Պանամերիկյան կոնֆերանսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանամերիկյան կոնֆերանսներ միջամերիկյան կոնֆերանսներ, Ամերիկա մայրցամաքի հանրապետությունների պարբերաբար գումարվող կոնֆերանսները։ Հրավիրվում են 1889 թվականից։ Մինչե 1948 թվականը կոչվել են ամեր․ պետությունների միջազգային կոնֆերանսներ կամ պանամերիկյան կոնֆերանսներ։ Դրանց գումարման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1826 թվականին Պանամայում կայացած լատինաամերիկյան երկրների կոնգրեսում։ 19-րդ դարի 80-ական թվականներից այդ գաղափարն օգտագործեց ԱՄՆ Լատինական Ամերիկայում իր տիրապետությունը հաստատելու և եվրոպական մրցակիցների դեմ պայքարելու համար։ 1889 թվականից մինչև 1967 թվականը տեղի են ունեցել 10 հերթական և 3 արտակարգ կոնֆերանսներ։ Դրանցից հատկանշական են՝ 1-ինը (1889 թվականի հոկտեմբեր - 1890ապրիլ), որի ժամանակ հիմնվեցին Ամերիկյան հանրապետությունների միջազգային միությունը (տնտեսական ինֆորմացիայի փոխանակության նպատակով) և նրան կից Առևտրական բյուրոն (1901-1902 թվականներին վերանվանվեց Միջազգային բյուրո), 4-րդը (1910 թվականի հուլիս-օգոստոս)՝ Միջազգային բյուրոն վերակազմվեց Պանամերիկյան միության, 9-րդը (1948 թվականի մարտ—մայիս), որտեղ ստեղծվեց Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ Պանամերիկյան միության հիման վրա), 10-րդը (1954 թվականի մարտ), երբ ԱՄՆ Պանամերիկյան կոնֆերանսների մասնակիցներին պարտադրեց «Միջազգային կոմունիզմի դեմ պայքարի մասին» որոշումը։ 1962 թվականին կայացած խորհրդակցությունում ԱՄՆ-ի ճնշմամբ ԱՊԿ-ից հեռացվեց Կուբան։ 1967 թվականի փետրվարին 3-րդ արտակարգ կոնֆերանսը կանոնադրական ուղղում մտցրեց․ ԱՊԿ-ի գերագույն մարմինը միջամերիկյան կոնֆերանսի փոխարեն դառնում էր ԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների Գլխավոր ասամբլեան (որոշումն ուժի մեջ մտավ 1970 թվականին), որը գումարվում է ամեն տարի։ Պանամերիկյան կոնֆերանսներում հաճախ արտահայտված անհամաձայնությունները վկայում են ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի երկրների միջև օրավուր աճող հակասությունների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 118 CC-BY-SA-icon-80x15.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helleiner, Eric. Forgotten Foundations of Bretton Woods: International Development and the Making of the Postwar Order, Cornell University 2014 978-0801452758
  • Vanden, H.E., Prevost, G. Politics of Latin America: The Power Game (2nd Edition), 2006.

Կաղապար:Organization of American States