքում են Ավինյոնը 1377 թվականին` վերադառնալով Հռոմ, սակայն դա նոր պառակտումների տեղիք է տալիս, քանի որ պապի հակառակորդներ Կլիմենտ VII-ը և Բենեդիկտոս XIII-ը Ավինյոնի պալատը դարձնում են իրենց նստավայրը մինչև 1408 թվականը: Նրանց տապալումից հետո անգամ պալատը մի քանի տարի գտնվում էր նրանց կողմնակիցների ձեռքում նույնիսկ պաշարումից հետո: 1433 թվականին պալատը անցնում է պապական ենթակայության:

1789 թվականին` Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, պալատը գրավվում ու կողոպտվում է ապստամբների կողմից, իսկ 1791 թվականին դառնում է հակահեղափոխականների զանգվածային գլխատման վայր: Նապոլեոնի օրոք պալատի շինություններն օգտագործվոմ են որպես զորանոցներ և բանտեր: Երրորդ հանրապետության սկզբնական շրջանում, երբ երկրում իշխում են հակակրոնական տրամադրությունները, պալատի փայտյա ինտերիերը օգտագործվում է ձիանոցների համար, իսկ ֆրեսկոները ծեփվում են:

1906 թվականին ֆրանսիական իշխանությունները վերանորոգում են Պապի պալատը` այնտեղ ձևավորելով ազգային թանգարան:

Ներկայումս զբոսաշրջիկների այցելությունների համար բաց է պալատի շինությունների մեծ մասը: Բացի դրանից` այստեղ կա հանդիսությունների մեծ սրահ[4]: Պալատում է պահվում Վոքլյուզ դեպարտամենտի արխիվը: Պալատից վերև գտնվում է Ավինյոնի տաճարը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Centre historique d'Avignon: Palais des papes, ensemble épiscopal et Pont d'Avignon" [Historic Centre of Avignon: Palais des papes together with the Pont d'Avignon] (in French). UNESCO World Heritage Centre. 2009-05-06. Retrieved 2011-06-10.
  2. http://www.palais-des-papes.com/pages/pdpaccueil.html
  3. https://books.google.am/books?id=8pDrHAAACAAJ&dq=palais+papes+exposition&hl=fr
  4. http://www.palais-des-papes.com/pages/cicaccueil.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]