Jump to content

Պաչինկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաչինկո
Ճապոնական արկադային խաղ Խմբագրել Wikidata
խաղային ժանր, արտադրանքի կատեգորիա Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաԱրկադային խաղ, խաղային մեքենա Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՃապոնիա Խմբագրել Wikidata

Պաչինկո (ճապ.՝ パチンコ), խաղային ավտոմատ, որը մի քանի տեսակի խաղերի համակցություն է։ Այն նման է դրամային ավտոմատին և պինբոլին՝ խաղացողը ձգում է լար, որպեսզի գնդիկները հարվածեն տարբեր թիրախների։ Տարածված է Ճապոնիայում՝ տեղական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով։

Պաչինկոյի սրահները սովորաբար ներառում են մի քանի խաղային ավտոմատներ, ուստի այս հաստատությունները շատ նման են խաղատների: Ժամանակակից պաչինկո մեքենաներն ունեն ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրական բաղադրիչներ:

Պաչինկո խաղում շահած գնդիկները չեն կարող փոխանակվել դրամի հետ խաղային սրահում, դրանք չի կարելի դուրս բերել սենյակից։ Դրանք կարող են օրինական կերպով փոխանակվել սրահում «հատուկ մրցանակային» նշանների (ճապ.՝ 特殊景品) հետ, որոնք հետո կարելի է վաճառել փողի դիմաց սրահից դուրս գտնվող գնորդներին[1]:

1994 թվականին Ճապոնիայում պաչինկոյի շուկան գնահատվել է 30 տրիլիոն յեն (մոտ 300 միլիարդ դոլար)[2]: 1999 թվականին պաչինկոյի սրահները կազմել են Ճապոնիայի 500 տրիլիոն յեն ՀՆԱ-ի 5,6%-ը և աշխատանքով ապահովել ավելի քան 330,000 մարդու, ինչը կազմել է Ճապոնիայի ընդհանուր զբաղվածության 0,52%-ը[3]։ Ենթադրվում է, որ միջինում Պաչինկոյի սրահներում հաճախորդների ծախսած գումարի մոտ 85%-ը հետ է վերադարձվում, ուստի պաչինկոյի սրահների եկամուտը կազմում է վիճակագրական գումարի մոտ 15%-ը[4]: 2015 թվականի դրությամբ ճապոնական պաչինկո շուկան ազարտային խաղերից ավելի շատ եկամուտ է ստեղծել, քան Մակաոյի, Լաս Վեգասի և Սինգապուրի շուկաները միասին վերցրած: 2018 թվականին աշխարհում եղել են ավելի քան 7 միլիոն պաչինկո մեքենաներ, որոնց կեսից ավելին Ճապոնիայում[5]։ 2019 թվականի վերջի դրությամբ Ճապոնիայում պաչինկոյի մեքենաների թիվը նվազել է մինչև մոտավորապես 2,5 միլիոն[6]:

Պաչինկո մեքենաներն առաջին անգամ ստեղծվել են 1920-ականներին որպես մանկական խաղալիք, որը կոչվել է «Կորինթյան խաղ» (コリントゲーム, կորինտո գեմու)։ Այն հիմնված է ամերիկյան «Կորինթյան բագատելի» վրա և անվանվել է նրա անունով։ Մեկ այլ հավանական տարբերակ է «Ճապոնական բիլիարդը» (ֆր.՝ Billard japonais), որը հայտնագործվել է Արևմտյան Եվրոպայում 18-րդ դարում։ Այն հայտնվել է Նագոյայում մոտ 1930 թվականին և տարածվել այնտեղից։ Բոլոր ճապոնական պաչինկոյի սրահները փակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն կրկին հայտնվել են 1940-ականների վերջին: Պաչինկոյի ժողովրդականությունը շարունակվել է այդ ժամանակվանից. Առաջին առևտրային սրահը բացվել է Նագոյայում 1948 թվականին: Թայվանն ունի բազմաթիվ պաչինկոյի հաստատություններ: Ներկայումս ենթադրվում է, որ Ճապոնիայում պաչինկոյի սրահների 80 տոկոսը պատկանում է էթնիկ կորեացիներին: 2001 թվականին բրիտանական BS Group ընկերությունը գնել է բաժնետոմսեր Tokyo Plaza-ում, որտեղ գործում է գրեթե 20 սրահ ամբողջ Ճապոնիայում։

