Պակա Նավաս
Պակա Նավաս | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1883 |
Ծննդավայր | Juticalpa, Հոնդուրաս |
Վախճանվել է | հուլիսի 11, 1971 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ, լրագրող, սուֆրաժիստ և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Հոնդուրաս |
Ֆրանցիսկա Ռաքել Նավաս Գարդելա (իսպ.՝ Francisca Raquel Navas Gardela), ավելի հայտնի է որպես Պակա Նավաս (իսպ.՝ Paca Navas, մարտի 23, 1883, Juticalpa, Հոնդուրաս - հուլիսի 11, 1971, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), հոնդուրասցի լրագրող, գրող և ֆեմինիստ։ Հիմնադրել է առաջին ֆեմինիստական ամսագիրը Հոնդուրասում և եղել է երկրի առաջին սուֆրաժիստական կազմակերպության անդամ։ Լիբերալ հայացքների պատճառով ամուսնու հետ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է տարագրության մեջ։ Ստեղծագործական առումով նրա ամենաարդյունավետ շրջանը եղել է Գվատեմալայի աքսորի ժամանակաշրջանը՝ 1945-1951 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկա Ռաքել Նավաս Գարդելան ծնվել է 1883 թվականի մարտի 23-ին Խուտիկալպա քաղաքում (Օլանչո դեպարտամենտ, Հոնդուրաս) Խոսե Մարիա Նավասի և Ֆրանսիսկո Գարդելա դե Նավասի ընտանիքում[1]։ 1900 թվականին ամուսնացել է[2] փաստաբան[3], մտավորական և լրագրող Ադոլֆո Միրալդայի հետ[3]։
Նրա ամուսինը զբաղվել է քաղաքականությամբ և իր աշխատանքներում մեծապես աջակցել է լիբերալ ընդդիմությանը, ինչը հանգեցրել է նրան, որ նրա ընտանիքը հալածանքի է ենթարկվել Հոնդուրասի կառավարության կողմից։ Նավասի զինակից և գրող Ռամոն Ամայա Ամադորը առաջարկել է նրան ապաստանել Լա Սեյբա նավահանգստում և հրատարակել «Costa Norte» թերթը[2]։ Այսպիսով, ամուսինները տեղափոխվել են Լա Սեյբա, որտեղ նրանք անցկացրել են ամուսնու երկար տարիների քաղաքական աքսորը։ Որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել, 1935 թվականին Նավասը հիմնել է «La voz de Atlántida»[2] շաբաթաթերթը, որը հիմնականում նվիրված է եղել համաամերիկյան արվեստին, գրականությանը և գիտությանը[4][5]։ Այն դարձել է առաջին ֆեմինիստական ամսագիրը Հոնդուրասում[5], որն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծերությունը, ընտանեկան բռնությունը, ինցեստը, բռնաբարությունը, անօթևան երիտասարդությունը և կանանց ենթակայությունը[3]։
1946 թվականի փետրվարի 2-ին մի խումբ սուֆրաժետներ, նախագահ Օլիմպիա Վարելայի և մտավորականներ Լուսիլա Գամերո դե Մեդինայի, Արխենտինա Դիաս Լոսանոյի և Նավասի հետ կազմակերպել են «Պանամերիկյան կանանց ընկերությունը» (իսպ.՝ Sociedad Femenina Panamericana): 1947 թվականի մարտի 5-ին նրանք հիմնել են «Հոնդուրասի կանանց կոմիտեն» (իսպ.՝ Comité Femenino Hondureño), որը գործել է Միջամերիկյան կանանց հանձնաժողովին կից, որի նպատակն է եղել ապահովել կանանց քաղաքական իրավունքները։ Նրանք հրատարակել են «Mujer Americana»-ն, որը երկրի երրորդ ֆեմինիստական ամսագիրն է եղել Նավասի «Ատլանտիդա» և Քրիստինա Էրնանդես դե Գոմեսի «Ատենեա» ամսագրից հետո։ Դրա առաջին համարը լույս է տեսել Էլ Պրոգրեսոյում 1944 թվականին[6]։ 1947 թվականին Նավասը ներկայացրել է Հոնդուրասի կանանց դեմոկրատական միությունը (իսպ.՝ Unión Democrática Femenina Hondureña) Գվատեմալայի առաջին միջամերիկյան կոնգրեսում։ Այնտեղ նա վեհաժողովին ներկայացրել է Լատինական Ամերիկայի քաղբանտարկյալների և վտարանդիների թեման և դատապարտել 100 հոնդուրասցիների բռնի քաղաքական վտարումը Տիբուրսիո Կարիաս Անդինոյի դիկտատուրայի 14 տարիների ընթացքում[7]։
