Պանչո Վլադիգերովը, Ֆրանտիշեկ Ստուպկան և Լյուբեն Վլադիգերովը, Պրահա, մարտի 23-25, 1928
Սովորել է Սոֆիայում (1910-1912 թվականներ), ապա Բեռլինում Պ. Ցուոնի (կոմպոզիցիա) և Լ. Կրեյցերի (դաշնամուր) մոտ (1912-1921 թվականներ)։ Եղել է Մ. Ռայնհարդի Գերմանական թատրոնի կոմպոզիտոր և դիրիժոր (1921-1932 թվականներ)։ 1932 թվականից՝ Սոֆիայի Պետական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հենվելով ժողովրդական երգային և պարային արվեստի վրա՝ իր ստեղծագործության մեջ Վ. ֆոլկլորային հիմքը զուգակցել է ժամանակակից եվրոպական կոմպոզիտորական տեխնիկայի հետ։ Նրա երաժշտությունը զգացմունքային է, աչքի է ընկնում փայլուն գործիքավորմամբ («Վարդար» ռապսոդիան, (1922), «Բուլղարական սյուիտ», (1927), «Բուլղարական 7 սիմֆոնիա պար», (1931))։ Հիմնական երկերից են՝ «Կալոյան թագավորը» օպերան (1936), «Լեգենդ լճի մասին» բալետը (1946 թվական, բեմադրվել է 1962 թվականին), 2 սիմֆոնիա, «Սեպտեմբերի 9» հերոսական նախերգանքը (1949 թվական), սիմֆոնիա պոեմներ, կոնցերտներ (դաշնամուրի՝ 5, ջութակի). կամերային անսամբլներ, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր, ժողովրդական երգերի մշակումներ ևս։ ՍՍՀՄ-ում հանդես է եկել 1945 թվականին։ Դիմիտրովյան մրցանակներ (1950 թվական, 1953 թվական)։