Պանդորայի արկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պանդորայի արկղ, Պանդորայի տուփ, հին հունական դիցաբանության մեջ Պանդորայի մասին առասպելի հետ կապված առարկա, որը հին հույն բանաստեղծ Հեսիոդոսը հավերժացրել է իր «Աշխատանք և օրեր» պոեմում[1]։ Առասպելի նախնական տարբերակում տարան հիշատակվել է հունարեն πίθος «պիթոս» բառով, որը նշանակում է մեծ կավե աման, կարասի պես մի բան, որը թաղում էին հողում և դրա մեջ պահ էին տալիս ցորեն, գինի, յուղ, սակայն բառը հետագայում սխալ է թարգմանվել և սկսել կոչվել արկղ։

Ժամանակակից շրջանում այն թևավոր խոսքի արժեք է ստացել, նշանակում է «մեծ ու անսպասելի տհաճությունների ցանկացած աղբյուր»[2], «փորձանքների, դժբախտությունների աղբյուր»[3], «արտաքին փայլի և գեղեցկության տակ թաքցնել բազմաթիվ անախորժություններ»[4] կամ «նվեր, որը թվում է արժեքավոր, սակայն իրականում անիծված է»[5]։ Կա նաև «Պանդորայի արկղը բացել» արտահայտությունը, որը նշանակում է «փորձանքների, դժբախտությունների սկիզբ տալ, պատճառ դառնալ»։ Ճակատագրական տարայի ավելի ուշ նկարագրությունները տարատեսակ են, ընդ որում առասպելի որոշ գրական և գեղարվեստական մշակումներում կենտրոնանում են ավելի շատ իդիոմատիկ արկղի, քան թե հենց Պանդորայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]