Jump to content

Պաշտոնավարող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշտոնավարող կամ ինկումբենտ, որևէ պաշտոնատար անձ կամ պաշտոնի ներկայիս կրող։ Ընտրություններում պաշտոնավարող է համարվում այն անձը, որը զբաղեցնում կամ ժամանակավորապես կատարում է այն պաշտոնի պարտականությունները, որի համար անցկացվում են ընտրությունները՝ անկախ այն հանգամանքից, թե նա առաջադրվում է վերընտրվելու համար, թե ոչ։

Քվեաթերթիկում պաշտոնավարող թեկնածու կարող է լինել կամ չլինել. նախկին պաշտոնատար անձը կարող է մահացած, թոշակի անցած կամ հրաժարական տված լինել, նա կարող է չձգտել վերընտրվելու, կամ պաշտոնավարման ժամկետների սահմանափակման պատճառով զրկված լինել վերընտրվելու իրավունքից, ինչպես նաև կարող է ստեղծված լինել նոր ընտրատարածք կամ պաշտոն, որի պարագայում տվյալ դիրքը համարվում է թափուր կամ բաց։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ընտրությունները, որոնց քվեաթերթիկում չկա պաշտոնավարող թեկնածու, անվանվում են «բաց տեղ» կամ «բաց պայքար»։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինկումբենտ» տերմինը փոխառվել է միջնադարյան լատիներենի incumbens (-tis) բառից, որը նշանակել է «եկեղեցական պաշտոնի կրող»։ Այն հանդիսանում է incumbo (-ĕre) բայից կազմված գոյականացված ներկա դերբայը, որն սկզբնապես նշանակել է «հենվել, հակվել կամ պառկել ինչ-որ բանի վրա», իսկ հետագայում՝ ընդլայնված իմաստով, նաև «ճնշել, ծանրանալ» կամ «մեկի վրա որպես պարտականություն դրված լինել»[1][2][3][4]։

Պաշտոնավարման առավելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, պաշտոնավարողն ընտրություններում քաղաքական առավելություն ունի մրցակիցների (մարտահրավեր նետողների) նկատմամբ։ Բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրությունների անցկացման ժամկետները սահմանված են սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ, որոշ երկրներում պաշտոնավարողը կարող է իրավունք ունենալ որոշելու ընտրությունների անցկացման ամսաթիվը։

Քաղաքական պաշտոնների մեծ մասի դեպքում պաշտոնավարողն հաճախ ունենում է ավելի մեծ անվան ճանաչելիություն՝ տվյալ պաշտոնում իր նախկին գործունեության շնորհիվ: Պաշտոնավարողներն ունեն նաև ավելի հեշտ հասանելիություն նախընտրական հիմնադրամներին, ինչպես նաև պետական ռեսուրսներին (օրինակ՝ անվճար փոստային առաքման արտոնությունը), որոնք կարող են անուղղակիորեն օգտագործվել պաշտոնավարողի վերընտրվելու քարոզարշավին աջակցելու համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ընտրությունները (հատկապես օրենսդիր իշխանության միամանդատ ընտրատարածքներում), որոնցում գործող պաշտոնավարողը չի ձգտում վերընտրվել, հաճախ անվանվում են «բաց տեղ»։ Պաշտոնավարման առավելության բացակայության պատճառով սրանք հաճախ դառնում են ցանկացած ընտրության ամենաթեժ պայքարներից մեկը[5]։ Բացի այդ, բաց պայքար է առաջանում այն ժամանակ, երբ պաշտոնավարման ժամկետը սահմանափակ է (ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահի պաշտոնավարումը սահմանափակված է առավելագույնը չորս տարի ժամկետով երկու հաջորդական շրջանով), և գործող պաշտոնավարողին արգելվում է կրկին առաջադրվել: Չնայած պաշտոնավարման ակնկալվող առավելությունը 1950-ականների մոտ 2 տոկոսային կետից աճել է մինչև 10 տոկոսային կետ 1980-ական և 1990-ական թվականներին, իսկ այնուհետև՝ 2010-ական և 2020-ական թվականներին, կրկին նվազել է մինչև մոտ 2 տոկոսային կետ, միևնույն է՝ հավանականությունը, որ պաշտոնավարողը կկորցնի իր մանդատը, ողջ ժամանակահատվածում մնացել է գրեթե նույնը[6]։

