Պաուլիի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վոլֆգանգ Պաուլի

Պաուլիի էֆեկտ, արտահայտություն, որը կապված է ավստրիացի տեսական ֆիզիկոս Վոլֆգանգ Պաուլիի ներկայությամբ տեխնիկական սարքավորման խորհրդավոր ու զվարճալի ձախողման հետ։ Տերմինը առաջարկվեց այն դեպքերից հետո, երբ նրա ներկայությամբ փորձնական սարքավորումները դադարում էին գործել կամ նույնիսկ խափանվում էին։

Պաուլիի էֆեկտը չպետք է շփոթել Պաուլիի սկզբունքի հետ, որը քվանտային մեխանիկայի հիմնարար սկզբունքներից է։ Ըստ այս սկզբունքի՝ երկու նույնական ֆերմիոններ (կիսաամբողջ սպինով մասնիկներ) չեն կարող միաժամանակ գտնվել միևնույն քվանտային վիճակում[1]։

Այնուամենայնիվ, Պաուլիի էֆեկտը կատակով համարվել է Պաուլիի երկրորդ արգելման սկզբունք, ըստ որի գործող սարքը և Պաուլին չեն կարող միաժամանակ գտնվել նույն սենյակում։ Հետաքրքիրն այն է, որ Պաուլին ինքն էլ համոզված էր, որ Պաուլիի էֆեկտը միայն կատակ չէ, այլ իրականություն։

Պաուլին ֆիզիկայում հայտնի է որպես պերֆեկցիոնիստ։ Չսահմանափակվելով միայն իր աշխատանքներով՝ նա միշտ քննադատում էր նաև աշխատակիցների սխալները։ Պաուլին հաճախ աշխատանքները բնութագրում էր «ընդհանրապես սխալ»։

Զվարճալի դեպքեր Վոլֆգանգ Պաուլիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլիի կոլեգաները կատակում էին՝ ասելով․ «Մահից հետո Պաուլին Աստծո մոտ ընդունելության է արժանանում։ Նա հարցնում է Աստծուն, թե ինչո՞ւ է նուրբ կառուցվածքի հաստատունը հավասար 1/137։ Աստված գլխով է անում, մոտենում գրատախտակին և սկսում սարսափելի արագությամբ հավասարումներ գրել։ Պաուլին գոհունակությամբ դիտում է, սակայն շուտով սկսում է ժխտականորեն ցնցել գլուխը»։

Պատմում են, որ մի անգամ ֆիզիկայի դասաժամին Պաուլիի ուսուցիչը գրատախտակին սխալ է թույլ տալիս, որը երկար ժամանակ չի կարողանում գտնել։ Վերջապես, հուսահատված, ի մեծ ուրախություն աշակերտների, նա ասում է․ «Պաուլի, ասեք վերջապես, թե ինչ սխալ եմ արել։ Դուք հավանաբար վաղուց գտել եք այն»։

Մեկ այլ անեկդոտ է, երբ գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը՝ Վերներ Կարլ Հայզենբերգը, Պաուլիին ներկայացնում է իր նոր տեսությունը։ Որպես պատասխան մի նամակ է ստանում, որտեղ քառակուսի էր նկարված և նշված էր «Ես կարող եմ նկարել Տիցիանի պես»։ Ներքևում մանր տառերով գրված էր․ «Միայն որոշ մանրամասներ չկան»[2]։

Մի անգամ Գյոթինգենի համալսարանում, չնայած նրան, որ Պաուլին համալսարանում չէր, մի թանկարժեք սարք խափանվեց, առանց ինչ-որ լուրջ պատճառի։ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր, գերմանացի ֆիզիկոս Ջեյմս Ֆրանկը իր աշխատակցին կատակով ասեց, որ գոնե այդ անգամ Պաուլին անմեղ էր։ Սակայն պարզվեց, որ Պաուլին, Կոպենհագեն գնալու փոփարեն, փոխել է գնացքը դեպի Գյոթինգեն կայարան հենց այն ժամանակ, երբ տեղի է ունեցել սարքի խափանումը։ Այս պատահարը նկարագրված է ռուս ֆիզիկոս Գեորգի Գամովի «30 տարիներ, որոնք ցնցեցին ֆիզիկան» ("Тридцать лет которые потрясли физику") գրքում, որտեղ ասում է, որ ինչքան ավելի տաղանդավոր է ֆիզիկոսը, այնքան ավելի ուժեղ է ազդում Պաուլիի էֆեկտը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]