Պապիրուսների վիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլայում հայտնաբերված վազողների արձանիկներ

Պապիրուսների վիլլա, մասնավոր շքեղ ամառանոց հին հռոմեական Հերկուլանում քաղաքի մոտակայքում։ Տեղակայված էր քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Վեզուվ հրաբխային սարի զառիթափին։ Վիլլան պատկանել է Հուլիոս Կեսարի աներ՝ Լուցիուս Կալպուրնիուս Պիզո Ցեզոնիուսին։ Մ.թ. 79 թ Վեզուվի ժայթքումը ծածկեց ամբողջ Հերկուլանումը, այդ թվում և Պապիրուսների վիլլան 30 մետր բարձրությամբ հրաբխային մոխիրով։ Այն մնաց դրա տակ մինչև առաջին պեղումները, որոնք կատարվեցին 1750-1765 թթ Կարլ Վեբերի կողմից ստորգետնյա թունելների միջոցով։ Պեղումները վերսկսվել են 1930-ական և 1990-ական թթ։ Իր ներկա անունը ստացել է վիլլայի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերված թվով 1785 պապիրուսային թղթագլան գրքերի հավաքածուից։ Հայտնաբերված թղթագլանները մեզ են հասել խիստ վնասված վիճակում, և դրանց վերծանումը շարունակվում է առ այսօր։ Ներկա պահին վերծանված թղթագլանների վրա հաջողվել է գտնել էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին պատկանող հեղինակ՝ Փիլոդեմուսի գրվածքները (մ.թ.ա. I դար)։