Երբ նորեկներն են փորձում զբաղեցնել բաց պաշտոնը, ընտրողները հակված են համեմատել և հակադրել թեկնածուների որակավորումները, քաղաքական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները և անձնական բնութագրերը համեմատաբար պարզ եղանակով: Մյուս կողմից, այն ընտրությունները, որոնցում մասնակցում է գործող պաշտոնավարողը, ինչպես նշում է Գայ Մոլինյոն, «ըստ էության հանրաքվե են պաշտոնավարողի վերաբերյալ»[7]։ Ընտրողներն առաջին հերթին գնահատում են պաշտոնավարողի գրանցած արդյունքները: Միայն այն դեպքում, երբ նրանք որոշում են «աշխատանքից ազատել» պաշտոնավարողին, նոր սկսում են գնահատել, թե արդյունքներով արդյոք մրցակիցներից յուրաքանչյուրը հանդիսանում է ընդունելի այլընտրանք:

British Journal of Political Science ամսագրում 2017 թվականին հրապարակված հետազոտությունը պնդում է, որ պաշտոնավարման առավելությունը բխում է այն փաստից, որ ընտրողները պաշտոնավարողի գաղափարախոսությունը գնահատում են անհատապես, մինչդեռ ենթադրում են, որ ցանկացած մրցակից կիսում է իր կուսակցության ընդհանուր գաղափարախոսությունը[8]։ Սա նշանակում է, որ պաշտոնավարման առավելությունն ավելի նշանակալի է դառնում քաղաքական բևեռացման մեծացմանը զուգընթաց[8]։ Journal of Politics ամսագրի 2017 թվականին լույս տեսած մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ պաշտոնավարողներն ունեն «շատ ավելի մեծ առավելություն» հերթական ընտրությունների ժամանակ, քան ոչ հերթական ընտրությունների դեպքում[9]։

Կիրառումը բիզնեսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարար գործառնությունների և մրցակցության համատեքստում պաշտոնավարող մատակարարը սովորաբար այն մատակարարն է, որը ներկայումս բավարարում է հաճախորդի կարիքները: Այդ պատճառով նա, մրցակից ընկերությունների համեմատ, ունի շահեկան դիրք այս դերը պահպանելու կամ նոր պայմանագիր կնքելու հարցում[10]։

Առաջին ժամկետից հետո ձայների աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության քաղաքական վերլուծաբանները նկատել են առաջին ժամկետից հետո ձայների աճի երևույթի գոյությունը (որը Միացյալ Թագավորությունում այդ անվամբ հայտնի չէ), որի դեպքում առաջին ժամկետով ընտրված ներկայացուցիչները ստանում են ձայների ավելացում իրենց առաջին ընտրություններից հետո: Այս երևույթը, ըստ հաշվարկների, մինչև 10% առավելություն է բերում առաջին ժամկետով ընտրված ներկայացուցիչներին՝ մեծացնելով պաշտոնավարման ընդհանուր առավելությունը: Այնուամենայնիվ, այս աճի չափը պաշտոնավարման ընտրական առավելության կանխակալ (ոչ օբյեկտիվ) գնահատական է[5]։

Հակաինկումբենտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը՝ Հակաինկումբենտություն

