Չորս կատու (սրճարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Չորս կատու» սրճարանի մուտքը

Չորս կատու (իսպ.՝ Els Quatre Gats), սրճարան Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում, որ հայտնի է դարձել որպես կատալոնյան մոդեռնիզմի շրջանում հայտնի արվեստագետների հանդիպման վայր։ Բացվել է 1897 թվականի հունիսի 12-ին մոդեռնիստական ոճով նշանավոր Կասա Մարտի կառույցում փարիզյան «Սև կատու» սրճարանի նմանությամբ։ Այն եղել է հանրակացարան, բար-սրճարան, կաբարե` հետագայում վերածվելով Բարսելոնայի ամենահայտնի մոդեռն նկարիչների ու ճարտարապեների հանդիպման վայր։ Այստեղ են հավաքվել Պաբլո Պիկասոն, Ռամոն Կասաս ի Կարբոն։ Սրճարանը փակվել է 1903 թվականի հունիսին ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն վերաբացվել ու վերականգնվել է իր սկզբնական դրությամբ 1989 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պե Ռոմեուն մտադրություն է ունեցել բացել «Չորս կատու» սրճարանը ` ներշնչվելով ֆրանսիական «Սև կատու» (ֆր.՝ Le Chat Noir) սրճարանից, ուր նախկինում աշխատել էր[1]։ Le Chat Noir անվանումն անգլերեն թարգմանվում է «Սև կատու», սակայն այն մի փոքր տարբերվում է կատալոներեն տարբերակից. Els Quatre Gats նշանակում է չորս կատու, բայց այն ծագում է կատալոներեն արտահայտությունից, որ նշանակում է միայն մի քանի մարդ։ Արտահայտությունը սովորաբար կիրառվում է այն մարդկանց նկարագրելու համար, ովքեր մի փոքր տարօրինակ են կամ ընկալվում են «խաղից դուրս մնացած»[2]։ Ռոմեւոն որոշել էր սրճարանը ձևավորել փարիզյան սրճարանի նմանությամբ։ Նրան ֆինասապես սատարում են իր երեք ընկերները` Ռամոն Կասաս ի Կարբոն, Սանտյագո Ռուզինյոլը և Միգել Ուտրիլոն, ովքեր ժամանակի իսպանական մոդեռն նկարչության երեք կարկառուն ներկայացուցիչներն էին[3]։ Կասասը նույնիսկ հատուկ սրճարանի ինտերիերի համար նկարել էր առանձնահատուկ մի նկար` «Ռամոն Կասաս և Պերե Ռոմեու տանդեմը»։ Նկարում պատկերված էին Կասասն ու Ռոմեուն հեծանիվ վարելիս, իսկ հետևի պլանում նշմարվում էր Բարսելոնայի հորիզոնը։ Նկարի աջ անկյունում կա մակագրություն. «Հեծանիվ վարելու համար դուք չեք կարող գնալ` ձեր մեջքն ուղիղ պահած»։ Այս քաղվածքը ցույց է տալիս սրճարանի հիմնադիրների վերաբերմունքը այն բանին, որ հաջողության կամ ինչ-որ մեծ բանի հասնելու համար դուք պետք է խախտեք ավանդույթները[4]։ Նկարի բնօրինակն այժմ գտնվում է թանգարանում, իսկ սրճարանում կախված է նկարի կրկնօրինակը։

