Jump to content

Պալասիո Բարոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալասիո Բարոլո
Երկիր` Արգենտինա
Ճարտարապետական ոճ`մոդեռն
Ճարտարապետ`Մարիո Պալանտի
Քարտեզ
Քարտեզ

Պալասիո Բարոլո (իսպ.՝ Palacio Barolo, կամ Պասսաժ Բարոլո, Բարոլո պատկերասրահ), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Մոնսերատ շրջանի Ավենիդա դե Մայո պողոտայում գտնվող կառույց։ Շինարարության ժամանակ՝ 1923 թվականին, շենքը եղել է քաղաքի և ամբողջ Հարավային Ամերիկայի ամենաբարձր կառույցը։ Ընդգրկված է ազգային պատմական հուշարձանների ցանկում[1]:

Իտալացի ճարտարապետ Մարիո Պալանտին պալատը կառուցել է գործարարի Լուիս Բարոլոյի խնդրանքով։ Պալանտին նաև հեղինակել է շենքի տարրերի յուրօրինակ դիզայնը, ինչպիսիք են դռան բռնակներ, լամպեր, վերելակների ճաղավանդակներ։ 1923 թվականի հուլիսի 7-ին շենքը բացվել է հանրության համար[2]։ Մինչև 1935 թվականը կառույցը եղել է քաղաքի ամենաբարձր շենքը։ Պալասիո Բարոլոն Ուրուգվայի Մոնտևիդեո քաղաքում ունի իր նմանակ կառույցը՝ Պալասիո Սալվո, որի ճարտարապետը կրկին Մարիո Պալանտինն է։

Շենքի առաջին սեփականատերը նախատեսել է օգտագործել առաջին երեք հարկերը իր համար, իսկ մնացած մասը հանձնել վարձով։ Այսօր այն հանդիսանում է գրասենյակային շենք (այստեղ են տեղակայված 520 ընկերություններ)։ Շենքը լուսավորվում է 300 000 կանդելաներով։ Շենքի վերին մասում է գտնվում փարոսը, որն աշխատում է հատուկ առիթների դեպքում։ Շինարարության արժեքը կազմել է 4,5 միլիոն արգենտինական պեսո։ Կառուցման ընթացքում օգտագործվել է 650 տոննա պողպատ, 3500 տոննա աղյուս և 70000 տուփ պորտլանդցեմենտ։ Բոլոր դեկորատիվ նյութերը, այդ թվում Կարարայի մարմարը ներկրվել են[3]։

Պալասիո Բարոլո

22 հարկանի շենքի բարձրությունը 100 մետր է։ Պալանտին շենքը նախագծել է հիմնվելով Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» պոեմի վրա։ Շենքի հարկերը ճարտարապետը բաժանել է երեք մասերի՝ նկուղը խորհրդանշում է դժոխքը, 1-14-րդ հարկերը համարվում են այլաբանական քավարան, 15-22-րդ հարկերը խորհրդանշում են դրախտը։ Շենքի գագաթի փարոսը նման է «հրեշտակային հիերարխիայի»։ Ըստ մեկ այլ նախագծի՝ Պալասիո Բարոլոն պետք է լիներ մեծ բանաստեղծ Դանթեի դամբարանը, որի մասունքները ճարտարապետը նախատեսել էր տեղափոխել Բուենոս Այրես։

Շենքն ունի 9 վերելակ, 20 մետրանոց նկարազարդ առաստաղով սրահ։ Պալատի վերևում տեղադրված է փարոս, որի շնորհիվ շենքը կարելի է տեսնել նույնիսկ Ուրուգվայից։ 2009 թվականին շենքը վերանորոգվել է[4]։ 1997 թվականին Պալասիո Բարոլոն հռչակվել է ազգային պատմական հուշարձան[1]։ Շենքում գործում են մի քանի զբոսաշրջային գործակալություններ, օտարազգիների համար իսպաներենի դպրոց, խանութ, որտեղ տանգոյի համար զգեստներ են վաճառում։

Շենքի գագաթի փարոսի աշխատանքը վերսկսվել է 2009 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այն լուսավորել է Բուենոս Այրեսը 200-ամյա տոնակատարության շրջանակներում։ 2010 թվականի մայիսի 25-ից յուրաքանչյուր ամսվա 25-ին այն աշխատում է՝ լուսավորելով գիշերային Բուենոս Այրեսը[5]։

Պատմական լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Decreto 437/97
  2. Contreras Leonel (2005): Libro Rascacielos porteños: historia de la edificación en altura en Buenos Aires, 1580-2005 Արխիվացված 2011-09-08 Wayback Machine.
  3. Molinari Ricardo Luis (1980): Buenos Aires, 4 Siglos. Tipográfica Editora Argentina, Buenos Aires. 416 p.
  4. «Palacio Barolo» (իսպաներեն). Pbarolo.com.ar. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է accessdate=15 сентября 2011-ին. {{cite web}}: Missing pipe in: |accessdate= (օգնություն)
  5. «Página/12 :: Sociedad :: El Barolo volvió con su farola». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]