Պակտիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պակտիկե (հուն․՝ Πακτνκή), հնագույն երկրամաս։ Ըստ հույն պատմագիր Հերոդոտոսի, մ․ թ․ ա․ 4-5-րդ դարերի Աքեմենյանները, պակտիկե և դրան հարակից որոշ գավառներ միավորելով Հայաստանին, ստեղծել են պարսկական տիրակալության 13-րդ սատրապությունը (վարչամիավորում, որից գանձվել է 400 տաղանդ հարկ)։ Այդ սատրապության մեջ միավորված երկրամասերի տեղորոշման վերաբերյալ պատմագիտության մեջ կան տարբեր կարծիքներ ու ենթադրություններ։ Սակայն դատելով ինչպես 13-րդ, այնպես էլ դրան սահմանակից մյուս սատրապությունների մասին Հերոդոտոսի հաղորդած տեղեկություններից, պակտիկե և հարակից գավառները արևելքում Հայաստանից (հետագայի Մեծ Հայքից) սահմանազատվել են Եփրատ գետով, հարավ-ում Կիլիկիայի սատրապությունից՝ Տավրոսի լեռնաշղթայով, արմ-ում տարածվել մինչև Բուն (Մեծ, Առաջին) Կապադովկիա, հյուսիս-արևմտքում՝ Պոնտոս։

Այդ տարածքը մ․ թ․ ա․ 4 —5-րդ դարերի պարսկական արձանագրությունների (Պերսեպոլսի, Շոշի, Րագհաստանի, Նագշի Ռուստամի) երկրացանկերում հիշատակված է Կատպատուկա անունով։ Նույն երկրամասը անտիկ հեղինակներին (Ստրաբոն և ուրիշներ) հայտնի է Կատաոնիա, իսկ հայ հին հեղինակներին (Սեբեոս)՝ Կապուտկե անվանումներով։ Պակտիկե տեղադրությամբ և անվանումով (որոշ աղավաղմամբ) համապատասխանում է Կատպատուկա—Կատաոնիա—Կապուտկե անդրեփրատյան երկրամասին։ Պակտիկե անունը թերևս աղերսվում է նաև 7-րդ դարի հայկական «Աշխարհացոյց»-ում Փռյուգիայից արևելք հիշատակվող Պակատիանի «աշխարհին»՝ Լաոդիկե կենտրոնով և 40 այլ քաղաքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։