Սրճարանը բացվել է 1897 թվականի հունիսի 12-ին մոդեռնիստական ոճի կարևոր շինության մեջ, որ նախագծել էր բարսելոնացի ճարտարապետ Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկը։ Չորս տղամարդիկ ցանկանում էին, որ սրճարանը հայտնի դառնա ոչ միայն համեղ ուտեստներով ու խմիչքով, այլև ինչպես նկարագրել է Ռուզինյոլը, «հոգևոր սնունդով» կամ մթնոլորտով, որում կարող էին հանդիպել նկարիչները իրենց աշխատանքներն ու օրվա նորությունները քննարկելու համար[5]։ Սրճարանն աչքի էր ընկնում դաշնամուրային երաժշտությամբ, և կարճ ժամանակահատվածում այն դարձավ ժամանակի բոհեմական նկարիչների, այդ թվում` Կասասի և Ռուզինյոլի, նաև ճարտարապետների, օրինակ` Անտոնիո Գաուդիի, քանդակագործների, օրինակ` Հուլիո Գոնսալեսի հանդիպման հանրաճանաչ վայրը։ Քանի որ սրճարանը մեծ համբավ էր ձեռք բերել երիտասարդ նկարիչ մոդեռնիստականների շրջանում, այնտեղ հաճախ էին այցելում նաև Բարսելոնայի բոհեմական ու մոդեռնիստական աշխարհի ամենատարբեր ներկայացուցիչներ, ովքեր սրճարանի պատերից ներս ներկա էին լինում ելույթների, համերգների, գեղարվեստական ցուցահանդեսների, գրական հավաքների, քննարկումների։ 1899 թվականին 17 տարեկան հասակում «Չորս կատու» սրճարան է սկսում այցելել Պաբլո Պիկասոն և նույնիսկ գլխավոր սրահում կազմակերպում է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցանակը, որ ներկայումս կանգնեցված է սրճարանի փողոցի անկյունում, նախագծել է Պիկասոն[3]։

«Ռամոն Կասաս և Պերե Ռոմեու տանդեմը», Ռամոն Կասաս

Ցավոք, Ռոմեուն հաշվենկատ բիզնեսմեն չէր և հաճախ էր թույլ տալիս, որ իր ընկերները կերակուր պատվիրեն ցածր գներով` երբեմն նույնիսկ ընդհանրապես վճար չպահանջելով դրա դիմաց։ Այս պատճառով «Չորս կատու» սրճարանը 1903 թվականի հունիսին փակվում է։ Սրճարանի ժառանգությունը պահպանվում է Ռամոն Կասասի և Միգել Ուտրիլոյի ջանքերի շնորհիվ։ Երկու տղամարդիկ սրճարանի փակվելուց հետո հինգ տարիների ընթացքում շարունակում էին ներկայացնել գրական տեղեկատու` ոգևորված սրճարանի մթնոլորտով։ Ի վերջո, Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից և Իսպանիայում ժողովրդավարության հաստատումից հետո 1970-ական թվականներին նշանավոր երեք բիզնեսմեններ` Պերե Մոտոն, Ռիկարդ Ալսինան և Անա Վերդեգերը, իսպանական կառավարության առաջարկով սկսում են ջանքեր գործադրել սրճարանն իր նախնական ուղղվածությամբ վերականգնելու համար։ Առաջարկի մեջ նշվում էր, որ սրճարանի վերաբացումը օգուտ կբերի Բարսելոնայի մշակութային միջավայրին, ինչը մեծ նշանակություն կունենար Կատալոնիան Ֆրանկոյի ազդեցությունից դուրս բերելուց հետո։ 1978 թվականին նշանավոր սրճարանը վերջիվերջո բացվում է հասարակության համար, իսկ 1991 թվականին Կասա Մարտան վերականգնվում է իր նախնական տեսքով[5]։

Նշանավոր այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի մոդեռնիստական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասա Մարտիի ճակատամաս, Սուրբ Հովսեփ քանդակ

«Չորս կատու» սրճարանը գտնվում է մոդեռնիստական նշանավոր Կասա Մարտի շինության առաջին հարկում, որ նախագծել է Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկը 1896 թվականին։ Սրճարանը տեղակայված է միջնադարյան դղյակի արտաքինով շենքում, որտեղ սրճարանի մուտքը գտնվում է ձեղնահարկում` կառուցված եվրոպական գոթական ոճով։ Շինության ընդհանուր տեսքն ավելի շատ նման է հյուսիսեվրոպական և ոչ թե կատալոնական ոճին, սակայն այն զարդարված է կատալոնյան մոդեռնի դասական ոճին համապատասխան։ Այս զարդարանքներն ընդգրկում են շենքի երկաթյա մասերը, վիտրաժներն ու քանդակները, որոնք տեղադրված են շենքի անկյուններում[3]։ Կռած երկաթից աշխատանքների հեղինակը Մանուել Բալերինն է, իսկ քանդակներինը` բարսելոնացի նշանավոր քանդակագործ Եվսեբի Առնաուն[3][6]։ Սուրբ Հովսեփի քանդակի հեղինակը Ժոզեպ Լիմոնան է[7]։ Ցավոք, սուրբ Հովսեփի քանդակի բնօրինակը չի պահպանվել. այն ոչնչացել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ տեղադրվածը նրա կրկնօրինակն է։