Այս համաժողովի ընթացքում Նավասը, լինելով աքսորյալ[3], ապրել է Գվատեմալայում՝ նրա նախագահ Խուան Խոսե Արևալոյի պաշտպանության ներքո։ Նավասն ապրել է Գվատեմալայում 1945-1951 թվականներին[8]։ Ռամոն Ամայա Ամադորը ապաստան է գտել նրա մոտ Գվատեմալայում։ Գվատեմալայում ապրելու ժամանակաշրջանը նշանավորվել է որպես նրա գրական գործունեության ամենաարդյունավետ շրջանը, մասամբ այն պատճառով, որ նա հնարավորություն է ունեցել հրատարակել իր աշխատանքները[3]։ 1947 թվականին լույս է տեսել Նավասի բանաստեղծությունների «Կրեոլական ռիթմեր» (իսպ.՝ Ritmos criollos) գիրքը, իսկ 1951 թվականին՝ «Ցեխ» (իսպ.՝ Barro) վեպը[8], որը փաստացի գրվել է 1940 թվականին, սակայն արգելվել է դրա հրատարակությունը Հոնդուրասում[3]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում միրգ հավաքողների համար նոր հիմնադրված աշխատանքային քաղաքում։ Դրանում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավման նպատակով ավանդական գյուղերից այդ բնակավայրում նրանց վերաբնակեցման հետ կապված խնդիրները, և բարձրացվել է օտարերկրացիների կողմից ազգային տարածքի շահագործման հարցը[9]։
Պակա Նավասը մահացել է 1971 թվականի հուլիսի 11-ին Սիեթլում (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ), ուր այցելել էր իր դստեր հետ[2]։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կրեոլական ռիթմեր» (իսպ.՝ Ritmos criollos, 1947),
- «Կրեոլական ռիթմեր» (իսպ.՝ Barro, 1951),
- «Կապիտալի ծովը» (իսպ.՝ Mar de fondo)[3],
- «Օլանչո հովիտ» (իսպ.՝ Campiña olanchana)[3],
- «Լռության ուղիներ» (իսպ.՝ Rutas de silencio)[3],
- «Մութ խուց» (իսպ.՝ Cámara obscura)[3],
- «Գայթակղել» (իսպ.՝ Atraídos)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Thais, Eva Personalidades valores femeninos de Honduras : (ensayos biográficos) ; 1970–1975. — 1. — Tegucigalpa: Alin Ed., 1999. — С. 133. — ISBN 978-99926-20-14-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 González, José (2011 թ․ դեկտեմբերի 13). «Paca Navas de Miralda». José González Paredes (իսպաներեն). Honduras. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Mayorga Alonzo, Wilfredo Honremos nuestra Honduras. — Honduras: Palibrio, 2015. — С. 29—30. — ISBN 978-1-5065-0280-9
- ↑ Chapa Bezanilla, María de los Ángeles Guía bibliográfica centroamericana del fondo Rafael Heliodoro Valle de la Biblioteca Nacional (1822–1968). — 1. — México, D.F.: Universidad Nacional Autónoma de México, 2005. — С. 41. — ISBN 970-32-2844-5
- ↑ 5,0 5,1 Villars, Rina Para la casa más que para el mundo: sufragismo y feminismo en la historia de Honduras. — 1. — Tegucigalpa: Ed. Guaymuras, 2001. — С. 313. — ISBN 978-99926-15-77-5
- ↑ «Villars (2001)», pp 312—313
- ↑ «Villars (2001)», pp 314
- ↑ 8,0 8,1 González, José Diccionario de literatos hondureños. — 2. — Tegucigalpa, Honduras: Editorial Guaymuras, 2004. — С. 106. — ISBN 99926-33-27-1
- ↑ Smith, Verity (editor) Encyclopedia of Latin American literature. — 1. — London [u.a.]: Fitzroy Dearborn, 1997. — С. 426. — ISBN 978-1-884964-18-3
|