Պահպանողականությունը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պահպանողականությունը Թուրքիայում (թուրք.՝ Muhafazakârlık), ազգային ուղղվածություն ունեցող պահպանողականություն է, որն արտացոլվում է երկրի քաղաքական շատ կուսակցությունների, մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրակարգերում, որն իր գերիշխող գաղափարախոսությունը բնութագրում է որպես պահպանողական ժողովրդավարություն[1]։ Թուրքական պահպանողականության տարրերն արտացոլվում են նաև աջ քաղաքական սպեկտրի կուսակցությունների մեծ մասում, այդ թվում՝ «Ազգայնական շարժման» կուսակցությունում։ Թուրքիայում թուրքական պահպանողականությունը հաճախ անվանում են Türk tipi muhafazakârlık (թուրքական ոճի պահպանողականություն)[2]։

Թուրքական պահպանողականությունը տարբերվում է այլ երկրներում պահպանողականությունից նրանով, որ այն հիմնականում հակասում է կայացած պետական կառուցվածքին՝ ձգտելով քննադատել Թուրքիայի Հանրապետության հիմնարար սկզբունքները, մինչդեռ պահպանողականության ձևերի մեծ մասը հակված է աջակցել պետության հիմնական հաստատված արժեքներին։ Իդեալները, որոնք հիմնականում հակադրվում են պահպանողականներին, ինչպիսիք են աշխարհիկությունը, պետականությունը, պոպուլիզմը և սոցիալական պետության գոյությունը, ամրագրված են Թուրքիայի սահմանադրության մեջ։ Թուրքական պահպանողականությունը հիմնականում մրցում է քեմալիզմի հետ, որը Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունն է, ով ձեռնարկել է շատ սոցիալական բարեփոխումներ։ Սակայն քեմալիզմը որոշ հետազոտողների կողմից նկարագրվել է նաև որպես պահպանողական ազգայնականության ձև, քանի որ այն պաշտպանում է թուրքական պետության կայացած ավանդույթները[3]։

Թուրքիայում պահպանողականության վրա սովորաբար մեծապես ազդում է քաղաքական իսլամը[4]՝ իր պահպանողական արժեքներով, որոնք բխում են տեղական սովորույթներից, գյուղական ավանդույթներից[5]։ Հետևաբար, թուրքական պահպանողականությունը հակված է լինել ավելի պահպանողական, կրոնական և ուժեղ կենտրոնացված ղեկավարության օգտին, այդ իսկ պատճառով քննադատողները հաճախ դա բնութագրում են որպես ավտորիտար[6]։ Թուրք պահպանողականները նույնպես հակված են ավելի մեծ հավանություն ցուցաբերել օսմանյան մշակույթը վերադարձնելու հարցում, ի տարբերություն արևմուտքում հիմնված մշակույթի և հանրապետության դարաշրջանից եկող արժեքների[7]։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայում պահպանողականությունը մեծ աջակցություն է վայելում հիմնականում Անատոլիայի կենտրոնում և գյուղում, որտեղ խստորեն պահպանվում են գյուղի և տեղական սովորույթները։ 2012 թվականին թուրքերի միայն 8.6 %-ն է իրեն բնութագրել որպես «ամբողջովին ոչ պահպանողական», իսկ 2006 թվականին` 12.6%-ը[8]։ Քադիր Հասի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ թուրքերի 39,2 %-ն իրեն պահպանողական է անվանել 2013 թվականին։ 2015 թվականին այս թիվը նվազել է մինչև 20,7 %[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkey: from conservative democracy to popular authoritarianism | openDemocracy»։ opendemocracy.net։ Վերցված է 2016-07-30 
  2. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2016-07-30 
  3. «Turkey's Liberals, Religious Conservatism, and Kemalism»։ turkeyanalyst.org։ Վերցված է 2016-07-30 
  4. Yavuz, M. Hakan Turkish secularism and Islam under the reign of Erdoğan(անգլ.) // Southeast European and Black Sea Studies : journal. — 2019. — Т. 0. — С. 1—9. — ISSN 1468-3857. — doi:10.1080/14683857.2019.1580828
  5. Akyol Mustafa (2015-11-10)։ «The New York Times»։ nytimes.com։ Վերցված է 2016-07-30 
  6. «Turkey's Creeping Authoritarianism: Is the Resistance Enough?»։ huffingtonpost.com։ 2016-05-20։ Վերցված է 2016-07-30 
  7. Piri Medya (2016-07-28)։ «Millet biziz, devlet biz - SERDAR TUNCER»։ yenisafak.com։ Վերցված է 2016-07-30 
  8. «Conservatism in Turkey becomes more mainstream, survey shows - LOCAL»։ hurriyetdailynews.com։ Վերցված է 2016-07-30 
  9. «Türkiye Sosyal-Siyasal Eğilimler Araştırması – Kantitatif Araştırma Özeti»։ TÜRKİYE ARAŞTIRMALARI MERKEZİ, Kadir Has Üniversitesi։ 2016-02-04։ Վերցված է 2016-07-30