Շինության պատշգամբները նախագծվել են կատալոնական ար-նուվեո ոճով. այս անվանումն է ստացել Բարսելոնայի և ամբողջ Կատալոնիայի մոդեռն ուղղությունը։ Ճարտարապետական այս ոճը նկատելի է նաև վիտրաժերում, որոնք առկա են գոթական ոճի սուր ծայրերով մեծ կամարներում։ Շենքի կահույքի ձեռքբերումը ֆինանսավորել է Ռամոն Կասասը. այն ոչ թե մոդեռն, այլ միջնադարյան դիզայներական ոճով է։ Շնորհիվ այն բանի, որ շենքի ճարտարապետության մեջ միահյուսվել են տարբեր ոճեր` գոթական, միջնադարյան, կատալոնական մոդեռն, կառույցը դարձել է մոդեռն ճարտարապետության հրաշալի օրինակ։ 1976 թվականի հունվարի 9-ին շենքը հռչակվել է Բնական մշակութային հետաքրքրությունների օբյեկտ[8]։

Գրական տեղեկատու[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին առաջին անգամ հրատարակվել է «Չորս կատու» գրական տեղեկատուն[9]։ Ամսագիրը ներառել է տարբեր մոդեռն հեղինակների հոդվածներ, որոնց մեծ մասի հեղինակները եղել են համանուն սրճարանի երկու հիմնադիրները` Ռամոն Կասասը և Միգել Ուտրիլոն[10]։ Տեղեկատուն սրճարանի օրինակով գրական-գեղարվեստական հարթակ է հանդիսացել կատալոնական մոդեռնիզմի համար։ Գրական այս տեղեկատուի նպատակն այն էր, որ Բարսելոնայի լայն հասարակությունը տեղեկացվի քաղաքի մոդեռն նկարիչների գաղափարնեիրն ու մտքերին նրանց ստեղծագործությունները ներկայացնելու միջոցով։ Ամսագրում հոդվածները կրել են ինչպես լուրջ բնույթ, այնպես էլ հումորային. նրանց մեծ մասը գրվել է արվեստագետների ստեղծագործությունները պաշտպանելու նպատակով։ Այն բանից հետո, երբ տեղեկատուն դադարել է հրատարակվել (տպագրվել է ընդամենը 15 համար), այս ավանդույթը շարունակել է Els Quatre Gats. Pel y Ploma ամսագիրը, անգլերենով` Hair and Feather (1899-1903), իսկ հետո թողարկվել է երրորդ ամսագիրը` Forma[9]:

Ռամոն Կասասը և Միգել Ուտրիլոն շարունակել են հիմնական դերակատարում ունենալ երկու ամսագրերում էլ` սրճարանի ավանդույթները պահպանելով նաև դրա փակվելուց հետո։ Երրորդ ամսագիրը բաժանորդագրություն չի ունեցել և փակվել է 1908 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McCully, Marilyn (1978). Els Quarte Gats: Art in Barcelona Around 1900. Princeton University Press. էջ 64.
  2. «Barcelona.de - Catalan art nouveau from 1878 to around 1910». www.barcelona.de. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Casa Martí - 'Els 4 gats'». www.barcelonaturisme.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Ramon Casas and Pere Romeu on a Tandem by Ramon Casas». webcache.googleusercontent.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. 5,0 5,1 5,2 «History | 4gats». 4gats. 2015 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Casa Martí - Els 4 Gats -Barcelona Modernista i Singular». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Casa Martí - Els 4 Gats. - Barcelona Modernista i Singular». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Cercle Artistic de Sant Lluc». www.santlluc.cat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 «Quatre gats». www.cervantesvirtual.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Coll, Isabel (2006). Ramon Casa. էջ 34.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McCully, M. (1978) Els Quatre Gats: Art in Barcelona around 1900. Princeton University Press, Princeton

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]