Ինչպե՞ս է աշխատում Պաչինկոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողը գնում է որոշակի քանակությամբ (սովորաբար հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր) փոքր մետաղական գնդակներ, դրանք վերևից լցնում է սարքի մեջ, որից հետո նա կարող է օգտագործել դրա համար նախատեսված լծակը, որպեսզի վերահսկի գնդակները խաղադաշտ արձակելու արագությունը: Գնդիկների հոսքը ցած է թափվում քորոցների, ալիքների և փականների լաբիրինթոսի միջով: Գնդակների մեծ մասը վատնվում է, բայց դրանցից մեկը միշտ հայտնվում է հատուկ փոսում, ինչը հանգեցնում է հետևյալի․

  • թողարկվում են որոշակի քանակությամբ նոր գնդակներ,
  • լաբիրինթոսը կարճ ժամանակով վերադասավորվում է այնպես, որ հաղթելու հավանականությունը մեծանում է,
  • Գործարկվում է խաղի կենտրոնում տեղադրված մեխանիզմ, որը նման է խաղային ավտոմատի, և որը ժամանակ առ ժամանակ գնդիկների նոր խմբեր դուրս է նետում, որոնք տարբեր շահումներ են նշանակում։

Պաչինկոյի վաղ մեքենաները եղել են զուտ էլեկտրամեխանիկական և չեն ունեցել խաղային ավտոմատի ավելացում: Վերջինս սկզբում ունեցել է դասական երեք գլանային համակարգի ձև, բայց ներկայումս այն ավելի է բարդացել համակարգիչների զանգվածային օգտագործման պատճառով։ Մեխանիկական ցուցիչների տեղը զբաղեցրել են հեղուկբյուրեղային դիսփլեյները, որոնց վրա սրբապատկերներով և ամենատարբեր խորհրդանիշներով պատմվում են մասամբ ճշմարիտ փոքր պատմություններ, որոնք ավարտվում են հաջողությամբ (շահումով) կամ պարտությամբ։

Ճապոնիայում փողերով խաղամոլությունն արգելված է օրենքով, սակայն պաչինկոյի լայն ժողովրդականությունը ճապոնական հասարակությունում ստեղծել է օրենսդրական բաց, որը թույլ է տվել այս խաղի գոյությունը: Խաղում շահած գնդակները չեն կարող ուղղակիորեն փոխանակվել փողի հետ խաղային սրահում, դրանք չեն կարող դուրս հանվել տարածքից կամ փոխանակվել սրահների միջև: Այնուամենայնիվ, դրանք կարող են օրինական կերպով փոխանակվել սրահում, այսպես կոչված, «հատուկ մրցանակի» հետ։

Պաչինկոյի սրահները միշտ գունեղ զարդարված են։ Տղամարդիկ և կանայք հավասար պայմաններով խաղում են պաչինկո։ Մի մանգա ամսագիրն անդրադառնում է բացառապես պաչինկոյի թեմային։

Պատճառված վնասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցանկացած ազարտային խաղ, պաչինկոն ևս կարող է կախվածություն առաջացնել: Կան դեպքեր, երբ խաղացողները կորցրել են աշխատանքն ու ընտանիքը՝ պաչինկոյից կախվածության պատճառով:

Վերջին շրջանում մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնք պատմում են մանկահասակ երեխաների մասին, ովքեր «պաչինկոմանիայով» տառապող իրենց մայրերի կողմից թողնվել են մեքենաներում խաղային սրահների մոտ կայանատեղիներում և խեղդվել այնտեղ։ Մի քանի տարիների ընթացքում այս ձևով մահացել է 18 երեխա։ Մեկ երեխա մահացել է մեքենայի անիվների տակ, քանի որ նրան թողել են ավտոկայանատեղիում առանց հսկողության։ Նման միջադեպերից խուսափելու համար որոշ կայանատեղիներ մշտապես հսկվում են ոստիկանության կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kushner, David (2010-10-01). «The Secret Life of Pachinko». IEEE Spectrum. Արխիվացված օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  2. Schodt, Frederik (1996). Dreamland Japan: Writings on Modern Manga. Berkeley, CA: Stone Bridge Press. էջ 111. ISBN 978-1-880656-23-5.
  3. Wan, Junmin. (6 November 2014). Consumer casualties: exploring the economics of habit, information, and uncertainty in Japan. New York, NY. ISBN 978-1-137-38724-0. OCLC 882185031.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «パチンコの還元率は競馬より高い約85%。そのギャンブル性について考える». Harbor Business Online/Fusosha (ճապոներեն). 2016-12-22. Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին.
  5. O'Connor, Devin (2021-08-03). «Japan Pachinko Industry Continues Reeling, Profits Down 27 Percent». Casino.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-14-ին. Վերցված է 2022-05-29-ին.
  6. «Pachinko Faces Tough Year as Decline Continues». Nippon.com. 2020-07-21. Արխիվացված օրիգինալից 2023-11-29-ին. Վերցված է 2022-05-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]