Պայքար (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պայքար (այլ կիրառումներ)

«Պայքար», գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական լեգալ շաբաթաթերթ (հետագայում՝ օրաթերթ)։ Հրատարակվել է 1915–1919 թվականներին, Թիֆլիսում։ Սոցիալ–դեմոկրատական թերթ էր, որի խմբագրության մեջ սկզբում մտնում են երկու բոլշևիկ (Ասքանազ Մռավյան և Սարգիս Խանոյան) և երկու մենշևիկ (Արամայիս Երզնկյան և Հայկ Ազատյան)։ Մինչև 100 համարը փաստորեն գտնվում էր բոլշևիկների ձեռքին։ Աշխատակցել են Ստեփան Շահումյանը, Արսեն Ամիրյանը, Անաստաս Միկոյանը, Մելիք Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Արտաշես Կարինյանը, Հակոբ Կամարին, Գուրգեն Հայկունին, Ա․ Վարդանյանը, Սիմակը և ուրիշներ։

Թերթը հետապնդվել է Ռուսաստանի ցարական իշխանությունների կողմից, ինտենսիվ գրաքննության պատճառով հաճախ լույս տեսել դատարկ սյունակներով։ Դրությունը փոխվել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Թերթը դրական է արտահայտվել ցարական կառավարության տապալման հանդեպ և կոչ է արել ամրապնդել բանվորների ու զինվորների դեպուտատների սովետները։

Մեծ տեղ է հատկացրել գրականության ու արվեստի հարցերին, տպագրվել են Մաքսիմ Գորկու, Հակոբ Հակոբյանի, Ազատ Վշտունու, Արազու և ուրիշների երկերը։ Երկրի հետագա զարգացման, քաղաքական իրադրությունների գնահատման հարցերում շուտով դրսևորվեցին լուրջ տարաձայնություններ «Պայքար»-ի խմբագրական կազմում, որը միատարր չէր։

Բոլշևիկները մենշևիկների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել են թերթի խմբագրությունից՝ հետագայում ստեղծելով իրենց օրգանը՝ «Բանվորի կռիվը» (Թիֆլիս)։ 101-րդ համարից «Պայքար»-ն ամբողջապես ձեռք է բերել մենշևիկյան ուղղվածություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 112