Jump to content

Պաչարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաչարան
Ենթատեսակfruit liqueur?
 Patxaran Վիքիպահեստում

Պաչարան (իսպ.՝ Pacharán, բասկ.՝ Patxaran), ալկոհոլային խմիչք, որ ավանդաբար բնորոշ է Իսպանիայի հյուսիսային շրջաններին[1]։

Պաչարանը ալկոհոլային թրմօղի է, որ պատրաստում են մամուխից (լատին․՝ Prunus spinosa) հոտավետ տարբեր հավելումներով։ Սովորաբար ալկոհոլի պարունակությունը 20-30 % է։ Որպես կանոն, մատուցվում է որպես դիժեստիվ, այսինքն` ուտելիքից հետո։

Աշխարհագրություն և արտադրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնական պաչարանի շիշ. շշի հատակին երևում են մամուխի պտուղներ:

Ի սկզբանե պաչարան պատրաստել են Նավառայում և Բասկերի Երկրում[2]։ Խմիչքի անվանումը ծագում է մամուխի բասկերեն տարբերակից` բասկ.՝ baso aran (բառացի` վայրի սալոր), սակայն ժամանակի ընթացքում նրա պատրաստումը տարածվել է Իսպանիայի այլ շրջաններում ևս[1]։

Պաչարայի պատրաստման առաջին հիշատակությունները վերաբերում են 16-րդ դարին. այդ ժամանակ այն գերիշխում էր խմիչքների մեջ, որոնք մատուցվում էին նավարացի արքաների հարսանեկան սեղաններին։ Պաչարանի մեծ երկրպագու է եղել մասնավորապես Բլանկա I Նավարացին (1387-1441), ով մատնանշել է այս խմիչքի բուժական հատկությունները[2]։

16-18-րդ դարերում պաչարանը համեմատաբար ոչ մեծ ծավալներով արտադրվել է տնային պայմաններում։ Արտադրական ծավալներով պատրաստման հիմքը դրվել է 19-րդ դարում. պաչարանի առաջին խոշոր արտադրողը եղել է նավարացի գինեգործ Ամբրոսիո Վելասկոն (իսպ.՝ Ambrosio Velasco), ով 1816 թվականին հիմնել է պաչարանի արտադրություն[3]։ Հատկանշական է որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին պաչարանը դիտարկվել է ոչ այնքան ալկոհոլային խմիչք, որքան դեղամիջոց, որ նպաստում է մարսողությանը։ Այդ պատճառով այդ շրջանում պաչարանը վաճառել են դեղատներում[1]։

Պաչարանը համազգային հռչակ է ձեռք բերել 20-րդ դարի կեսերին[1]։ 1987 թվականին պաչարանի նավարացի արտադրողները հիմնադրել են հատուկ կանոնավորող խորհուրդ (իսպ.՝ Consejo Regulador de Denominacion), որը կանոնակարգում է խմիչքի պատրաստման տեխնոլոգիան և նրա աշխարհագրական պատկանելությունը[4]։ Խորհրդի պահանջներին համապատասխան` պաչարան է կարող է կոչվել միայն այն թրմօղին, որն արտադրվում է Նավառայում, սակայն չնայած դրան` պաչարան շարունակում են արտադրել Իսպանիայի այլ շրջաններում ևս[1][3]։

2000-ական թվականների վերջերին Իսպանիայում արտադրական եղանակով արտադրվել է տարեկան մոտ 7 միլիոն լիտր պաչարան[1]։ Առավել տարածված են «Զոկո» (իսպ.՝ Zoco) (ընկերությունը հիմնվել է 1956 թվականին խմիչքն առաջինը արտադրած Ամբրոսիո Վելասկոյի հետնորդների կողմից), որ ներկայումս պատկանում է ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը, «Լա Նավարա» (իսպ.՝ La Navarra), «Բայնես» (իսպ.՝ Baines), «Էչեկո» (բասկ.՝ Etxeko), «Կանչա» (բասկ.՝ Kantxa), «Աչա» (բասկ.՝  Atxa) ընկերությունների արտադրանքը[1][5].

Արտադրության տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաչարան. կարմիրը սովորական տեսակն է` 28 % ալկոհոլով, իսկ մանուշակագույնը` առանց ալկոհոլի:

Պաչարանը կարելի է համարել լիկյորի և անիսոնի թրմօղու ինքնատիպ հիբրիդ[6]։ Տեխնոլոգիական առումով այն մամուխի պտուղների, անիսոնի, հոտավետ տարբեր հավելումների (հիմնականում մրգային ու վանիլային, երբեմն` կարամելային) շաքարահյութի կուպաժ է[1][3]։ Հատկաշական է, որ Նավառայի գյուղացիների շրջանում հին ժամանակներից կա հավատալիք, որ թրմելուց հետո մնացած մամուխի հատիկներ ուտելը կարող է խելագարություն կամ էլ առնվազն մինչև կյանքի վերջ խմիչքից կախվածություն առաջացնել[1]։

Խմորումը տևում է մեկից ութ ամիս[7]։ Արտադրական արդյունաբերության մեջ թրմօղին սովորաբար պատրաստում են ապակյա անոթներում, սակայն մասնավոր որոշ արտադրողներ այն ավանդաբար պատրաստում են փայտե տակառներում[4]։

Իսպանացի մատուցողն առաջարկում է պաչարան:

Կախված շաքարի պարունակությունից` պաչարանը կարող է լինել ինչպես քաղցր, այնպես էլ չոր։ Մաքուր վիճակում մամուխ-անիսոնային թուրմն ունենում է մուգ կարմիր կամ շագանակագույն երանգ, սակայն կախված խմիչքի մեջ տարբեր հավելումների առկայությունից` այն կարող է ձեռք բերել տարբեր գույներ` կապույտ, մանուշակագույն, դեղին, վարդագույն[1][4]։

Ալկոհոլի պարունակությունը պաչարանի հիմնական տեսակներում կազմում է 20-30 %, սակայն թողարկվում են ավելի փափուկ տեսակներ ևս և նույնիսկ առանց ալկոհոլի պաչարան, որն ունենում է խմիչքի համային հիմնական հատկությունները[1][2]։

Մատուցում և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաչարանն ավանդաբար մատուցվում է ճաշից հետո որպես դիժեստիվ։ Այն մատուցում են ոչ մեծ բաժակներով, հաճախ սուրճի հետ։ Ընդունված է խմիչքն օգտագործել սառը վիճակում, սակայն բաժակի մեջ սառույցի կտորներ սովորաբար չեն դնում. այն սառեցվում է նախօրոք։ Երբեն մատուցում են շատ մանր կտորների վերածած սառույցով։ Իսպանական որոշ ռեստորաններում պաչարանի որ թանկարժեք տեսակները կարող են վերջում անվճար մատուցվել հաստատության կողմից` ի նշան երախտագիտության[5][6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Pacharan-Patxaran from Spain». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Pacharán – Patxaran» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Castellano» (իսպաներեն). Consejo Regulador de Denominacion — Сайт Регулирующего совета производителей пачарана. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Вина региона Ла-Риоха» — Сайт Регулирующего совета производителей пачарана. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  5. 5,0 5,1 «Пачарана (Patxarana)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  6. 6,0 6,1 «Пачаран». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
  7. 7,0 7,1 «Ликёр Пачаран Байнес». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 20 сентября 2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաչարան» հոդվածին։