Գոյություն ունեն սցենարներ, երբ հենց պաշտոնավարման գործոնն է հանգեցնում պաշտոնավարողի տապալմանը: Հանրությանը հայտնի որպես հակաինկումբենտության գործոն՝ նման իրավիճակներ առաջանում են այն ժամանակ, երբ պաշտոնավարողն իր պաշտոնավարման ընթացքում ապացուցում է, որ արժանի չէ այդ պաշտոնին, իսկ մրցակիցները դա ցույց են տալիս ընտրողներին: Հակաինկումբենտության գործոնը կարող է պատասխանատու լինել նաև այնպիսի պաշտոնավարողների տապալման համար, ովքեր, չնայած իրենց գործունեության դրական ցուցանիշներին, պաշտոնավարել են բազմաթիվ հաջորդական ժամկետներով. այս դեպքում ընտրողները պարզապես համոզվում են մրցակիցների կողմից առաջ քաշված փոփոխությունների անհրաժեշտության մեջ։ Նաև պնդում են, որ լայնածավալ լիազորություններով օժտված պաշտոնների կրողները ենթարկվում են հսկայական ճնշման, ինչը նրանց դարձնում է քաղաքականապես թույլ և անկարող՝ վերընտրվելու համար բավարար հանրային վստահություն վայելելու: Նման իրավիճակ է բնորոշ, օրինակ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնին[11]։ Այն ընտրողները, ովքեր եկամտի կորստի պատճառով ենթարկվում են բացասական տնտեսական ցնցումների, ավելի քիչ հավանական է, որ քվեարկեն պաշտոնավարող թեկնածուի օգտին, քան նրանք, ովքեր նման ցնցում չեն ապրել[12]։

Սոցհարցումների մասնագետ Նիկ Պանագակիսը 1989 թվականին ձևակերպել է իր կողմից «պաշտոնավարողի կանոն» կոչված թեզը, ըստ որի՝ ցանկացած ընտրող, ով պնդում է, թե ընտրությունների վերջնամասում դեռ չի կողմնորոշվել, ամենայն հավանականությամբ, ի վերջո քվեարկելու է մրցակցի օգտին[13]։

Ֆրանսիայում այս երևույթը հայտնի է Sortez les sortants («Հեռացրե՛ք հեռացողներին [ներկայացուցիչներին]») թևավոր խոսքով, որը 1956 թվականի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ուժադիստական (Poujadist) շարժման կարգախոսն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Onions, C. T., ed. (1966). «incumbent». The Oxford Dictionary of English Etymology. Oxford: Clarendon Press. էջ 469.
  2. Lewis, Charlton D.; Short, Charles (1879). «incumbo». A Latin Dictionary. Oxford: Clarendon Press. էջ 930.
  3. «incumbere». Logeion|ΛΟΓΕΙΟΝ: Dictionary of Medieval Latin from British Sources. Վերցված է 2026-05-06-ին.
  4. «INCUMBENS». Du Cange, et al., Glossarium mediæ et infimæ latinitatis. Վերցված է 2026-05-06-ին.
  5. 1 2 Gelman, Andrew; King, Gary (1990). «Estimating Incumbency Advantage without Bias» (PDF). American Journal of Political Science. 34 (4): 1142–1164. doi:10.2307/2111475. ISSN 0092-5853. JSTOR 2111475. S2CID 3752645. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ հունվարի 21-ին.
  6. Ebanks, Danny; Katz, Jonathan N.; King, Gary (2023). «If a Statistical Model Predicts That Common Events Should Occur Only Once in 10,000 Elections, Maybe it's the Wrong Model». Gary King - Harvard University. Վերցված է 2023-02-14-ին.
  7. Guy Molyneux, "The Big Five-Oh", The American Prospect, 1 October 2004.
  8. 1 2 Peskowitz, Zachary (2017-05-01). «Ideological Signaling and Incumbency Advantage» (PDF). British Journal of Political Science. 49 (2): 467–490. doi:10.1017/S0007123416000557. ISSN 0007-1234. S2CID 157292602. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 3-ին.
  9. de Benedictis-Kessner, Justin (2017-12-07). «Off-Cycle and Out of Office: Election Timing and the Incumbency Advantage». The Journal of Politics. 80: 119–132. doi:10.1086/694396. ISSN 0022-3816. S2CID 222440248.
  10. Chen, J., Incumbent, Investopedia, updated 27 January 2021, Retrieved 20 March 2021.
  11. Robert Tombs (2017 թ․ մայիսի 2). «France's Presidency Is Too Powerful to Work». Polling Report. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Margalit, Yotam (2019-05-11). «Political Responses to Economic Shocks». Annual Review of Political Science (անգլերեն). 22 (1): 277–295. doi:10.1146/annurev-polisci-050517-110713. ISSN 1094-2939.
  13. Nick Panagakis (1989 թ․ փետրվարի 27). «Incumbent Rule». Polling Report. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.